Համեմատեք
Երեկ, կառավարության նիստում, վարչապետը մի քանի ուրախացնող փաստ ներկայացրեց՝ հանրությանը համոզելով, որ հայրենի կառավարությունը մտածում է իր բարեկեցության, կենսամակարդակի բարձրացման մասին։ Ասաց, որ 2023-ի հունվարի 1-ին կենսաթոշակներն են բարձրանալու՝ բարձրացման չափերի ու բանաձեւերի մասին խոստացավ խոսել առաջիկայում։
Միայն 2 տվյալ նշեց՝ արդեն իսկ բարձրացված պետական վճարումների մասին։ Ասաց, որ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստն է ավելանում ամբողջ 2 հազար 100 դրամով, այսինքն՝ 28 հազար 600 դրամից դառնում է 30 հազար 700, եւ նվազագույն աշխատավարձն է բարձրանում 7 հազար դրամով՝ 68 հազար դրամից դառնալով 75 հազար դրամ։ Թերեւս, մանկահասակ երեխա ունեցողների եւ կենսաթոշակառուների շունչը կտրվեց ուրախությունից՝ ինչպե՞ս են ծախսելու ամսական 2 հազար100 կամ 7 հազար դրամը։
Մի ամբողջ կարողություն։ Որքա՜ն պետք է անամոթությունը ներծծված լինի պետական կառավարման համակարգի մեջ, որ այս փոփոխությունները դառնան փիառի եւ հասարակությանն աչքալուսանք տալու թեմա ու հնչեն՝ ոչ ավել, ոչ պակաս, կառավարության ղեկավարի շուրթերից։ Իսկ մանկահասակ մայրերի եւ կենսաթոշակառուների ծախսերը որքա՞ն են աճել վերջին տարիներին եւ հատկապես՝ ամիսներին։ Ինչքա՞ն են թանկացել հացն ու կաթնամթերթը, միսը, միրգն ու բանջարեղենը, կաթի փոշին, մանկական տակդիրները։
Որքա՞ն են ավելացել մեկ ընտանիքի՝ առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման ծախսերը, տասնապատկվե՞լ են կամ բազմապատկվե՞լ։ Ինչքա՞ն են ավելացել գույքահարկը, տարբեր հարկերն ու տուրքերը, կրթական ու առողջապահական ծախսերը։ Ձեր 2-7 հազար դրամն այդ աճի որքա՞ն մասն է ծածկում։ Իսկ որքա՞ն են կրճատվել մարդկանց իրական եկամուտները՝ աշխատավարձից մինչեւ տրանսֆերտների փոխանակում։
Կարծիքներ