Եվ նորից թարգմանելու մասին

Եվ նորից թարգմանելու մասին

Օտար բառերի հայերեն համարժեքների ստեղծման խնդիրը ինչպես միշտ, այնպես էլ հիմա մնում է արդիական։ Չխորանալով լեզվաբանական հարցերի մեջ՝ այսօր ուզում ենք պատասխանել նրանց, ովքեր թարգմանությանը դեմ են ընդհանրապես։

Միշտ էլ՝ բոլոր ժամանակներում, բանավեճեր եղել  են ոչ միայն թարգմանված որևէ բառի հաջող կամ անհաջող լինելու շուրջ, այլև նրա, թե պե՞տք է արդյոք առհասարակ թարգմանել, հայերենացնել, ոմանց բնորոշմամբ, միջազգային բառերը։  

Եղել է նաև գրեթե անվիճելի տեսակետ. պետք է թարգմանել, սակայն չընկնելով Կարելի է ասել, որ այս մոտեցումը նույնպես հարցը չի լուծել, որովհետև հնարավոր չէ գծել այն սահմանը, որտեղից սկսվում է ծայրահեղությունը։

Բնավ էլ հավակնություն չունենալով խնդիրը այժմ անմիջապես լուծելու և ամենևին չկարծելով, թե սույն հրապարակումը կարդացող ընդդիմախոսներն անմիջապես փոխելու են իրենց կարծիքը, ներկայացնենք, թե ինչո՛ւ, այնուամենայնիվ, պետք է թարգմանել։  

Նախ պատասխանենք հաճախ հնչող մի հարցի. ինչո՞ւ, հապա, շատերը, օրինակ՝ ռուսները, հիմնականում չեն թարգմանում։  

Ճիշտ է, շատերը չեն թարգմանում, բայց շատ-շատերն էլ թարգմանում են։ Եվ թարգմանում են անգամ այնպիսի բառեր, որոնք թարգմանելը մեր չափանիշներով ծայրահեղությունների ծայրահեղությունն է։ 

Այս հարցում կա մի օրինաչափություն. բոլոր այն ժողովուրդները, ազգերը, որոնք փոքրաքանակ են, ձգտում են բառեր փոխառել հնարավորինս քիչ և իրենց լեզվում ստեղծել օտար բառերի համարժեքներ։ Կարծում ենք՝ պատճառը հասկանալի է. փոքրաթիվ ժողովուրդների համար լեզուն ոչ թե պարզապես լեզու է, ոչ թե սոսկ հաղորդակցության միջոց, ինչպես ոմանց սխալմամբ թվում է, այլ ազգապահպանության կարևոր գործոն։ Մեծաքանակ ժողովուրդները չունեն այսպիսի խնդիր։ Լեզվական ուծացման վտանգ նրանց չի սպառնում։ Այդ պատճառով էլ, առանց մտավախության, նրանք ներմուծում, փոխառում են հարյուրավոր ու հազարավոր բառեր։ 

Տվյալ հարցում որոշակիորեն տարբեր են անգամ մեր և սփյուռքի մեր հայրենակիցների կարծիքները։ Անշուշտ, շատերն են նկատել, որ նրանք եղել են ավելի նախանձախնդիր, թարգմանել, հայերենացրել են ավելի շատ բառեր, քան մենք։ Հասկանալի է, որ պատճառը դարձյալ նույնն է՝ լեզվական ուծացման վտանգը։   

Գիտակցո՞ւմ են արդյոք թարգմանության դեմ անդադար բողոքող լեզվի մեր «գիտակները», թե ի՛նչ հայերեն հիմա կունենայինք, եթե օտար բառերի հայերեն համարժեքներ չստեղծեինք թեկուզ վերջին հարյուր տարում։ Պատկերացրեք, որ առայսօր մենք պետք է ասեինք տելեֆոն, այլ ոչ թե հեռախոս, վելոսիպեդ, այլ ոչ թե հեծանիվ, ռևոլյուցիա, այլ ոչ թե հեղափոխություն, զավոդ, այլ ոչ թե գործարան։ Այդպես՝ չէինք ունենա դրանց պես արդեն շատ սովորական այնպիսի բառեր, ինչպիսիք են մրցույթ-ը, օդանավ-ը, օդաչու-ն, գովազդ-ը, հեռուստացույց-ը, կանգառ-ը, հարցազրույց-ը, դափնեկիր-ը, հյուրախաղ-ը, լուսնագնաց-ը, տիեզերագնաց-ը և այլն, և այլն։

Բառաստեղծումը ստեղծագործական երևույթ է, և ինչպես ամեն ստեղծված բան, նոր բառերը նույնպես կարող են լինել հաջողված կամ չհաջողված։ Ընդհանուր բառապաշարի, լեզվի մեջ դրանք կարող են մտնել կամ չմտնել։ Այսպես եղել է, այսպես է հիմա և այսպես լինելու է միշտ։ Դա բնական է և այլ կերպ լինել չի կարող։ Ուրեմն հանդուրժող լինենք նաև այս հարցում և շարունակական որոնումներով փորձենք գտնել այն բառերը, որոնք կհամապատասխանեն մեր ճաշակին։ 

Ի դեպ, թող չթվա, թե այս ամենը բնորոշ է միայն մեզ։ Ասում են՝ ժամանակին շատ ռուսներ «սարսափել» են նորաստեղծ «открытка» բառից, իսկ ֆրանսիացի մի ակադեմիկոս էլ սպառնացել է լքել ակադեմիան, եթե բառարան մտնի իր չհավանած բառը։

Ասենք նաև, որ ինչպիսի ծայրահեղություն ամեն բառ (անգամ անուն-ազգանունները) թարգմանելու ձգտումն է, դրանից շատ ավելի վտանգավոր ծայրահեղություն համարժեքներ ստեղծելու դեմ պայքարն է։

Նկատելի է, որ թարգմանելու դեմ, որպես կանոն, խոսում են բանասիրական կրթություն չունեցողները։ Սա նշանակում է, որ խնդիրը ոչ թե «հատուկ»  տեսակետներն են, այլ լեզվական կրթվածության պակասը։ Հենց այդ կրթվածության պակասի պատճառով էլ չի գիտակցվում լեզվի դերն ու նշանակությունը, և թվում է, թե լեզուն ընդամենը հաղորդակցության միջոց է։ 

Տեղին է ասել, որ վերջին տասնամյակներում ի հայտ է եկել այս հարցին առնչվող մի խիստ պախարակելի երևույթ։ Բոլորս ենք հարկավ ականատես և ունկնդիր եղել, թե ինչպես ենք մենք՝ հայերս, ո՛չ ավել, ո՛չ պակաս, շինծո՛ւ, չեղա՛ծ բառեր վկայակոչելով՝ ծաղրում մեր լեզուն։ 

Ո՛չ, հարգելինե՛րս, այդպիսի բառեր չկան։ Դրանք միայն ձեզ նման «կատակասերներին» զվարճացնելու համար են։ Հավատացե՛ք, որ ինչքան դուք եք զվարճանում՝ ասելով ու լսելով, թե հայերեն ի՛նչ անհեթեթ թարգմանություն ունի այս կամ այն բառը, դրանից էլ ավելի շատ զվարճանում են դրանք հորինողները՝ պատկերացնելով, թե ինչպես են ձեզ նման միամիտները քահ-քահ քրքջում իրենց զառանցանքների վրա։ 

Ի՞նչ է, դուք իսկապես կարծում եք, թե որևէ մեկը, առավել ևս՝ լեզվի մասնագետը, լրջորեն առաջարկել է մակարոն-ը, ջենտլմեն-ը, սեքս-ը կամ մի որևէ այլ բառ թարգմանել... հա-հա, հի-հի՞։ 
Չգիտեմ, կա՞ մի ուրիշ ժողովուրդ, որ մեզ նման հումորի, ծիծաղի առարկա դարձնի իր լեզուն։

Երբեմն ստեղծվում է այն տպավորությունը, որ մեր թշնամի ինչ-որ այլազգիներ հավաքվել ու քննադատում, հեգնում են, թե՝ տեսե՛ք, ի՛նչ զավեշտալի, ծիծաղելի լեզու է հայերենը։ 

Իսկապես բարոյական չէ։ Ծուղակը մի՛ ընկեք։

Իսկ օտար բառերը հնարավորության սահմաններում թարգմանվել և թարգմանվելու են միշտ՝ անկախ մեզանից որևէ մեկի կամքից։  

Գուրգեն Միքայելյան
Լեզվի կոմիտեի աշխատակից