Գյումրի. ՏԻՄ ընտրություննե՞ր, թե՞ քաղաքական խայտառակություն

Գյումրի. ՏԻՄ ընտրություննե՞ր, թե՞ քաղաքական խայտառակություն

Կարո՞ղ եք մի պահ պատկերացնել, որ Թրամփը քաղաքապետի իր թեկնածուին սատարելու նպատակով ժամանի Բոստոն, ելույթ ունենա, ցեխարձակումներ կատարի ԱՄՆ նախկին նախագահների ուղղությամբ եւ հայտարարի, որ սա բոստոնցիների վճռական ճակատամարտն է լինելու նախկինների դեմ: Հը, չի՞ ստացվում: Չի էլ ստացվի, որովհետեւ ՏԻՄ ընտրությունն իր նշանակությամբ երբեք այնքան չկա, որ դրա պատճառով Թրամփն իր երկիրը խայտառակի աշխարհով մեկ: Բացի այդ էլ՝ Թրամփն ԱՄՆ-ի թիվ մեկ պատասխանատուն է, ոչ թե Բոստոնի: Դե եկ ու այս պարզ բանը բացատրիր Նիկոլ Փաշինյանին:

Այ տղա, դու Հայաստանի թիվ մեկ պատասխանատուն ես, ի՞նչ գործ ունես Գյումրու եւ գյումրեցիների մատի ու մատանու արանքում: Ամեն տեղ քիթդ խոթում ես… Վանաձորում նույնը չարի՞ր, Ալավերդիում, Գորիսում, Կապանում, Սիսիանում… ո՞ր մեկն ասեմ: Դու, ախր, Հայաստանը ղեկավարում ես կառավարության տնից եւ եթե որեւէ մարզ ու քաղաք էլ մեկնես, պիտի գնաս ընդամենը քո կառավարման արդյունքներն ստուգելու՝ զուտ ծանոթացման կարգով: Էդ ո՞նց էիր քեզ պահում Գյումրիում՝ ինչ է թե գնացել էիր ՔՊ-իդ օգտին քարոզչություն անելու: Բա որ դու այդքան լավ ես կառավարում ողջ երկիրը, ինչո՞ւ է Գյումրիում ամեն ինչ այնքան վատ, որ անձամբ ես «քաղքի քուչեքն» ընկած, ոչ այն է՝ լուսավորիչ, ոչ այն է՝ ՀՀԿ-ական, ոչ այն է՝ ՔՊ-շնիկ Սարիկ «տռտռցնում»: Դու ուրիշ զբաղմունք չունե՞ս: Չէ-չէ մի՝ գալա միջոցառում… Ես կասեի՝ «գեներալով հարսնիք», որտեղ «գեներալը» խիստ «ազաբոչենի» տեսք ուներ, քանզի դեռ Երեւանից գիտեր, որ էն «թաժա» բանով՝ փրայմըրիզով անցած Սարիկը «ամոթից քիչըմ խեղճենար գը»:

Հասկացանք, ՔՊ-ի գործերը վատ են Գյումրիում: Այն էլ հասկացանք, որ դա հետեւանք է ՔՊ-ի եւ Նիկոլի կառավարության վատ աշխատանքի: Ինչո՞ւ, ուրեմն, այնպես անել, Նիկոլ, որ Գյումրիում անպայման ՔՊ-շնիկ քաղաքապետ լինի եւ քաղաքի գործերն ավելի վատացնի: Իմաստը… Յոթ տարի Գյումրիի հետ կապված քո միակ հիշողությունն այն է, որ Գյումրիից ես սկսել քայլել: Մի քանի անգամ էլ երեւի գնացել՝ «պեռաշկի» ես կերել: Սա չի՞ ամբողջը: Իսկ հիշո՞ւմ ես, թե ինչ խոստումներ ես տվել ՀՀ քաղաքացուն (ներառյալ՝ գյումրեցիներին) ու խաբել, «քցել», «թռել»: Քո գալու կապակցությամբ Գյումրու փողոցների ամայությունն ինչի՞ մասին էր խոսում, Նիկոլ, գալա միջոցառմանը գյումրեցիների բացակայությո՞ւնն ինչ էր ցույց տալիս, Նիկոլ, էն, որ եկել-շարվել էիք, ասես Գյումրու հոգեհանգստին եկած լինեիք, դա՞ ինչ էր, ինչո՞ւ տրամադրություն չունեիք: Ինչի՞ց ես այդպես վախեցած, Նիկոլ, չէ՞ որ անձնական օգտագործման ուսապարկդ հայտարարել էր, թե Գյումրիում նախկինների հետ «ասոցացվող» ուժերն անհարմար են զգում այդ «ասոցացումից», չէ՞ որ անձնական օգտագործման դդումներիցդ մեկն էլ հայտարարել էր, թե Գյումրիում «ինչքան ուզենաք, կխփեք» ու ՔՊ-ին ավագանիում կդարձնեք միանձնյա ղեկավար՝ առանց կոալիցիայի անհրաժեշտության: Բա որ ամեն ինչ այսքան լավ էր, ինչո՞ւ էիր ձեռքերդ փորատակիդ խաչած՝ աչքերդ շուռումուռ տալիս Երեւանից հետդ բերած «գյումրեցիների» շարքերի վրա:

Ասացիր՝ այս ՏԻՄ ընտրությունը վերջին ճակատամարտն է… Ինձ թվում է, Նիկոլ, որ դու աշխարհի միակ ժողովրդավար ղեկավարն ես, որն իր կյանքում երբեւէ ընտրությունն ու ճակատամարտը նույնացրել է: Իսկ ի՞նչ երաշխիք ունես, որ իր առօրյա կյանքով ապրող գյումրեցին պիտի ճակատամարտ տա հանուն մի Սարիկի, որի ղեկավարը կապիտուլյանտ, դավաճան, հողատու, երկրի դարպասները թշնամի թուրքի ու ադրբեջանցու առաջ բացող Նիկոլն է: Շա՞տ ես ուզում քաղաքականացնենք այս ընտրությունները… Դեմ չեմ: Մտքիդ ի՞նչ կա, այնպիսի մի աղմուկ բարձրացնել Գյումրիի ընտրությունների շուրջ, որ Կիրանցը մոռանա՞նք, որ առաջիկայում անկլավների հանձնումը չնկատե՞նք, որ Հայաստանի օկուպացված տարածքներից ձեռք քաշելուդ ուշադրություն չդարձնե՞նք, որ թուրք լրագրողների առաջ ծռմռվելդ աննկա՞տ մնա… Ի՞նչ է ուզածդ: Առնետ, «ռենջ ռովեր», «յաշիկ»՝ խառնել ես իրար, իբր հետ ես բերում, պատգամավոր ես բռնում, թիկնապահներ ես «պառկացնում ասֆալտին»… Մա՞րդ ես զարմացնում: Էս փոշու ամպերն ինչի՞ համար են:
Ինչո՞ւ է ինձ թվում, Նիկոլ, որ սա ոչ թե գյումրեցու, այլ քո վերջին ճակատամարտն է, վերջին կռիվը՝ Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ: Ես կառաջարկեի այդ ճակատամարտը չտալ, որովհետեւ դու վատ զորական ես, Նիկոլ, փորձիր խուսափել հերթական ամոթալի պարտությունից: Դու այդ շանսն ունես: