Ագրարայինի խորհրդի անդամը նիստերին գնում-նստում-լսում է

Ագրարայինի խորհրդի անդամը նիստերին գնում-նստում-լսում է

Hraparak.am-ը գրել էր, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի` 2021 թվականից կուտակելով գույքահարկի գծով ավելի քան 340 միլիոն դրամ պարտք: Մեր հրապարակումից ամիսուկես է անցել, սակայն բուհից վստահեցնում են՝ չեն քննարկել ֆինանսական խնդրի հարցը։ Ագրարային համալսարանի Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, հոգաբարձուների խորհրդի անդամ Գուրգեն Եղիազարյանը Hraparak.am-ին փոխանցեց, որ հարցը քննարկելու համար առաջարկել են հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրել։ «Ինչո՞ւ ամիսուկես հետո, եւ ե՞րբ է նշանակված նիստը»։ Այս հարցերին Եղիազարյանը պատասխան չուներ․ «Անկեղծ ասած՝ ես այդ խնդրի մասին հպանցիկ եմ լսել, սպասում ենք՝ նիստ հրավիրվի, քննարկենք հարցը, արդեն խնդրել ենք նախագահին, որ նիստ հրավիրի, երբ քննարկենք, պատճառների մասին էլ կիմանանք»։ Հարցրինք՝ ինչպե՞ս է ստացվել, որ խոշոր պարտքն արտացոլված չի եղել 2021-2024թթ. հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված բյուջեի նախահաշվում ու կատարողականներում։ Եղիազարյանը պատասխանեց․ «Ես այդքան տեղյակ չեմ, խորհրդի անդամներին հրավիրում են նիստին, ես էլ գնում-նստում-լսում եմ։ Հիմա, այս անգամ էլ պիտի լսեմ՝ ինչպես է եղել, որ հասկանամ»: 

Պարոն Եղիազարյանի պատասխանները, մեղմ ասած, տարակուսելի են,  հերթով անդրադառնանք դրանց․ առաջին՝ պարտքի մասին հպանցիկ լսելու, խորհրդի նիստ հրավիրելու, պատճառների մասին իմանալու վերաբերյալ: Խորհրդի անդամ Եղիազարյանն այս մասով թերեւս ճիշտ է մեկ հարցում, որ խորհրդի անդամ դասախոսներն ու ուսանողները դիմել են խորհրդի նախագահին՝ նիստ գումարելու խնդրանքով: Սակայն խնդրանքը չի վերաբերում պարտքի առաջացման պատճառներին եւ ֆինանսական փաստաթղթերում արտացոլված չլինելուն: Նրանք առաջարկել են քննարկել գույքահարկի պարտավորությունից համալսարանին ազատելու նպատակով կառավարությանը դիմելու հարցը: Թե ինչպես կամ ինչու պետք է կառավարությունն ազատի համալսարանին համայնքներին վճարվելիք գույքահարկի պարտավորությունից եւ ինչու միայն Ագրարային համալսարանին եւ ոչ մյուս բուհերին, դա այլ հարց է: Պարտավորությունը ֆիքսված փաստ է, իսկ պարտավորության չկատարման մասին 1.5 ամիսը լիուլի բավական էր Եղիազարյանին եւ իր գործընկերներին՝ այդ մասին տեղեկանալու նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանից եւ պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանից: Իսկ թե ինչու չեն տեղեկացել կամ լռում են տեղեկանալու մասին, այլ հարց է: 

Պարտքը 2021-2024թթ. նախահաշիվներում եւ կատարողականներում ընդգրկված չլինելու, այնքան տեղյակ չլինելու, հոգաբարձուների խորհրդի նիստերին գնալ-նստել-լսելու վերաբերյալ: Համալսարանի խորհրդի երկարամյա անդամ Գուրգեն Եղիազարյանը պետք է իմանար, որ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի բարձրագույն եւ հսկողություն իրականացնող մարմինն է: Ըստ «Հիմնադրամների մասին» օրենքի՝ խորհրդի անդամն իրավունք ունի ստանալ տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ: Խորհրդի անդամն ունի նաեւ 2 շատ կարեւոր պարտավորություն` մասնակցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերին եւ իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով հիմնադրամի շահերից: Այնպես որ, խորհրդի անդամի պարտականությունը միայն նիստերին գնալ-նստել-լսելը չէ: