Հոգնել ենք ստերից, պահանջում ենք արդար դատավարություն

Հոգնել ենք ստերից, պահանջում ենք արդար դատավարություն

Բյուրեղավանի պոլիկլինիկայում կրքերը չեն հանդարտվում. պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արմեն Մոսիկյանը եւ  աշխատակից Մարինե Բաղդասարյանը 2014թ.-ից հայտնվել էին իրավապահների ուշադրության կենտրոնում: Չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել էր, որ Մոսիկյանը 2015թ.-ին սոցիալական փաթեթում ընդգրկված բոլոր ծառայությունները չիրականացված՝ 71 քաղաքացիների իր ստորագրությամբ և պոլիկլինիկայի ֆիրմայի անվամբ կնիքով հաստատված տեղեկանքներ է տրամադրել, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ պետությունը յուրաքանչյուր հիվանդի դեպքով 8- հազարական դրամ փոխանցի պոլիկլինիկային: Արդյունքում տնօրենը պետությանը պատճառել է 568 հազար դրամի վնաս: Բացի դրանից, նախաքննության ընթացքում պարզ է դարձել, որ Մոսիկյանը 2013- 2015թթ. բժշկուհի Մարինե Բաղդասարյանի հետ հափշտակել է Բյուրեղավան, Արզնի և Նուռնուս համայնքներից դիակային տեղափոխությունների համար հավաքագրված 852 հազար դրամը:

Արմեն Մոսիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով (Խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա) եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով): Մարինե Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ խոշոր չափի յուրացումը: Երկուսի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: 

Դատավարությունը շարունակվում է, իսկ Բյուրեղավանի պոլիկլինիկայում կրքերը չեն հանդարտվում: Աշխատակիցները պահանջում են դատավարության արդար եւ արագ ավարտ, քանի որ մտածում են՝ դատավարությունը դիտավորյալ է ձգձգվում, որ Մոսիկյանի նկատմամբ կիրառվի համաներում: 

Մատենավարման բաժնի աշխատակից Վարդուհի Բաբայանն առաջինն է բողոքել նախկին տնօրենի դեմ: Ըստ նրա՝ Մոսիկյանը ստիպել է դիմում գրել, աշխատել եւ չվարձատրվել: «Շատ նեղվել եմ Մոսիկյանի սուտ խոսելու համար: Նա ասում է, որ քաղաքապետն իր վրա նալոգ ա դրել, բայց մեր նախկին տնօրենն ինձ պարտադրել է, որ ես իմ ձեռքով դիմումս գրեմ, աշխատեմ, բայց չվճարվեմ: Իր դեմ առաջին բողոքողը ես եմ եղել: Շատ ստախոս ա, դատարանում ասում է, որ 28 կաբինետ է վերանորոգել, ամեն աշխատասենյակը՝ 80 հազար դրամ: Ինքը միայն իր աշխատասենյակն է վերանորոգել, իր լոգարանն ու զուգարանը, իսկ որ ես շփվում էի հիվանդների հետ, լվացվելու տեղ չունեի, մեզ թույլ էր չէր տալիս, որ ընդհանուր ծորակից օգտվենք: Դրանից էլ վիրավորվել ենք, մեր բողոքը հայտնել ենք, գրել ենք ու մինչեւ վերջ էլ մեր բողոքը տանելու ենք: Ի՞նչ իրավունք ուներ ինձ 1 ամիս սոված պահեր, ես աշխատեի, ու դա իբր պահել է, որ հիմնարկի պարտքերը մարեր, բայց դա էլ չի արել: Կոնկրետ ինձ վրա մատ թափ տվեց, ասաց՝ մեկ ա, էդ գումարն էլ որ թողնես, դու աշխատանքից ազատվելու ես: Մոտ 5 մլն գումար է կազմում, թող փակվի, այդ դատավարությունն էլ վերջանա, արդեն 4 տարի է՝ շարունակվում է: Ողջ կոլեկտիվին սթրեսի մեջ ա պահում:  Մեր սխալն այն է եղել, որ իր արարքները չենք նկարել»: 

«Նախկին տնօրենը ժողով էր արել, բոլորիս ասել  էր, որ 1 ամիս պետք է աշխատենք եւ դրա համար չենք վճարվի: Ես էլ ասացի, որ շտապօգնության աշխատանքը շատ ծանր աշխատանք է, ես դիմում չեմ գրի: Մոսիկյանը Մարինե Բաղդասարյանին «կարգեց» մեր գլխին տնօրեն, եւ առանց նրա խոսքին համաձայնեցնելու մենք ոչինչ չէինք անում: Գնում էինք դիակ տեղափոխում, բերում էինք գումարները նրան տալիս: Նա էլ չէր մուծում, մենք հո գիտենք, թե ինչպես են մսխվել  այդ գումարները»,- հավելեց շտապօգնության բուժքույր Լյուդմիլա Կաղյան: 

Սուսաննա Ալեքսանյանն էլ նշեց, որ դատական նիստի ժամանակ  Մոսիկյանն ասել է, որ փակել է հիմնարկի 13 մլն պարտքը, շտապօգնության մեքենա է վերանորոգվել, սակայն ոչինչ էլ չի արվել: Ներկայիս տնօրենը պոլիկլինիկան պարտքով է վերցրել, իսկ Բաղդասարյան Մարինեին էլ աշխատանքից ազատել է փաստաթղթերը չներկայացնելու համար:

Պոլիկլինիկայի ներկայիս տնօրենը 3 տարի է, ինչ աշխատում է: Մեզ հետ զրույցում նշեց, որ հիմնարկի պարտքերը մոտ 13 մլն դրամ են կազմել, եղել են չվճարված աշխատավարձի պարտքեր, փակվել են: Մեր այն հարցին, թե ինչի հաշվին են պարտքերը մարվել, տնօրենն ասաց. «Պարզապես մենք ճիշտ հաշվարկներ կատարեցինք գնումների առումով, ակտիվացրեցինք վճարովի ծառայությունները եւ  ոչ թե հաստիքներ կրճատեցինք, այլ  այնպես արեցինք, որ եղած հաստիքներն օպտիմալ աշխատեն: Մնացել է 5 մլն դրամը մուծենք,  ժամանակացույց են տվել մինչեւ 2022թ.: Եթե դատարանը Մոսիկյանից չգանձի գումարը, մենք պետք է մարենք: Բայց ես կարող էի այդ գումարը ներդնել հիվանդանոցի վրա»: