Ընդդիմությունը սկսում է համակերպվել Փաշինյանի գոյության հետ

Ընդդիմությունը սկսում է համակերպվել Փաշինյանի գոյության հետ

Վարչապետի հրաժարականը պահանջող խորհրդարանական ըդդիմությունը սկսել է կամաց-կամաց համակերպվել այն իրողությանը, որ Նիկոլ Փաշինյանը հեռացողը չէ: Եթե սկզբնական շրջանում նրանք գոնե բոյկոտում էին ԱԺ նիստերը, այդ թվում` կառավարության հետ հարցուպատասխանը, ապա հիմա խելոք գալիս մասնակցում են նիստերին, քննարկում իշխանության օրակարգով առաջ քաշած հարցերը` ասես ոչինչ էլ չի եղել, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ էլ գրանցվում և հանդարտ տոնով հարցեր են ուղղում «մեծարգո պարոն վարչապետին» ու նրա կառավարության անդամներին:

Մինչդեռ, մեկ ամիս առաջ գոնե սուր հարցերով ցույց էին տալիս իրենց վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ: Հիմա դա էլ առանձնապես չկա: Երեկվա հարցուպատասխանն էլ անցավ ընդդիմության կողմից հանդարտ ու «կառուցողական» մթնոլորտում, ասես` Նիկոլ Փաշինյանը չէր, որն, իրենց խոսքերով, «պարտության սիմվոլ» կամ «հողերը հանձնած» ղեկավար է և պետք է օր առաջ հեռանա: Ավելին, Լուսավորից Գևորգ Գորգիսյանը հատուկ ընդգծեց, որ իրենք Փաշինյանին չեն ասում «դավաճան» կամ «հողերը ծախած» ղեկավար, միայն ասում են, որ ինքը պարտված ղեկավար է, չի կարող Հայաստանի շահը ներկայացնել ու ճիշտ բանակցել և պետք է հեռանա: Բայց անգամ Գորգիսյանի այս «կառուցողական» ժեստը չփրկեց իրեն ու իր թիմին Փաշինյանի հիստերիկ հարձակումից: Վերջինս իրեն հատուկ մանիպուլյատիվ ու ճղճղան ձևով ամեն ինչի մեղքը բարդեց ընդդիմության վրա` փորձելով նվաստացնել Լուսավորին ու մյուս ընդդիմադիր ուժերին: Ավելին, Փաշինյանը հաճախ ուղղակի «լայաղ» չէր անում ԼՀԿ-ի պատգամավորների` իրեն ուղղված հարցերին անձամբ պատասխանել ամբիոնից ու իր փոխարեն փոխվարչապետերին էր ուղարկում, ինչը առնվազն էթիկայի կոպիտ խախտում է: ԲՀԿ-ական Շաքե Իսայանի` բավականին սուր հարցադրումներով հարցերին էլ Փաշինյանը ուղարկեց, որ Տիգրան Ավինյանը պատասխանի: Փոխարենը, ԲՀԿ-ից Արայիկ Աղաբաբյանը, թեպետ մի պահ տուրք տվեց Փաշինյանի մանիպուլյացիաներին, սկսելով արդարանալ, թե երբ են գնացել Արցախ, ինչպես են կռվել և այլն, այդուհանդերձ նրա երեսին նետեց, որ նախկինների միակ սխալը նրան իշխանության բերելն էր: