Ռացիոնալ մտածողությունից անդին

Ռացիոնալ մտածողությունից անդին

Ռուբեն Մխիթարյանը (ով ծնվել է Գյումրիում, եւ ում համար մնացածն էական չէ, չնայած ինքը ռեժիսոր է, պրոդյուսեր, նաեւ՝ երգիչ) երեք կարճ հարցի մեջ խտացրել է մեր իրականության ողջ ողբերգականությունը: Ցանկացած ընդդիմությանն ուղղված այդ հարցերն են. «Արդյո՞ք ժողովուրդն ուզում է, որ նրան փրկեն: Արդյո՞ք ժողովուրդն ուզում է, որ հենց դուք նրան փրկեք: Արդյո՞ք դուք կարող եք նրան փրկել»: Փորձեմ անկեղծորեն պատասխանել այդ հարցերին, քանի որ պահանջվում է զերծ մնալ ինքնախաբեությունից: Որովհետեւ դրա առկայության դեպքում, ըստ պայմանի, ոչինչ չի ստացվելու: 

Ինչեւէ. առաջին հարցի առումով իմ պատասխանն է. եթե ժողովուրդը ցանկանար, որ իրեն փրկեին, ապա ինքը փրկողներին ընդառաջ քայլ կկատարեր: Ինչն իրենից որեւէ դժվարություն չէր ներկայացնում: 2021 թ. հունիսի 20-ին քվեախցիկում կքվեարկեր ընդդեմ Նիկոլի, այսինքն՝ հանուն իր փրկության: Սակայն 2-2,5 միլիոն ընտրողից 688 հազարը ձայն տվեց Նիկոլին, իսկ 800 հազարն էլ ընդհանրապես տնից ընտրատեղամաս գնալու քայլ չկատարեց: Այսպիսով, ժողովրդի մեծամասնությունը հրաժարվեց փրկվելու հնարավորությունն օգտագործելուց: 

Երկրորդի առումով պատասխանը. ժողովուրդը 2018-ի ապրիլին «գտավ» այն անձին, ով, իր կարծիքով, փրկելու էր իրեն: Եվ նույնիսկ 44-օրյա պատերազմի պարտությունից հետո էլ չհրաժարվեց այդ «փրկչից»: Դա նշանակում է, որ երկրորդ «փրկիչը» նրան պետք չէ: Եթե լիներ դրա անհրաժեշտությունը, ապա ժողովուրդը մեկուկես տարում կգնար մեկ այլ «փրկչի» հետեւից կամ կօգտվեր 2021 թ. հունիսի 20-ին իրեն ընձեռված հնարավորությունից: 

Եվ երրորդի առումով պատասխանը. ոչ մեկն էլ չի կարող փրկել այն մարդուն, ով օբյեկտիվորեն կարիք ունի փրկվելու, սակայն չունի դրա գիտակցությունը եւ, բնականաբար, փրկվելու ցանկությունը: Նույնն ամբողջությամբ վերաբերում է այդպիսի մարդկանց բազմությանը, որ կրում է «ժողովուրդ» անվանումը: Եվ եթե առանձին մարդու առումով կարելի է փորձել նրան կործանվելուց հետ պահել, ապա նույնը նման մարդկանց բազմության հետ անելը ֆանտաստիկայի ժանրից է: Միայն այդ տարբերակով հնարավոր կլինի կազմակերպել նրա փրկությունը:

Ի դեպ, ֆանտաստիկայի ժանրից էր նաեւ 1918-ին առաջին հանրապետության կազմավորումն Անդրկովկասի հայաբնակ տարածքների վրա: Հենց միայն անկախության հռչակումն է խոսում ինքն իր մասին. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»: Հուսով եմ, այս օրերին եւս մեր փրկությունը կլինի նույն տարբերակով: Քանի որ ռացիոնալ մտածողության տեսակետից այն կյանքի կոչվելու բացարձակ որեւէ հնարավորություն չունի: