Լրջանալու պահ գուցե էլ չունենանք, ՀԱԿ-ի գաղափարները անհրաժեշտ են վերակենդանացման համար. Զորյան

Լրջանալու պահ գուցե էլ չունենանք, ՀԱԿ-ի գաղափարները անհրաժեշտ են վերակենդանացման համար. Զորյան

Ես «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ եմ, քաղաքական պրոցեսների մասնակցում եմ դեռ 2008 թվականից, երբ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձը։ Այս մասին քիչ առաջ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նշեց ՀԱԿ վարչության անդամ Տաթեւ Զորյանը։ Հիշեցնենք, որ ՀԱԿ ցուցակի կանայք հանդիպում-քննարկում են նախաձեռնել երիտասարդների հետ։

«Այն ժամանակ, սակայն, լրիվ այլ իրադրություն էր, հետեւաբար՝ լուծվում էր քաղաքական լրիվ այլ բնույթի հարցեր։ Այս տարիների ընթացքում իմ գործունեությունը հարազատ կուսակցության կազմում կրել է թե բովանդակային, թե ժամանակագրական էվոլյուցիա, շատ բաների միջով ենք անցել համատեղ, շատ քաղաքական հարցերի լուծման ենք մասնակցել կամ էլ չենք կարողացել լուծել ՝ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված։Հիմա փաստացի մենք եկել հասել ենք չարաբաստիկ մի հանգրվանի, երբ առավել քան երբևէ մեր ներկայությունը քաղաքական դաշտում անհրաժեշտ է և ամենակարեւորը, որովհետև հետպատերազմյան այս իրավիճակում ՀԱԿ-ի նման գաղափարական ուժի ներկայությունը, ըստ էության, պիտի չունենա այլընտրանք։ Մենք այն կուսակցությունն ենք, որի գաղափարները, արժեքները, արժեքային հիմքը ուղղակի անհրաժեշտ է պետության և հասարակության քաղաքական ու հոգեբանական վերակենդանացման համար։ Ես լիահույս եմ, որ շատ կանայք կկիսեն մեր արժեքները կամ էլ արդեն իսկ կիսում են։ Մենք պիտի փորձենք ողջախոհության ճրագը միշտ վառ պահել, սա գուցե լրջանալու վերջին պատեհությունն է ու գուցե այսպիսի շանս էլ չունենանք կամ ունենանք այն դեպքում, երբ անդառնալիորեն շատ ավելի կարեւոր կորուստներ կունենանք։ Ես այս փուլում բոլորին իմաստություն ու ողջախոհություն եմ մաղթում»,- ասաց Զորյանը։