Թամադան նշանակվել է ՊՈԱԿ-ի ղեկավար

Թամադան նշանակվել է ՊՈԱԿ-ի ղեկավար

Կառավարության սեպտեմբերի 16-ի որոշմամբ, Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը եւ Հայաստանի պարարվեստի Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը միաձուլվեցին եւ վերակազմակերպվեցին «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի: Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկվելու է նաեւ ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող եւս 3 ստեղծագործական խումբ՝ Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը, Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական եւ Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթները:

Նորաստեղծ ՊՈԱԿ-ը, որը դեռ չունի ոչ հասցե, ոչ տանիք, ինչպես տեղեկացանք, արդեն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա «Իմ քայլը» դաշինքից Երեւանի ավագանու անդամ, պրոդյուսեր, հաղորդավար, թամադա Արմեն Սարգսյանն է, ում նշանակումը տեղի է ունեցել օրերս՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով։ ԿԳՄՍ նախարարությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ երբ ՊՈԱԿ-ի կանոնադրությունը պատրաստ լինի, այդ ժամանակ էլ տնօրենի մրցույթ կհայտարարվի: «Քանի որ նոր ՊՈԱԿ է, պետք է կանոնադրություն գրեն, հետո դա հաստատվի, նոր` ըստ այդմ, կհայտարարվի մրցույթ»,-փոխանցեցին նախարարությունից՝ հավելելով, որ պարզ չէ, թե տնօրենի մրցույթը երբ կհայտարարվի։ 

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին, ապա նրա նշանակումը շատերին եւ զարմացրել է, եւ չի զարմացրել։ Նախ՝ զարմացրել է, որովհետեւ մասնագիտությամբ լրագրող Արմեն Սարգսյանը ոչ երգի, ոչ էլ պարի մասնագետ է եւ հանրային լայն շրջանակներում հայտնի է որպես թամադա, ով տարբեր խնջույքներ ու հարսանիքներ է վարում։ Պարզ չէ, թե ինչ սկզբունքով է ընտրվել եւ նշանակվել հենց նա, ինչու ԿԳՄՍ նախարարի ընտրությունը կանգ չի առել 6 կոլեկտիվներից մեկի տնօրենի վրա, որոնցից որ մեկն էլ նշանակվեր տնօրենի ԺՊ այս անցումային շրջանում՝ մինչեւ նոր ՊՈԱԿ-ի ձեւավորումը, կոլեկտիվները միայն ու միայն կշահեին։ Մյուս կողմից՝ շատերի համար զարմանալի չէ այս նշանակումը, որովհետեւ Արմեն Սարգսյանը «քայլողներից» մեկն է, ում 2 տարի առաջ տեղավորեցին Երգի պետական թատրոնում՝ տնօրենի պաշտոնում, բայց Արթուր Գրիգորյանի մահից հետո տնօրենի պաշտոնը զիջեցին նրա աղջկան` Արմեն Սարգսյանին թողնելով ձեռնունայն, ուստի թիմակցի հանդեպ պարտքի զգացումից ելնելով, նրան որոշեցին տեղավորել նորաստեղծ «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում։       

Այս առիթով Արմեն Սարգսյանին մի քանի հարց ուղղեցինք․

- Հասցրե՞լ եք ծանոթանալ բոլոր կոլեկտիվների հետ, ի՞նչ տեսլական ունեք նորաստեղծ ՊՈԱԿ-ի հետագա գործունեության հետ կապված։

- Ես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եմ նշանակվել, մինչեւ մրցույթը կայանա։ Բնականաբար, ուսումնասիրել եմ եւ նոր ընդունել եմ առաջարկը նախարարության կողմից։ Գործը շատ է, ի վերջո, հիմնարկներ են միացել իրար։ Հանդիպել եմ, աշխատում եմ հիմնարկների հետ։

- Իսկ որտե՞ղ եք գնում աշխատանքի, երբ նորաստեղծ ՊՈԱԿ-ը տարածք չունի, եւ այդ բոլոր կառույցները, որպես այդպիսին, մի տանիքի տակ չեն։

- Դե, պետք է հավաքել, դա էլ ամենաառաջնային խնդիրն է, որ պետք է կառույց լինի, որտեղ պայմաններ լինեն։

- Տեղյա՞կ եք, թե որտեղ են այդ 6 ՊՈԱԿ-ներին տարածք տալու։

- Դեռ իրենք իրենց տեղերում կշարունակեն իրենց գործունեությունը` մինչեւ հարցի լուծումը:

- Դուք ոչ երգի մասնագետ եք, ոչ պարի, դժվար չի՞ լինի լեզու գտնել այս խիստ մասնագիտական կոլեկտիվների հետ, ուղղորդել նրանց աշխատանքը։

- Ես մշակութային հիմնարկ եմ ղեկավարել 6 տարի, որից հետո պետական մշակութային հիմնարկ եմ ղեկավարել 3 տարի ու ճանաչում եմ ոլորտի մեծ մասին․․․

- Ի՞նչ եք կարծում՝ Ձեր ո՞ր արժանիքի համար է նախարարությունը տնօրենի ԺՊ-ի պաշտոնում նշանակել հենց Ձեզ, մատնանշում են, որ քայլել եք, ՔՊ-ական եք, ինչը մեր ժամանակներում արդեն բավարար է․․․

- Ես կուսակցական չեմ եւ երբեւէ չեմ եղել որեւէ կուսակցության անդամ․․․

- Բայց ավագանիում «Իմ քայլը» դաշինքն էիք ներկայացնում։

- Ավագանիում առաջարկ է եղել խմբակցության կազմում լինելու, բայց ես կուսակցական չեմ․․․

- Այսինքն` իրենց գաղափարները ոչ կիսում եք, ոչ էլ սատարում եք ներկա իշխանությանը։ 

- Սրանք արդեն քաղաքական հարցեր են, իսկ ես մշակութային ոլորտում եմ գործունեություն ծավալում եւ քաղաքականությունից մաքսիմում հեռու եմ․․․