Գագիկ Ջհանգիրյանի կերպարը չափազանցվա՞ծ է

Գագիկ Ջհանգիրյանի կերպարը չափազանցվա՞ծ է

Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ փակ հանդիպում ունեցավ ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը, ում իմքայլականներն են ցանկացել տեսնել ԲԴԽ-ում։ Գագիկ Ջհանգիրյանը, հիշեցնենք, ժամանակին, երբ ՀԱԿ ցուցակով անցավ խորհրդարան, Նիկոլ Փաշինյանի թիմակիցն ու զինակիցն էր, հետո Փաշինյանն առանձնացավ ՀԱԿ-ից, Ջհանգիրյանը, հակառակը՝ լինելով ՀԱԿ խմբակցության անդամ, սկսեց մերձենալ ՀՀԿ-ականների հետ։ Նա Սերժ Սարգսյանի ու նրա թիմի սիրելի ընդդիմադիրն էր։ Նրա ազգականները տեղավորվեցին տարբեր պաշտոնների։ Իսկ Ջհանգիրյանը, լինելով պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, հաճախ այնպիսի էնտուզիազմով ու ջանասիրությամբ էր պաշտպանում ՀՀԿ-ականների բերած խնդրահարույց նախագծերը, որ ՀՀԿ-ականներն էին անգամ զարմացած մնում։

Փոխարենը փոխադարձ վիրավորանքներ էին փոխանակում հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ, ով նրան մեղադրում էր ՀՀԿ-ականների իշխանությանը ծառայելու մեջ, մի անգամ նույնիսկ միմյանց անգրագետ էին անվանել, եւ Փաշինյանը մեղադրել էր, որ նրա՝ գլխավոր դատախազ դառնալու հույսերն են հօդս ցնդել, դրա համար է իր բերած նախագծին, որով առաջարկում էր Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթաց նախաձեռնել, դեմ  արտահայտվում։ Այսօր այդ նույն Ջհանգիրյանն այդ նույն Փաշինյանի կողմից առաջադրվել է ԲԴԽ անդամի թեկնածու, որ գա մտնի Բարձրագույն դատական խորհուրդ ու «առողջացնի» դատական համակարգը։ Այս ամենը մենք երեկ փակ հանդիպումից հետո հիշեցրինք Ջհանգիրյանին։ Վերջինս իրեն հատուկ անվրդով, տեղ-տեղ ցինիկ ոճով հումորներ արեց ու լրագրողների հետ ճամարտակելով՝ հասկացրեց, որ իրեն պաշտոն էր պետք՝ ստանում է այդ պաշտոնը, 65 տարին լրացել է, հո պարապ չի՞ մնալու։ Ի դեպ, օրենքը չի թույլատրում 60-ն անց անձին դառնալ ԲԴԽ անդամ։ Ներկայացնում ենք Ջհանգիրյանի ու լրագրողների ճեպազրույցը՝ հարցուպատասխանով։

- Պարոն Ջհանգիրյան, Նիկոլ Փաշինյանը ժամանակին, երբ ընդդիմադիր պատգամավոր էիք, Ձեզ մեղադրում էր, որ ծառայում եք նախկին իշխանություններին։ Հիմա Դուք նրա իշխանության օրոք հավակնում եք ԲԴԽ անդամի պաշտոնին, Դուք հիմա ո՞ւմ եք ծառայելու։

- Ուրեմն, Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ իրավաբան-գիտնականը որեւէ այլ ճանապարհ չունի ԲԴԽ կազմում հայտնվելու, բացի խմբակցությունների կողմից առաջադրվելը։ Եվ քանի որ թվապես ավելի փոքր խմբակցությունների կողմից առաջադրումը երաշխիք չէ, որ ձայները չեն բավարարելու, որովհետեւ 3/5 է պահանջվում, բնականաբար, ես համաձայնել եմ թվապես մեծամասնության խմբակցության կողմից առաջադրվելու հետ։ Բայց ես գործադիր իշխանություն չեմ գնում, ես քաղաքական պաշտոն չեմ ստանձնում, ես քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, ես գնում եմ մասնագիտական աշխատանքի։

- Բայց ինչո՞ւ որոշեցիք հիմա՝ այս փուլում։

- Որովհետեւ արդեն իմ 65-ը լրացել է․․․

- Ի դեպ, այդ առումով էլ խնդիր կա։

- Էդ առումով էլ կասեմ։ Հանգիստ, ժողովուրդ ջան, ես վատ իրավաբան չեմ, ես ամեն ինչ ուսումնասիրել եմ։ Ես ուրախ կլինեմ, որ հենց էսօր եւեթ ԲՀԿ խմբակցությունը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը եւս ինձ առաջադրեն։ Մեծ սիրով կհամաձայնեմ իրենց կողմից եւս առաջադրվելու։

- 2015 թվականին մի առիթով Դուք Նիկոլ Փաշինյանի նախագիծն անգրագիտություն էիք որակել, Փաշինյանն էլ ասել էր՝ ով որ իմ նախագիծն անգրագիտություն է համարում, անգրագետն ինքն է։ Այսքանից հետո ինչպե՞ս եք պատկերացնում առաջադրվելը։

- Գիտե՞ք, ես հիմա էդպիսի ձեր գայթակղություններին չեմ տրվի, էդ անցած-գնացած․․․ ես էլ հարյուրավոր լավ էպիզոդներ կարող եմ վկայակոչել Նիկոլ Փաշինյանի համատեղ քաղաքական գործունեության, որպես կալանավոր եւ բանտարկյալ գործունեության հետ կապված, բայց դրա ժամանակը չէ։ Այդ խարդավանքներին հիմա չեմ ուզում տրվել։

- Սա՞ է Ձեր մաքսիմում ձգտումը,  ժամանակ կար՝ խոսում էին, որ Դուք Սահմանադրական դատարանի նախագահի ակնկալիք ունեիք։

- Ինձ ամեն ինչ նշանակել են՝ ՍԴ նախագահ, դատախազ, նույնիսկ մարզպետ, էլ չգիտեմ ինչի պետ։

- Ձեր սրտով ո՞րն էր։

- Իմ սրտո՞վ։ Իմ սրտով լրիվ ուրիշ բան էր։

- Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ երազում եք գլխավոր դատախազ դառնալ։

- Չգիտեմ։ Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ՝ դեռեւս անազատության մեջ, մի հոդված էր գրել, որը հրապարակվել է «Հայկական ժամանակ» թերթում, որտեղ ինքը հայտարարում էր, որ ինքը գտել է հանրապետության գլխավոր դատախազի թեկնածուին՝ հանձինս Գագիկ Ջհանգիրյանի։

- Բայց տարիքային շեմ կա, որից հետո խորհրդարանը ԲԴԽ անդամ չի կարող ընտրել։ Դատական օրենսգրքով եւ Սահմանադրությամբ դատավորների աշխատանքային առավելագույն տարիքը 65-ն է, իսկ Ձեր 66-ն է շուտով լրանում։ Դուք սրան ինչպե՞ս կարձագանքեք։

- Պարզ ու հասարակ․ էս նույն օրենսգրքով Սահմանադրական դատարանի նախկին նախագահը (Գագիկ Հարությունյանի մասին է խոսքը՝ խմբ․) 70 տարին լրանալուց հետո ընտրվել է ԲԴԽ նախագահ։

- ԲԴԽ նախագահը հայտարարում է, որ օրենքի խախտում է տեղի ունեցել։

- Ես էլ ասում եմ, որ, ցավոք սրտի, ուրեմն, լավ չեն ուսումնասիրել Դատական օրենսգիրքը։ Թող նայեն հատկապես 186-րդ հոդվածը, որը վերաբերում է լիազորությունների դադարման եւ դադարեցման հիմքերին, դուք էլ ընթերցեք այդ հոդվածը եւ կտեսնեք, որ դատավորների համար տարիքային սահմանափակումն այդ հոդվածով նախատեսվում է, իսկ իրավաբան-գիտնականների համար տարիքային առավելագույն սահման նախատեսված չէ։ Հետեւաբար, եթե մեկն ընտրվում է 62 տարեկանում, ըստ այդ հայտարարության տրամաբանության՝ 65-ում էդ ավտոմատ դադարման հիմքը պիտի 86 հոդվածը նախատեսած լիներ։ Իսկ էդպիսի բան չկա։

- Պարոն Ջհանգիրյան, այս մթոլորտում ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել, երբ դատական համակարգում բազմաթիվ խնդիրներ կան․․․

- ԲԴԽ-ի մեծ մասն իմ ուսանողներն են, իմ կոլեգաներն են, ես որեւէ վատ մթնոլորտ էնտեղ չեմ տեսնում։

- Ի՞նչ եք պատրաստվում ԲԴԽ-ում անել, ասում են՝ Դուք գնում եք ԲԴԽ՝ «Ձեր բռի մեջ հավաքելու դատավորներին», ասում են՝  Դուք դատական համակարգում բարեփոխումների տեսլական ունեք։

- Այո, ես դատաիրավական բարեփոխումների երկու հայեցակարգ եմ մշակել, մեկը՝ 1995-96 թթ․, հաջորդը՝ 2012 թվականին, այնպես որ, այո, ես իմ տեսլականն ունեմ թե՛ դատական համակարգի, թե՛ մնացած իրավապահ մարմինների կառուցվածքի, ֆունկցիաների, գործունեության վերաբերյալ։ Բայց դուք ինչ-որ չափազանցեցված բաներ եք ինձ ասում, որովհետեւ ԲԴԽ-ն կազմված է տասը անդամից, հինգը՝ դատավոր, հինգը՝ իրավաբան։ Ես ընդամենն էնտեղ ունեմ մեկ ձայն։ Ինչ-որ՝ գնում եմ բուռս հավաքեմ, ես էդպիսի բաներ ո՛չ հայտարարել եմ, ո՛չ ասել եմ։

- Ձեր կերպա՞րն են չափազանցրել, պարոն Ջհանգիրյան։

- Չգիտեմ։

- Դուք վնգստացող դատավորների ճանաչո՞ւմ եք։

- Ես ինչքան տեղյակ եմ՝ էդ համակարգից, ես չգիտեմ՝ կա՞ն էդպիսի․․․ Դուք մոռանում եք, որ ես 12 տարի էդ համակարգում չեմ եղել, հո ես բոլոր դատավորներին անձամբ չե՞մ ճանաչում։

- Իսկ վարչապետը ճանաչո՞ւմ էր, որ նման բան էր ասում։

- Վարչապետը մամուլի քարտուղար ունի, խմբակցություն ունի, գնացեք իրենցից հարցրեք։