Այս հարցում Իրանն ու ԱՄՆ-ն դաշնակիցներ են

«Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրում ենք այսօր, ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ»,- այս մասին ԱՄՆ պետքարտուղարությունում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ կանոնադրությունը ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում։
«Մեր հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, վերջին տարիներին նշանակալի զարգացում են ապրել»,- ընդգծել է Միրզոյանը՝ շարունակելով, որ դրանք հասել են այնպիսի մակարդակի, որի դեպքում ռազմավարական գործընկերության հաստատումը ոչ միայն համապատասխանում է ներկայիս իրողություններին, այլև էական նշանակություն ունի բարդ աշխարհաքաղաքական համատեքստում։ Միրզոյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ու նրա թիմին այս ճանապարհին համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար. «Խորապես գնահատում ենք ԱՄՆ հաստատուն աջակցությունը Հայաստանի անկախությանն, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նույնքան կարևոր է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և տնտեսական դիմակայունության խթանման գործում»,- ասել է Միրզոյանը։ Նա նաև ասաց, որ Հայաստանը խորապես գնահատում է ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության խթանման գործում։
«Մենք կարծում ենք, որ կայուն և բարգավաճող Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանային բոլոր դերակատարների և ավելի լայն միջազգային հանրության շահերից: Հայաստանը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ այս ընդհանուր նպատակին հասնելու համար, ուրախ նաև հայտարարելու, որ համաշխարհային անվտանգության հանդեպ ընդհանուր հանձնառության ոգով Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ հավելյալ ընդգծելով մեր նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով, համատեղ գործողություններն էական նշանակություն ունեն այս սպառնալիքը հասցեագրելու գործում։ «Մենք նաև սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։ Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով։ Նայելով ապագային՝ մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ մեր Ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված հավակնոտ նպատակներն իրագործելու ուղղությամբ։ Հարգելի՛ բարեկամներ, թող այս Կանոնադրությունը ծառայի որպես Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարաբերությունների խորացման վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ»,- ասաց Միրզոյանը։
Ի՞նչ ասել է՝ Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային», ի՞նչ արձագանք կտա այս ամենին Իրանը: Ի՞նչ է ակնարկում հայկական կողմը: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում իր դիրքորոշմամբ հանդես եկավ իրանագետ Վարդան Ոսկանյանը.
«Պետք է նշել, որ Իսլամական պետություն ահաբեկչական կառույցի դեմ պայքարի ամենաակտիվ մասնակիցն ու ջատագովն Իրանն է, 2014 թվականին Իրաքում` Իսլամական պետության դեմ մղվող պայքարում կարևոր ազդեցություն ունեցան թե Իրանը, և թե պրոիրանական ուժերը, հետևաբար՝ եթե այս համատեքստում Իրանի դիրքորոշումն ենք գնահատում, ապա իրանցիները առաջինն են այդ ահաբեկչական կառույցի դեմ պայքարողները: Հայաստանն այս ամենից կարող է լուրջ օգուտներ քաղել, եթե օրինակ` ԱՄՆ-Իրան ջանքերը հայկական պլատֆորմում, հայկական համագործակցություն ձևավորելու առումով, և առհասարակ, հակաահաբեկչական պայքարի համատեքստում հարցը պետք է մնացյալ հարթակում քննարկվի: 44-օրյա պատերազմի փորձը ցույց տվեց, թե ինչպես են Սիրիայում գտնվող զանազան ահաբեկչական կառույցները մասնակցում Արցախի Հանրապետության դեմ պատերազմում: Նման ձևաչափը մեզ համար կարող է լինել օգտակար, բայց ցանկացած ձևաչափ նաև մարտահրավեր է: Դրանցից ամենակարևորն այն է, որ Հայաստանը թեպետ ահաբեկչության դեմ պայքարում լավ գործ է փորձում անել, սակայն կարող է դիտարկվել որպես ահաբեկչական թիրախ` նման կառույցների կողմից, հետևաբար պետք է մարտահրավերը կարողանալ կառավարել` օգտագործելով հնարավորությունները: Իրանի դիրքորոշումն այս հարցում նույնական է: Իրանը ևս կարծում է, որ Իսլամական պետությունն ահաբեկչական կառույց է: Իրանը ակտիվ պայքար է տարել այդ ամենի դեմ: Այս հարցում Իրանն ու ԱՄՆ-ն դաշնակիցներ են, սակայն` գաղափարական դաշտում», - ասում է իրանագետը:
Իսկ ինչպե՞ս կվերաբերվի Իրանը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը. «Անկեղծ ասած՝ դեռևս ոչինչ հստակ չէ, որոշ շրջանակներ ուռճացված են ներկայացնում: Իրանական կողմից պաշտոնական և ոչ պաշտոնական արձագանքներ դեռևս չկան», - նշեց Ոսկանյանը:
Կարծիքներ