«Մեխն էլ է իրենց ձեռքը, մուրճն էլ», բայց Նիկոլ Փաշինյանը կրկին առանց վճռի ու փաստի է խոսում

«Մեխն էլ է իրենց ձեռքը, մուրճն էլ», բայց Նիկոլ Փաշինյանը կրկին առանց վճռի ու փաստի է խոսում

2019թ․ դեկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազը 15 տարի անց հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչների մասով նախաքննությունը կարճելու մասին որոշումը վերացրել է, ինչը նշանակում է, որ 1999թ․ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից գնում է քննության։ Պատմական որոշում՝ հետհեղափոխական Հայաստանում։ Բայց արի ու տես, որ դրանից անցել է 1․5 տարի, իսկ սայլը տեղից չի շարժվում։ Այն դեպքում, երբ, ինչպես կասեր դասականը, «մեխն էլ է իրենց ձեռքը, մուրճն էլ»։ 

Երեկ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում նախընտրական ելույթի ընթացքում մի շարք թափանցիկ ակնարկներ արեց Հոկտեմբերի 27-ի մասին․ «Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, այո, նրա օրոք Հայաստանի խորհրդարանում կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին: Որովհետեւ ո՞ւմ, եթե ոչ թուրքական գործակալների օրոք կարող էին դա անել: Եթե Ազգային անվտանգության ծառայությունը 1999-ին ղեկավարվեր թուրքական գործակալի կողմից, այո, կգնդակահարեին խորհրդարանում արցախյան հաղթանակի հեղինակին եւ Հայաստանն արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդին: Դա կարող էր տեղի ունենալ մի պայմաններում, եթե նրանց անվտանգությունն ապահովված լիներ թուրքական գործակալների կողմից»: Սա իբրեւ հակադարձում՝  թուրքական գործակալ լինելու մասին իրեն ուղղված մեղադրանքներին։

Ողջախոհության վարկածով առաջնորդվող որեւէ մեկը կմտածեր, թե գուցե Նիկոլ Փաշինյանն ի պաշտոնե ինչ-որ նոր տվյալների է տիրապետում՝ օգտվելով Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործի ընթացքից։ Զանգահարեցինք 27-ի գործի վերաբացման ամենամեծ ջատագովներից մեկին՝ տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանին։ Հարցրինք՝ նախաքննական մարմինը, որն այս ընթացքում մշտապես հավաստիացրել է, որ «լավ կլինի», գուցե ինչ-որ նոր տվյալնե՞ր է հաղորդել իրենց։ «Իբր ի՞նչ են ասել, որ դա ասեն։ Ոչինչ էլ դեռ չեն ասել»,- ասաց Անահիտ Բախշյանը։ Նա հավելեց, որ ինքն էլ է կիսում Փաշինյանի կարծիքը, որ Հոկտեմբերի 27-ի հետեւում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը։ Բայց կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը միշտ, առանց դատարանի վճռի նման բաներ հայտարարել։ Անահիտ Բախշյանն ասում է․ «Ճիշտ չեմ համարում, պետության գլխին կանգնած մարդն իրավունք ունի խոսելու այն մասին, ինչը փաստով ապացուցվել է»։ Զարմանալի ոչինչ չկա՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանակին ու մարտիմեկյան հանրահավաքին հայտարարում էր, որ Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտված է, հիմա էլ, ըստ էության, բացահայտված է համարում Հոկտեմբերի 27-ը։

Ինչ կարծիքի՞ է այդ մասին Ռոբերտ Քոչարյանը։ Հարցի պատասխանն անկալում էինք ստանալ Վիկտոր Սողոմոնյանից, խոսեցինք Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի հետ։ Քննարկե՞լ է իր պաշտպանյալի հետ։ «Չեմ քննարկել, չգիտեմ՝ պարոն Քոչարյանը կարդացե՞լ է, թե՞ ոչ։ Եթե ուշադրության արժանի ինչ-որ բաներ արտաբերած լինի Փաշինյանը, ուշադրությամբ կլսենք։ Եթե լինի էլի հերթական զրպարտությունը, հերթական անգամ դատի կտանք»,- ասաց Ալումյանը։

Հիշեցնենք, որ դատարանում առկա է Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդեմ Փաշինյանի 3 դատական հայց։ «Մեկի դեպքում եկավ՝ հրաժարվեց իր ասածներից, երկուսը դեռ քննության ընթացքում են»,- արձանագրեց Քոչարյանի փաստաբանը։ Հիշեցնենք, որ վերջին հայցն ընդամենը 6 օր առաջ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի Հանրապետության դեմ։

Ներկայացված հայցով պահանջ է դրվել՝ հաստատել հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը, հատուցել խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը, պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները եւ հատուցել զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը։ Հայցի պատճառը մարտի 1-ին՝ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի ելույթն է, որում ասել էր․ «2008 թվականի մարտի 1-ին իշխանությունները ժողովրդի դեմ տանկեր են հանել»։