Դատական համակարգը վտանգի տակ է

Դատական համակարգը վտանգի տակ է

Երեկ դատական համակարգի մասին երկու լուր տարածվեց։ Մեկն այն է, որ Գագիկ Ջհանգիրյանի ընտրությունը վիճարկած դատավորը՝ Կարինե Պետրոսյանը, որը հետապնդումների էր ենթարկվում, հրաժարականի դիմում գրեց։ Եվ տեղեկացանք, որ Բարձրագույն դատական խորհրդում, որն ավելի շատ պետք է դատավորների պաշտպանը լինի եւ նրանց անկախության երաշխավորը, մի շարք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվել, եւ դրանք օր-օրի ավելանում են։

Մեծ մասը՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դիմումների հիման վրա, որոշ մասն էլ՝ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից։ Մայիս ամիսը դեռ չի կիսվել, սակայն անցած տասն օրվա մեջ 3 դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Նրանց մեջ է նաեւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը։ Նաիրա Գրիգորյանի վերաբերյալ նիստը ԲԴԽ-ում նշանակվել է մայիսի 17-ին։

Նշենք, որ վերջերս ԱԺ-ն ընդունեց մի օրենք, ըստ որի՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք եւս կարող են դիմել ԲԴԽ-ին՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար։ Այս որոշումը դրականորեն չընդունվեց դատական համակարգում։