Կապույտ թղթապանակը

Կապույտ թղթապանակը

Գործից հոգնած տուն էի գալիս, մեկ էլ բակում մեր հարեւան Շմավոնը, մի կապույտ թղթապանակ թեւի տակ, առաջս կտրեց.

- Քո օգնությունն է պետք:
- Ի՞նչ կա, Շմավոն ջան, հո վատ բան չի՞ եղել…
- Դեռ չէ, բայց շուտով կլինի:
- Յա՛ա՛ա՛, այ տղա, բան ասա՝ հասկանամ, ի՞նչ կլինի շուտով…
- «Հայանտառը» վարի ա գնում, պիտի օգնես:
- Ե՞ս, ես ի՞նչ գործ ունեմ «Հայանտառի» հետ:
- Ունես… Լրագրող չե՞ս:
- Լրագրող եմ, բայց «Հայանտառի» թեմաներով չեմ գրում:
- Ու պետք էլ չի, որ «Հայանտառի» թեմայով գրես: Դու միայն այս թղթապանակը ցույց տուր՝ ում որ հարկն է:
- Ո՞ւմ։
- Նախարարին:
- Ռոմանոսի՞ն։
- Հա: Ճանաչո՞ւմ ես:
- Չէ, առիթ չեմ ունեցել հանդիպելու: Ժամանակին մարզպետ չէ՞ր Կոտայքում:
- Հա, հա, ինքն ա, որ կա: Բոյը կարճ, սենց սիրուն-սիրուն տղա ա…
- Դե դա էական չէ, Շմավոն, դու այն ասա՝ նա գիտի՞ այդ թղթապանակի մասին:
- Չէ, սյուրպրիզ է: Ես եմ կազմել:

Շմավոնն ինձ մեկնեց կապույտ թղթապանակը: Ես բնազդաբար վերցրի՝ չմտածելով, որ ակամա հանձն առա թղթապանակն ըստ պատկանելության փոխանցելու գործը: Իսկ հարեւանս, վստահ, որ ինձ համոզեց, գնաց խանութի կողմը: Բարձրանում էի աստիճաններով ու ինքս ինձ մտածում՝ չէ, մինչեւ չկարդամ, չուսումնասիրեմ նյութերը, թղթապանակը չեմ հանձնի Ռոմանոսին: Այս խառնակ ժամանակներում ինչ ասես կարող է լինել: Եվ, առհասարակ, սա առաջին դեպքն էր, որ իմ հարեւան Շմավոնը ոչ թե հոդված գրելու խնդրանքով է դիմում, այլ ուրիշ գործով… Էլ ի՞նչ գլուխներդ ցավեցնեմ… Շմավոնը կարգին «ինտրիգավատ» էր արել ինձ: Դե, վերջերս էլ թերթերը գրել էին, որ ԱԻՆ-ն է «վարի գնում»՝ օպտիմալացման անվան տակ համատարած կրճատումներ են սպասվում, ազատվում են անհավատարիմներից: Փաստորեն, թերթերը ճիշտ էին գրել, եւ հիմա էլ, խնդրեմ, գանգատ բնապահպանության ոլորտից: Եվ դո՞ւ, Ռոմանոս…

Մի գավաթ սուրճով ընկղմվեցի բազկաթոռի մեջ ու սկսեցի թերթել թղթապանակը: Առաջին փաստաթուղթն սկսվում էր այսպես. «Համաձայն չար լեզուների եւ օդում կախված լուրերի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, ուր Նիկոլ Փաշինյանը բավականին բարձր վարկանիշ ունի, հետաքրքիր բաներ են կատարվում։ Կառուցվածքային փոփոխությունների պատրվակով՝ հնարավոր կրճատումների մասին ծանուցվել են բոլոր աշխատակիցները։ Պարզ է, որ դա չի արվում առանց Նիկոլ Փաշինյանի գիտության, քանզի պետք է նրա համար «բարձր» վարկանիշը չապահովող անցանկալիները փոխարինվեն վարկանիշ ապահովող «յուրայիններով»։ Ու էլ չեն նայում՝ երկարամյա, բազմափորձ աշխատակի՞ց է, թե՞ ոչ, փոխարինում են, եւ վերջ: Սիսիանում, օրինակ, աշխատանքից ազատել են մասնագիտական կրթությամբ ավագ անտառապետին եւ նրա փոխարեն նշանակել նախկին «ուժային» Ա. Հ.-ին, որ ոչ միայն մասնագիտական կրթություն չունի, այլեւ ուժային կառույցից հեռացվել է փաստաթղթային կեղծիքներ թույլ տալու համար: Իսկ ո՞վ էր նրան հովանավորել… «Իմ քայլի» սիսիանցի պատգամավորը…»:

Անցա առաջ: Հաջորդ փաստաթուղթը ենթավերնագրված էր՝ «Գյումրի»։ Կարդում եմ. «Համաձայն շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքէջի, Գյումրիի մասնաճյուղում խայտառակություն է տեղի ունեցել: Առանց տնօրենի պաշտոնակատար նշանակվելու միանգամից տնօրեն է նշանակվել ՔՊ անդամ Մ. Ա․-ն, որ չունի ո՛չ բարձրագույն կրթություն, ո՛չ աշխատանքային փորձ, ո՛չ էլ բարեհաճել է մրցույթի մասնակցել: Իսկ դու ասա՝ մրցույթ եղե՞լ է, որ մի հատ էլ մասնակցեր… Մինչդեռ այս ամենը հակասում է գործող օրենսդրությանը, նախապես կիրառված կարգին եւ վերջերս հաստատված պաշտոնի անձնագրին ու մոտեցումներին»: Ցնցված էի: Մալադեց, Շմավոն. մտքովս չի անցել, որ դու այսպիսի բաներ գիտես:

Նաեւ մեկ այլ փաստաթուղթ՝ ֆեյսբուքյան թեմայով. «10 եւ ավելի տարիների աշխատակցին ազատել են ՖԲ-յան մեկնաբանության կամ Փաշինյանին առնչվող նյութի տակ դրվատանքներ չգրելու համար: Եթե այլ տեսակետ ունես, ուրեմն անցանկալի ես, այսպես ասած՝ Նիկոլի լավը չուզող»: Ինձ ամենաշատը հետաքրքրեցին անտառապահներին ու աչքից հեռու առանձին անտառահատվածներին վերաբերող փաստաթղթերը: Դրանցից մեկում ասված էր, որ կրճատում են անտառապահներին, ովքեր անտառագողության, հրդեհների դեպքում կանխարգելման ու հայտնաբերման, ինչպես նաեւ արագ արձագանքման առաջնային օղակն են։ Կրճատում են անտառապահին՝ նրա տարածքները, եւ 4000-5000 հեկտարի վրա ստեղծում մեկ պահաբաժին։ 

Մի քիչ զարմացած, բայց հաճույքով ծանոթացա նաեւ զբոսաշրջության ոլորտին առնչվող փաստաթղթերին ու արձանագրություններին: Դրանցից մեկում շատ կոնկրետ եւ հասցեական ասված էր. «Ըստ զբոսաշրջության զարգացմամբ մտահոգ պաշտոնյաների՝ անտառային (ամենայն հավանականությամբ՝ ապօրինի) հատումներ են նկատվել Հրազդանի Ջրառատ թաղամասով դեպի դահուկուղի եւ Արզականի նախկին «Կիրովի» հանգստյան տուն բարձրացող ճանապարհներին»:
Ամենավերջում ֆինանսական թղթեր էին: Դրանցից մեկում հստակ ասված էր, որ անտառի ներկայիս կառավարիչների «արդյունավետ» կառավարման արդյունքում բարձրացված աշխատավարձը համակարգի ոչ բոլոր մասնաճյուղերում է վճարվել ժամանակին։ ««Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործող տնօրենի բարոյական կերպարի մասին լեգենդներ են պատմում: Ասում են՝ մի անգամ Ապարանում ծառատունկի ժամանակ նա կռիվ է սարքել անտառապահ Մաթոսի հետ, որովհետեւ վերջինս հանդգնել էր «թավշյա բառապաշար» գործածել՝ չնկատելով քիչ հեռու ծառ տնկող բրիգադի կանանց: Դրանից անմիջապես հետո ՊՈԱԿ-ի աշխատակիցների մոտ էս տնօրենիս «տղությունը» բռնել ա ու… Մոտակա բնակավայրերից հավաքված մարդիկ խառնվել են, թե՝ այ տնօրեն ջան, անտառապահ մարդ էր, մի բան ասաց, արին (արյուն) հո չարե՞ց, մոռացիր, անցած լինի: Ո՞նց թե՝ անցած լինի: ՊՈԱԿ-իս տնօրենը վերցնում ու ավելի բարձր է գանգատվում՝ դուզ Ռոմանոսին: Եվ հիմա Ռոմանոսն ինչո՞վ է զբաղված… այո, նախապատրաստում է անտառապահ Մաթոսին գործից ազատելու հրամանագիրը»:  

Ներողություն խնդրելով ընթերցողից՝ նշեմ, որ տեղի ու ժամանակի սղության պատճառով չեմ կարող ներկայացնել ողջ թղթապանակը, որ մի քանի գլխից ու մոտ 200 էջից է բաղկացած: Կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունն էլ այս պահին չկա: Ռոմանոսը համեմատաբար նոր մարդ է այս ոլորտում, եւ իմ հարեւան Շմավոնի բացահայտումները կարող են շոկ առաջացնել նրա մոտ: Մյուս կողմից էլ՝ գրեթե կասկած չկա, որ Ռոմանոսին ՇՄ նախարար են նշանակել ոչ այնքան աղաղակող թերությունները վերացնելու, որքան ոլորտում առկա խայտառակ վիճակը քողարկելու, ամեն ինչ ծածկադմփոց անելու եւ ճամպրուկային տրամադրությամբ համակված իմքայլականներին «մաքրելու» համար: Կստացվի՞ Ռոմանոսի մոտ՝ չգիտեմ: Ամեն ինչ կախված է այն բանից՝ նա պատրաստակամություն կհայտնի՞ անձամբ ծանոթանալու Շմավոնի կապույտ թղթապանակին, թե՞ կշարունակի ինքզինքը ռետինե խողովակի տեղ դրած՝ մասնակցել շրջակա միջավայրի թեմաներով կոնֆերանսներին, որոնցից, վստահաբար, ոչինչ չի հասկանում: