Կեղծիքի խորհրդանիշը

Կեղծիքի խորհրդանիշը

Մի քանի օր առաջ ադրբեջանական կողմը կարճընթաց տեսահոլովակ էր տարածել, թե ինչպես է հնդիկ զբոսաշրջիկների խումբը զվարճանում Բաքվի «սրբություն սրբոց»վայրում՝ այսպես կոչված՝ «շեհիդների ծառուղում»: Դա մի վայր է, որտեղ 1992թ. հունվարի 22-ին հողին են հանձնվել «խորհրդային բանակի կողմից անգթաբար սպանված՝ ազատության եւ անկախության պայքարի քաջամարտիկների աճյունները»:

Դեպքերի 30-րդ տարելիցի նախօրերին տարածվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հորդորը, որով անգլիացի զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում Ադրբեջան այցելելիս «չնկարահանել «շեհիդների ծառուղին»՝ հարգելով տեղական ավանդույթները»: Թե ի՞նչ է թաքնված դրա տակ՝ դժվար է ասել: Իրականություն է, որ ԽՍՀՄ պաշտպանության նախարար մարշալ Յազովը երկրի բարձրագույն ատյանի՝ Գերագույն խորհրդի ամբիոնից հայտարարել է, որ Բաքվում հողին է հանձնվել 48 դիակ, բայց փորվել 131 գերեզման: Յազովն անմիջապես եւ ուղղակիորեն գլխավորել է Բաքու զորքեր մտցնելու գործողությունը, այդ օրերին քաղաքում գործել է արտակարգ դրություն, իշխանություն փաստացի իրականացրել են զինվորականները եւ նրան են առաջին հերթին զեկուցել սպանվածների եւ վիրավորների իրական թվերը:

Ըստ երեւույթին, բրիտանական ԱԳՆ-ի մոտ էլ այս առումով ծագել են հարցեր եւ սկանդալներից խուսափելու համար այնտեղ պարզապես հարմար են գտել Բաքու այցելող զբոսաշրջիկներին հորդորել, որ հեռու մնան «շեհիդների ծառուղուց»: Խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմն սպանվածներին, անկախ նրանց իրական քանակից, ներկայացնում է որպես բացառապես խաղաղ մարդկանց, որոնք «գազանաբար սպանվել են»: Բաքու զորքեր են մտցվել 1990թ. հունվարի 20-ի  00 ժամից սկսած: Եւ եթե հաշվի առնենք, որ երկու ուղղությամբ առաջ շարժվող զինվորական շարասյուններն իրենց ճանապարհին հանդիպել են բարիկադների, ապա զինվորականներն Ադրբեջանի մայրաքաղաք են մտել ավելի ուշ՝ խոր գիշերային ժամերին, երբ «խաղաղ» մարդիկ պետք է որ լինեին իրենց տներում ու բնակարաններում, այլ ոչ թե՝ փողոցներում, հանգուցային խաչմերուկներում կամ զորամասերի եւ հրամանատարական կետերի մոտ: Ո՞վ է հունվարի 20-ի խոր գիշերով մարդկանց փողոցներ հանել: Ամենակարեւորը՝ ինչու՞: Փորձել են կենդանի արգելապատնեշնե՞ր դնել զորքերի ճանապարհին: Մտածել են, որ բանակը կա՞նգ կառնի: Իսկ ովքե՞ր են կրակ բացել քաղաք մտած զինվորականների վրա:

Ովքե՞ր են պատանդ վերցրել Բաքվի ծովախորշում կառանված ռազմանավերի նավաստիներին, համազորային ուսումնարանի կուրսանտներին: Կանա՞յք, ծերեր ու երեխանե՞ր: Իր «Больше, чем одна жизнь» հուշագրության մեջ այդ օրերին Ադրբեջանի ՊԱԿ-ի նախագահի պաշտոնն զբաղեցրած Վագիֆ Հուսեյնովը ներկայացրել է Բաքվի տաքսամոտորային կազմակերպության ռադիոկապով ԱԺՃ զինված խմբերի պարագլուխների միջեւ խոսակցությունների՝ իր ենթակաների կողմից պելենգավորված եւ ձայնագրված սղագրությունները: Դրանք հիշեցնում են ռազմաճակատային հաղորդագրություններ: Նույն տեղում նա, առանց փակագծեր բացելու, վկայում է, որ Մոսկվայի հատուկ ներկայացուցիչ Եվգենի Պրիմակովն իրեն է ներկայացրել ԱԺՃ առաջնորդներից Էթիբար Մամեդովի՝  Թուրքիայում «մեկի» հետ 18 րոպե տեւած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որից ինքը հասկացել է, որ թուրքական ներկայացուցիչը փորձում է ինչ-որ բանում արդարանալ: Ինչի՞ մասին է խոսքը: Եղել է Թուրքիա-Ադրբեջանի ժողովրդական ճակատ ինչ-որ պայմանավորվածություն՝ Բաքվի ապստամբներին թուրքական կողմից զինված աջակցություն ցուցաբերու մասին, բայց վերջին պահին Անկարան հե՞տ է կանգնել որոշումից: Դա՞ է ցանկացել ապացուցել Պրիմակովը՝ երեւի ոչ ոք չկարողանա պարզել:  Իրականության գոնե մոտավոր պատկերը կարող է տալ Ռուսաստանը, որի պատկան մարմիններն, ամենայն հավանականությամբ, արխիվներում ունեն բազմաթիվ նյութեր: Կհրապարակայնացվե՞ն դրանք երբեւէ: Որեւէ մեկը նման խնդիր բարձրացրե՞լ է Ռուսաստանի առջեւ: