Քաղաքաշինությունը թռիչքային զարգացում չի կարող ունենալ մեր երկրում

Քաղաքաշինությունը թռիչքային զարգացում չի կարող ունենալ մեր երկրում

«Փարիզ-Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանն իրատեսական չի համարում Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի այն հայտարարությունը, թե քաղաքաշինությունը թռիչքային զարգացում պետք է ունենա․ «Նրա վերջին ասուլիսից հետո այն տպավորությունը ստացա, որ կոմիտեի նախագահը ոչինչ չի հասկանում քաղաքաշինությունից եւ իրավիճակին չի տիրապետում․ ի՞նչ թռիչքային զարգացման մասին է խոսքը, մեր երկրի սոցիալ-տնտեսական պայմանների պարագայում դա անհնարին բան է։

Պաշտոնյաները, ովքեր այդ ոլորտների ղեկին են, իրենց տեսլականներն են առաջարկում՝ առանց պետական ընդհանուր ռազմավարության։ Այն ուղղությունը, որ ինքը որդեգրել է, մեր երկրի համար սխալ ճանապարհ է։ Նա ասում է, որ քաղաքաշինության բնագավառի կառավարումը պետք է կենտրոնացվի քաղշինկոմիտեում, որն անթույլատրելի բան է, հատկապես եթե գնում ես ապակենտրոնացման ճանապարհով, իսկ այդպես ե՛ւ կոռուպցիոն ռիսկերն են մեծանում, ե՛ւ մոնոպոլիաներն են շատանում։ Այսինքն՝ ինքն ուզում է, որ ամեն ինչ իր ձեռքի տակ կենտրոնանա, դրա արդյունքն էլ կարող են լինել տիպարային լուծումները»։

Խաչատրյանը կարծում է, որ սխալ է համեմատվել զարգացած երկրների հետ, նախ, որովհետեւ մենք զարգացած երկիր չենք եւ, հետո՝ չունենք հզոր մասնագիտական ներուժ․ «Ինքը բերում է Բուլղարիայի, Մակեդոնիայի, Սլովենիայի օրինակները, որոնք քաղաքաշինական ռազմավարություն չունեն եւ տիպարային լուծումներով են աշխատում, նպատակը՝ մի տեղում կենտրոնացնել ամենը։ Մեր երկրի սոցիալ-տնտեսական բազմազանության պայմաններում դա անհնար է, եւ հետո՝ եթե ուզում ենք մեր քաղաքաշինական մշակույթը զարգացնենք, ժամանակն է, որ դուրս գանք այդ տիպարային լուծումներից, որպեսզի ամեն մի քաղաք, բնակավայր իր ինքնությունն ունենա եւ վերահաստատի։ Իսկ կենտրոնացման պայմաններում այդ ինքնուրույնությունը ոտնահարվելու է»։

Մեկ այլ խնդիր կա՝ քաղաքաշինական նորմերի հետ կապված, որոնք մշակված չեն եւ պետք է վերանայվեն։ «Այդ գործընթացը սկսել են, բայց այդ նորմերը որպես երաշխավորություն են դիտվելու եւ օրենքի ուժ չեն ունենալու։ Բա էլ ինչո՞ւ եք մշակում, եթե օրենքի ուժ չի ունենալու կամ եթե օրենքի ուժ ունենալու է, բայց որպես երաշխավորություն ես կիրառելու։ Իսկ իրեն ուղղված այն հարցին, թե այդ քաղաքաշինական նորմերը հնարավորություն կտա՞ն որոշ շինություններ, օրինակ՝ բենզալցակայաններ քանդել, նա ասում է, որ ես քանդող չեմ, ես շինարար եմ, բայց քաղաքաշինարարի գործառույթների մեջ է մտնում ինչպես կառուցելը, այնպես էլ հարկ եղած դեպքում քանդելը։ Նա պետք է ասի, թե որտեղ կարելի է եւ որտեղ չի կարելի կառուցել»։  

Մարիամ Խաչատրյանը նկատում է՝ քաղշինկոմիտեի նախագահն իր խոսքում պարբերաբար խառնում է քաղաքաշինական տերմինոլոգիան․ «Նա եկեղեցին, որն իր տեսակով հուշարձան է, քաղաքաշինական օբյեկտ է համարում։ Գուցե այդպես է անում, որ այդ ոլո՞րտն էլ տանի կոմիտե, ինչպես բազմաբնակարան շենքերի կառավարումն է ուզում տանել։ Կոմիտեի նախագահն ասում է, որ Էստոնիայում բազմաբնակարան շենքերի ֆոնդ է ստեղծվել, ու այդ ֆոնդով կենտրոնացված ձեւով կառավարում են, մեր պայմաններում կառավարման այդ ձեւը նպատակահարմար չէ, որովհետեւ փողերը մսխելու միտում կա։ Այսինքն՝ բաներ կան, որ պետք է լոկալ ուսումնասիրես ու հետո նոր գնաս դեպի Եվրոպա, ոչ թե հակառակն անես»։

Քաղաքաշինության կոմիտեում (նախկինում՝ նախարարությունում) տարիներ շարունակ գործել է ճարտարապետության վարչություն, որը ճարտարապետական ռազմավարություն է մշակում, բայց քաղաքակիրթ երկրներում, ինչպես նկատում է Խաչատրյանը, այդ ճարտարապետության ռազմավարությունը մշակվում է մշակույթի նախարարություններում․ «Եվ ո՛չ քաղշինկոմիտեում, որը շինարարության հետեւից է ընկած։ Վտանգն ակնհայտ է, որովհետեւ ճարտարապետության ռազմավարությունը մշակվում է ըստ կառուցապատողի շահերի՝ անտեսելով մշակութային կառույցների արժեքը, իսկ դա կարեւոր կետ է։ Այսօր մենք ունենք քաղաքաշինության կոմիտե, բայց քաղաքաշինության մասնագետ քիչ ունենք, ոլորտը ճարտարապետների ձեռքն է, իսկ նրանք ոլորտը հասկանում են այնքանով՝ որքանով։

Մի հանգամանք եւս․ Վահագն Վերմիշյանն ուզում է, որ օրենքով շինարարության նախահաշվի ժամանակ ճարտարապետներին տրվող գումարը սահմանվի 5 տոկոս, բայց մեր պայմաններում դա շատ մեծ թիվ է, հատկապես եթե ճարտարապետը փոքր նախագծի հետ գործ ունի։ Օրինակ՝ մեկը միհարկանի տուն է կառուցում գյուղում, այդ պատվիրատուն կա՛մ այդ գումարը չի ունենա, կա՛մ էլ չի ուզենա այդ 5 տոկոսը հատկացնի ճարտարապետին։ Հետո՝ կան ճարտարապետներ, որոնք 2-3 տոկոսին էլ կարող է համաձայնեն, քանի որ պատվերները շատ չեն։ Ստացվում է՝ դու նրանց հացից կտրում ես, իսկ աղքատ երկրի համար այդ 5 տոկոսը սխալ է, քանի որ այդկերպ էլ ավելի նեղացնում ես մասնագիտական շրջանակը»։