Մեկ օրում հերոսը կարող է դառնալ հակահերոս, «կինոյի տղեն»՝ Հուդա

Մեկ օրում հերոսը կարող է դառնալ հակահերոս, «կինոյի տղեն»՝ Հուդա

Ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունից հետո իշխանության քայլերը, հայտարարությունները տպավորություն են թողնում, թե Հայաստանը թեւակոխում է հեղափոխության երկրորդ փուլ՝ ճնշումների եւ ռեպրեսիաների: Նախ հայտարարվեց, թե դժգոհություններ են ունեցել ուժայինների ղեկավարներից, որ նրանք նախկին կոռումպացվածների դեմ լիարժեք չեն աշխատել, եւ ասվեց, որ փորձ է արվում ուժային մարմինները դուրս բերել նախկին օլիգարխիկ տրամաբանությունից: «Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, համակարգ է եւ գալու է «բոլոր կոռուպցիոներների, լրտեսների եւ այս կարգի այլ տարրերի հետեւից»,- նախօրեին իր էջում հայտարարել է վարչապետը: Փաշինյանը շեշտել է․ «Կոռուպցիայի եւ հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու: Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում: Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա»: 

Արդյոք հեղափոխության նոր՝ ավելի ռեպրեսիվ փո՞ւլ է ազդարարվում․ «Իմ քայլի» պատգամավոր Գոռ Գեւորգյանը բացասական պատասխան տվեց. «Ընդամենը կառուցվածքային փոփոխություններ են, որովհետեւ հեղափոխությունն ավելի հայեցակարգային լուրջ խնդիրներ է առաջադրում»: Նա շեշտում է՝ նախկինում էլ վենդետա չի եղել եւ չի լինի ո՛չ ներկայում, ո՛չ ապագայում, Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ գրառումն ամենեւին այդ մասին չէ. «Կա իրավական գործընթաց, որը տարածվում է այն մարդկանց վրա, որոնք երբեւէ ներգրավված են եղել ֆինանսական մեկենասությունների, խարդախությունների, պետությանը վնաս հասցնելու գործընթացում: Այո, ես էլ եմ ասում՝ այս մարդկանց պետք է պատասխանատվության ենթարկել: Այս առումով վարչապետը նոր բան չի ասել, քան եղել են հեղափոխության, նախընտրական քարոզչության ընթացքում»:

Պատգամավորը վստահեցրեց, որ ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի փոփոխությունները պայմանավորված չեն կոռուպցիայի դեմ նվազ կամ թույլ պայքարի հանգամանքով. «Հայաստանում այժմ գործում է քաղաքական համակարգ, եւ կոռուպցիայի դեմ պայքարը տարվում է համակարգի միջոցով եւ ո՛չ անհատների, թեպետ այդ անհատներն ունեն իրենց գործունեությունը համակարգի շրջանակներում: Այդուհանդերձ, կադրային փոփոխությունները բացառապես կատարվում են տվյալ մարդու կողմից այս կամ այն գործառույթը տվյալ համակարգում ամբողջությամբ կամ մասնակի ոչ որակյալ կատարելու դեպքում: Եթե կա խնդիր ու չի կարգավորվում, ապա պետք է բերել այլ թեկնածուի, եւ, ուրեմն, այլ ենթադրություններ պետք չէ անել, հատկապես, որ ամեն ինչ այնքան թափանցիկ է արվում, որ ցանկացած քաղաքացի դա տեսնում է»: Արդյոք պաշտոնանկ եղած երկու պաշտոնյաները թերի՞ էին կատարում քաղաքական ուժի ծրագրերը, եւ միայն նրա՞նք, հնարավո՞ր են նոր փոփոխություններ։ Պատգամավորը հստակ չպատասխանեց, ասաց միայն՝ երբ վարչապետը որեւէ մեկի պարագայում նման փաստեր ունենա, ապա նա էլ կհամալրի գնացողների շարքը: 

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը համաձայն չէ, թե գործընթացները թափանցիկ են։ «Անկեղծ ասած՝ ինձ միշտ՝ դեռեւս լրագրող ժամանակներից, հաջողվել է կանխատեսում անել քաղաքական հնարավոր զարգացումների մասին: Սակայն այս իշխանության ժամանակ ես կորցրել եմ իմ այդ ունակությունը, բայց խնդիրը ոչ թե իմ մեջ է, այլ այս իշխանության բացարձակ անկանխատեսելիության մեջ: Ուստի չեմ կարող ասել, թե վերջին պաշտոնանկություններով, կոշտ հայտարարություններով իշխանությունն ինչի է գնում: Որովհետեւ կարող է պարզվել, որ սրանք ընդամենը դրվագային լուծումներ էին եւ ոչ ավելին: Երբ կա տրամաբանական կանխատեսելիություն, դու կարող ես քաղաքական եւ քաղաքագիտական պատասխան տալ, բայց երբ չես տեսնում կանխատեսելի, տրամաբանական քայլեր, ապա դու պիտի Վանգայի նման գցես-բռնես, 50/50-ի տրամաբանությունն է աշխատում, իսկ 50/50-ն իմ ժանրը չէ, ուստի չեմ կարող հստակ պատասխանել Ձեր հարցին, թե ինչ զարգացումներ են սպասվում»: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունը, թե ուժային ղեկավարներից կար դժգոհություն, եւ ակնարկները, որ նրանք համագործակցում էին նախկին «կոռումպացվածների» հետ, չի՞ ենթադրում, որ առաջիկայում իշխանությունը կոշտ միջոցներով հիմնավորելու է այս թեզը։ «Բայց ես որքան հիշում եմ, նույն Վանեցյանին մեկուկես ամիս առաջ գեներալի ուսադիրներ շնորհեցին, Օսիպյանին՝ եւս, ես չեմ կարծում, թե վատ աշխատանքի դեպքում գեներալի ուսադիրներ պետք է շնորհեին: Որքան հիշում եմ՝ նույն «Իմ քայլի» պատգամավորների համար Վանեցյանը տեւական ժամանակ կինոյի գլխավոր հերոսն էր՝ Ալեն Դելոն, Ժերայր Դեպարդիե, Ջուդ Լոու միասին վերցրած՝ տրի վ ադնոմ: Ես հասկանում եմ, որ իշխանությունն ունի ժանրի կանոնները, եւ մեկ օրում հերոսը կարող է դառնալ հակահերոս, մեկ օրում կինոյի տղան կարող է դառնալ Հուդա, բայց այդ պրոցեսն աղերս չունի բարոյականության հետ»: Զոհրաբյանը չի կարող ասել, թե որն է պաշտոնանկությունների իրական նպատակը. «Վանեցյանի բավականին կոշտ տեքստը, որտեղ ակնարկներ կային տարաձայնությունների, ոչ էլ Օսիպյանի խորը լռությունը չտվեցին այդ հարցի պատասխանը եւ ոչ էլ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարզաբանումները՝ ով ումից էր դժգոհ, իրականում եղել են հրաժարականնե՞ր, թե՞ պաշտոնանկություններ, չենք կարող խորը եզրակացություններ անել»: