Պատմության դասերից մի փախեք

Պատմության դասերից մի փախեք

Բոլորը մեզ կոտորել են, մեր երկիրը թալանել, մեր հողերը զավթել ու մեր եկեղեցիները քանդել են, իսկ մենք մեզ մխիթարել ենք միայն նրանով, որ աշխարհի հզոր տերություններից գոնե մեկը մի օր հաշվի կառնի մեր աշխարհը ոգեղենացնող  մշակույթը, անաղարտ կրոնն ու ազգային «բացառիկությունը» և մեզ փրկության ձեռք կմեկնի։ Լա՜վ նայեք Սասունցի Դավիթի արձանին։ Այնտեղ տեսնու՞մ եք ժայռաղբյուր։ Դա մեր ակունք-ժողովրդի խորհրդանիշն է։ Այդ ակունքից է ծնվում  մեր ազատարար ուժի կրողը՝ Քուռկիկ Ջալալուն նստած ծուռ Դավիթը։

Եկեք վերջապես հասկանանք, որ մեր զուլալ ակունքը թողած, ուրիշի գետերի ու ծովերի վրա հույս դնելը քաղաքական անհեթեթություն է։ Հայ ժողովուրդն իր էպոսում վաղուց բոլոր ժամանակների համար Հայաստանի քաղաքական ծրագրերն արդեն գրել է, իսկ պատմությունը հազար անգամ արդեն ապացուցել է հայ ժողովրդի խորունկ ակունքներից կտրված, դատարկամիտ ու ապարդյուն մեր պետական առաջնորդների առաքելության աղետաբերությունը։ Պատմության դասերից մի փախեք։

Այսօր Նիկոլը, բացի մորուքից, ինչո՞վ է տարբերվում Խրիմյան Հայրիկից, որն իր կյանքը մաշեց թղթե շերեփով աշխարհի «պայծառ, արդար ու մարդասեր» պետություններից մեր երկրի համար օգնություն հայցելով։ Աշխարհը, բացի մեր ազգին իր ինքնությունից շեղող բարքերից ու աղանդներից, ցայսօր ուրիշ ի՞նչ ներդրում է արել Հայաստանում։ Չարչիանոցների դարդից տեղ էլ չի մնացել Երևանի երկաթգծի կայարանի տարածքում, որ Սասունցի Դավթի արձանի կողքին, «Բոինգ»-ից իջնող սթրինգավոր հայ նոր դյուցազնի արձանը կանգնեցնենք, այլապես աշխարհից հետ ենք մնալու։ Իսկ այն,  որ երկաթգիծ չունենք՝ ոչինչ, մանրուք է։

Չի բացառվում, որ մի օր Երևանում Դավիթ Անհաղթի արձանը կփոխարինվի Աշոծյանի արձանով, որը պատվանդանից աշխարհին կնայի աղվեսի կողմից թալանված իր բնին նայող կաչաղակի զարմացած աչքերով։

ՀՀ իշխանական այրեր, ինչքան ուզում եք խալի լվացեք, փողոցներում սիգարեթի մնացուկներ հավաքեք, դա մեզ բան չի տա։ Այ, խերի մեջ կկորեք, եթե ամեն մեկդ մի-մի աղբարկղ շալակած շրջեք Երևանի փողոցներում ու Սանիթեքին օգնեք։ Դա արդեն կլիներ պետական նոր մտածողություն։ Եթե մեկդ մի անգամ գոնե  օպերայում եղած լինեիք, այնտեղ կտեսնեիք, որ եթե երգիչը ձայնային մեծ սպեկտոր չունի,  նրան ոչ գրիմն է օգնում, ոչ էլ բարձրարվեստ բեմավիճակը, մեկ է՝ ծափ տվող չի լինի։ Այնպես որ, խալի լվանալը ձեզ կգեղեցկացներ միայն այն դեպքում, երբ դուք մեր պետության ու ժողովրդի համար մեծ ու նշանակալի գործեր կատարելուց հետո դա անեիք։   
Մեզ գողականացրել ու ռաբիզացրել են միայն մեր պետության տգետ ու գողամիտ ղեկավարները, որոնք երկրում օրինապահական համակարգը դարձրել էին իրենց անձնական եկամտի աղբյուրը։ Մեր Հասարակությանը արդարադատության ու արդարամտության սկզբունքները վերջին տասնամյակների ընթացքում թելադրում ու սովորեցնում էին միայն բանտային ու թաղային հեղինակությունները։ Ամեն ինչ ծանոթով ու փողով լուծելը, տանիքների ներքո գործելն ու միայն նյութական շահի համար ապրելը դարձել էր ազգային ֆունդամենտալ սովորույթ։ Պատմության դասերից մի փախեք։

Անցյալ դարի 20-ականներին, երբ Հայաստանը փլատակների տակից հանելու և մեր քաղաքներն ու գյուղերը վերակենդանացնելու համար հնարավորություն էր ընձեռնվել, երկրի ղեկավարությունը ժողովրդի բերանից կտրում էր և թատրոնների, մշակույթի կենտրոնների ու կրթական հաստատությունների համար շենքեր էր կառուցում։ Արտասահմանից հայրենադարձվում էին հայ ճարտարապետներն ու նկարիչները։ Ամեն ինչ արվում էր գիտության զարգացման համար։ Իսկ այսօր արդեն Հայաստանի բոլոր բեմերը  զավթել են փողոցային ու կենցաղագրական սյուժեներով կինոներն ու ռաբիս երաժշտության համերգները։ Գիտությունների ազգային ակադեմիայի ամբիոններում մկներն են ելույթ ունենում։ Մեր ազգի սերուցքը Հայաստանը մեկընդմիշտ լքել է։ Եթե մի ժամանակ մեր մշակույթով մենք աշխարհն էինք ոգեղենացնում, հիմա արդեն մենք մեր մտածողությամբ ու աշխարհընկալումով ռաբիսացել ենք ու ազատվել մեր ավանդական ազգայինի «ծանր բեռից»։ Ահա, թե որտեղից է այսօր սկիզբ առնում մեր քաղաքական դեբիլիզմը։  
Մեզ դաս չեղավ Ռուսաստանի դարավոր «բարեկամությունը»։

Էլի մտել ենք Ռուսաստանի թևի տակ։ Տաք տեղ ենք գտել աշխարհի ամենաթուրքամետ երկրի ծոցում, հետն էլ ուզում ենք մեր կորցրած հողերը Թուրքիայից ազատել, չմտածելով, որ Եվրոպայի ու Ռուսաստանի հետաքրքրությունները և մեր քաղաքական կուրությունն ու ապարդյունությունն են ընկած եղել մեր եղեռնի ակուքներում։ Եկեք պատմության դասերից չփախնենք։ Իբրև անկախացանք։ Արջի ձվերը գրկած Արցախն ենք փորձում ետ բերել, որն այդ նույն արջն է թուրքերին տվել։ Թումանյանի «Հիմար մարդը» լա՜վ կարդացեք, քաղաքական գործիչներ՝ մեր ազգի դժբախտությունը ձեր գլխ մեջ է։

Մեր քաղաքական գործիչների հնարամտությունը սահմաներ չունի։ Ամեն մեկն իր համար գործ է ճարել։ Սասնա Ծուռ Վարդան Ավետիսյանն առաջարկում է, որ իրենց կողմից ՊՊԾ-ի գրավման օրը դարձնենք ազգային տոն։ Դավիթի կողմից Մսրա Մելիքին սրի մի զարկով երկու կես անելու օրը Վարդան Ավետիսյան մոռացել է, սակայն ուզում է, որ հայ ժողովրդը ՊՊԾ-ի ցանկապատից այն կողմ թռնելու օրն ազգային տոն դարձնենք։ Արդեն 30 տարի է տոներից դուրս չենք գալիս։ Մի ժամանակ որ օրը մի քանի ժամով լույս էին տալիս՝ այդ օրը Հայաստանում ազգային տոն էր, ջուր էին տալիս՝ պուլպուլակների շուրջն ամենուրեք տոնախմբություններ էին տեղի ունենում։ Հետո, երբ Սերժն իշխանությունից իրեն կատապուլտ արեց, մենք քաղաքական խումհարից արդեն էլ չենք կարողանում դուրս գալ։ Եթե այսպես գնա՝ տարվա օրերի քանակը քչություն է անելու՝ մեր ազգային տոները նշելու համար։ Հուսանք, որ Կառավարությունը կարձագանքի ու տարվա օրերի քանակն ավելացնելու մասին որոշում կկայացնի՝ փոխելով Երկիր մոլորակի ուղեծիրը։
 

Սա միայն կարելի է ազգային փսիխոզ կոչել։ Բոլորը քաղաքականությամբ են զբաղվում և բոլորն ուզում են ամեն գնով իշխանության գալ։ Իսկ հետո, թե նրանք  իշխանությունում ի՞նչ պետք է անեն՝ իրենք էլ չգիտեն։ Երկիրը թալանելն արդեն մոդայից դուրս է, իսկ ավերելը՝ կա ու կա։ Երբ Նիկոլենք քայլ արեցին՝ Սերժը փախավ։ Դա մեծ քայլ էր նրանց կողմից, անուրանալի է։ Բայց, որ այսօր արդեն նրանք մեր ներքին ու արտաքին քաղաքականության մեջ միայն չոչ են անում՝ արդեն ողբերգական է։ Գիտե՞ք, թե ինչու է Նիկոլը տաքսիստներին մեծ արտոնություններ տրամադրում։ Մեր քաղաքական ու տնտեսական հեղափոխության առաջնորդը դա անում է, որպեսզի նրանք խաղաղվեն։

Բանը նրանում է, որ Հայաստանում այսօր  տաքսի բիզնեսում մի կտոր հացի համար, ստիպված, վարորդի աշխատանք են կատարում Հայաստանի երբեմնի գիտաարտադրական բնագավառի բարձրակարգ ու փորձառու մասնագետները՝ սկսած Նոբելյան մրցանակի դափնեկրից մինչև Հայաստանի քաղաքաշինության գիգանտները։ Պատկերացնու՞մ եք, թե դա ինչ ներուժ է, որն օգտագործելու փոխարեն, Նիկոլը պահածոյացնում է, իսկ իր ոչխարների վզերին փողկապներ հագցրած, խալի լվանալով, նոր Հայաստան «կառուցելու» է տանում։ 

Վահան Հարությունյան

«Գրավիտոն» գիտական կենտրոն