Հանուն հայրենյաց

Հանուն հայրենյաց

Երբ հայրենիքը վտանգի մեջ է, մարդկանց ինքնապաշտպանական բնազդներն արթնանում են, եւ նրանք միավորվում են հայրենյաց փրկության գաղափարի շուրջ, քանզի դա նաեւ իրենց պաշտպանությանն է միտված։ Բոլորը մոռանում են իրենց խնդիրներն ու դժվարությունները, վիրավորանքներն ու վրեժխնդրությունը։

Այդ ամենը մղվում է հետին պլան, դառնում անկարեւոր՝ մինչեւ նորից կգան խաղաղ ժամանակներ, եւ կվերանա ֆիզիկական ոչնչացման վտանգը։ Եվ բոլորը սկսում են մտածել՝ ինչով մասնակցել սահմանների պաշտպանությանն ու հակառակորդին ետ մղելու գործին։ Եթե մենք լինեինք հացթուխ, հաց կթխեինք եւ կհասցնեինք մեր դիրքապահներին։

Եթե մենք լինեինք բժիշկ, կամավոր կմեկնեինք ռազմի դաշտ, մեր վիրավորներին բուժելու։ Եթե լինեինք ուսուցիչներ, դպրոց կմտնեինք ու կպատմեինք մեր քաջերի սխրանքների, հայրենիքի սահմանները պաշտպանելու նվիրումի, հերոսության մասին։ Եթե մենք լինեինք գյուղի մշակներ, մեր աճեցրած մթերքը կհասցնեինք սահման, որ մեր զինվորները ոչնչի կարիք չունենային, կուշտ լինեին եւ հզոր։ Եթե մենք լինեինք դիվանագետներ, կփորձեինք մեր ճշմարտությունը՝ Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին, մատուցել միջազգային հանրությանը։ Եթե մենք լինեինք իրավաբաններ, կփորձեինք մեր միջազգային գործընկերներին բացատրել, որ ազատ, անկախ, ինքնորոշված ապրելու գաղափարն ամենաթանկ ու մարդկության պատմության ընթացքում ամենագնահատված գաղափարն է, ուստի չի կարելի ոտնահարել մի ողջ ժողովրդի՝ իր հողում ապրելու եւ արարելու իրավունքը։ Բայց մենք լրագրողներ ենք, եւ մեր գործը տեղեկատվություն հասցնելն է՝ մեր հասարակությանը եւ միջազգային հանրությանը, ճշմարտությունը մատուցելը, ինչը եւ անում ենք՝ նույնքան նվիրումով, որքան բոլոր վերը նշված մասնագիտությունների տեր մարդիկ են անում։