Ինչպես էին հայ իշխանները ոչնչացնում իրար բուն Հայաստանում, իսկ աքսորում հանդես գալիս միասնական և դաշնակից

Ինչպես էին հայ իշխանները ոչնչացնում իրար բուն Հայաստանում, իսկ աքսորում հանդես գալիս միասնական և դաշնակից

«#պատմական_ծակուծուկեր
Դինաստիական հակամարտությունները միջնադարի կամ էլ ավատատիրական հասարակարգի ամենահետաքրքիր դրսևորումներից են։ Կարելի է ասել, որ հասարակարգը ձևավորվել, զարգացել և փլուզվել է նաև հենց այդ դիմակայությունների համատեքստում։ Խնդրո առարկայում կենտրոնական դեր էին զբաղեցնում գահաժառանգության իրավունքը, վասալական կախվածության հիման վրա գործող իրավահամակարգը, սյուզերենի և վասալների փոխհարաբերությունները, արքայական դոմենի ընդլայնման և միավորման, ինչպես նաև ավատատերերի կենտրոնախույս և ինքնիշխանությունը պահպանելու միտումները։
Իհարկե Միջնադարյան Եվրոպայում համանման դիմակայությունները մշտական և չընդհատվող դրսևորումներ էին։ Օրինակ՝ կարող ենք մատնանշել Կապետինգների և Պլանտագենետների, Հոհենշտաուֆենների և Վելֆերի հարյուրամյակներ տևող հայտնի դիմակայությունները, որոնց համատեքստում ինչ-որ իմաստով նաև ձևավորվել է Եվրոպական աշխարհամասը։
Բնականաբար վերոհիշյալ գործընթացները ներհատուկ են եղել նաև հայկական միջավայրին, որը նույնպես ներքաշված է եղել դինաստիական համակամարտությունների հորձանուտի մեջ։ Թերևս ամենահայտնի օրինակները երկուսն են՝ Բագրատունիների և Արծրունիների, Ռուբինյանների և Լամբրոնի Հեթումյաննների դիմակայության պատմությունները։
Հայտնի փաստ է, որ առաջին դիմակայությունը կործանարար հետևանքներ ունեցավ Հայաստանի համար։ Եթե եվրոպական հողի վրա տեղի ունեցող հակամարտությունները ինչ-որ իմաստով կարող են որպես զարգացման խթան դիտարկվել, ապա բուն Հայաստանում Արծրունիների և Բագրատուների պայքարը Հայկական պետականությանը հասցրեց մինչև ինքնասպանության։ Իմ համոզմամբ Անիի թագավորությունը չի կործանվել, այն ի վերջո ինքնաոչնչացվել է, իհարկե արտաքին և ներքին ուժերի՝ դրդմամբ։
Չխորանալով առանձին մանրամասների մեջ՝ նշենք, որ Բագրատունիների և Արծրունիների դիմակայությունը խորհրդանշական զուգադիպությամբ ավարտվեց հենց այն ժամանակ, երբ Հայկական երկու խոշորագույն թագավորությունները՝ Անին և Վասպուրականը, այլևս գոյություն չունեին, իսկ արքայատոհմերն էլ հայտնվել էին բյուզանդական աքսորում՝ Կապադովկիայում։
Հետաքրքիրն այն է, որ երբեմնի անհաշտ մրցակիցներն ու անզիջում հակառակորդները աքսորում հանդես էին գալիս որպես խաղաղ հարևաններ և դաշնակիցներ։ Ժամանակագիրները այդ շրջանում Բագրատուների և Արծրունիների միջև որևէ դիմակայություն կամ էլ կոնֆլիկտ չեն արձանագրել, ընդհակառակը՝ նրանք համատեղ ուժերով դիմակայում էին բյուզանդական իշխանությունների ճնշումներին և կալվածքների վրա հարձակումների դեպքում օգնում մեկը մյուսին։
Օրինակ 1071 թ․ Ալփ Արսլան սուլթանի դեմ արշավանքի մեկնելիս Սեբաստիայում Ռոմանոս Դիոգոնես կայսրը սպառնում էր դաժան դատաստան տեսնել Արծրունիների նկատմամբ։ Միայն Գագիկ 2-րդ Բագրատունու միջամտությունից հետո կայսրը հրաժարվեց իր այդ վտանգավոր ձեռնարկից, քանի որ վախենում էր հայ իշխանների և բնակչության ապստամբությունից։
Մյուս ամենահայտնի օրինակը Արծրունի իշխաններ Ատոմի և Աբուսահլի մասնակցությունն է Կիզիստրա ամրոցի պաշարմանը, քանի որ հույն իշխանները գերեվարել և այդ ամրոցում էին բանտարկել Գագիկ 2-ին։ Վերջինս ի վերջո դաժանորեն սպանվում է։ Արքայի վրեժը հետագայում լուծում է Կիլիկիայի Թորոս 1-ին իշխանը, որը գրավում է Կիզիստրան և նույն ճակատագրին արժանացնում հույն Մանդալեի որդիներին։ Ի դեպ նույնիսկ հայկական պետության չգոյության պայմաններում Մատթեոս Ուռհայեցին վկայում է, որ Գագիկ արքայի սպանությունը ցնցել է տարածածրջանի հայ իշխաններին ու բնակչությանը, ինչպես Ասորիքում և Կիլիկիայում, այնպես էլ Կապադովկիայում և Փոքր Ասիայի այլ երկրամասերում։ Հայ գրեթե բոլոր իշխանները լցված են եղել վրեժով և ցանկացել են ամեն կերպ պատժել հույն իշխաններին։ Արծրունիները առավել ևս, որոնք ինչպես տեսանք, մասնակցում էին Կիզիտրայի պաշարմանը, որը ավարտվեց անհաջողությամբ։ Իհարկե սա ուշագրավ երևույթ է և արժանի առանձին ուսումնասիրության, թե ինչպես էին հայ իշխանները ոչնչացնում իրար բուն Հայաստանում, իսկ աքսորում հանդես գալիս միասնության և դաշնակցային փոխհարաբերությունների դիրքերից։ Ռուբինյանների և Լամբրոնի Հեթումյանների դիմակայության մասին կխոսենք մեկ այլ առիթով»։