Հնի ու նորի բաժանումը պետք է դադարեցնել

Հնի ու նորի բաժանումը պետք է դադարեցնել

Նախօրեին նոր շարժում է ձեւավորվել՝ «Հայ արարման հավաք» անունով, որի նախաձեռնողների թվում են ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանը, սահմանադրագետ Վարդան Այվազյանը, Վահան Հովհաննիսյանն ու Սուրեն Օքմինյանը, ով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան է: Շարժման բանաձեւն է՝ «Կոնսոլիդացիա՝ պլյուս մեկ»։

Արագած Ախոյանը երեկ մեր զրույցում չբացառեց, որ ապագայում կդառնան կուսակցություն։ Իսկ ի՞նչ նպատակով է շարժումը ստեղծվել․ ասաց, որ բոլորն ունեն նույն մտահոգությունները, եւ իրենց շփումների ու քննարկումների ժամանակ է շարժում ստեղծելու միտքն առաջացել։ Երկրում հեղափոխությունից հետո ձեւավորված աննախադեպ ժխտողական մթնոլորտը փոխելու նպատակով, մանավանդ՝ իրենք տեսնում են, որ 2018-ի հեղափոխությունից հետո երկրում խորքային եւ ինստիտուցիոնալ փոփոխություններ չեն իրականացվել.

«Մենք ուշադիր ենք լինելու քաղաքական-հասարակական կյանքին, մենք տեսանք, որ այսպես այլեւս չի կարելի, փոշիանում են 30 տարիների ընթացքում ստեղծված ինստիտուտները։ Մենք պատերազմական երկիր ենք, բայց վեր ենք կենում ու հայտարարում, որ նախագահի գլուխը կկոտրենք, պատերազմ անցած հերոսներին վիրավորում ենք։ Այս փոխադարձ ատելության մթնոլորտը վտանգավոր է։ Մենք մեր խոսքն ենք ասելու այս ամենի մասին։ Մահակներ չունենք, որ ձեր ասած՝ դաստիարակենք, բայց խոսք ասելու հնարավորություն ունենք»։ Ախոյանը հորդորում է իրենց շարժումը չկապել նախկիններից որեւէ մեկի հետ․ «Հնի ու նորի, սեւի ու սպիտակի բաժանելը պետք է դադարեցնել»։ Թե կոնկրետ ինչ քայլեր են անելու՝ «տեխնիկական հարցերը կլուծվեն առաջիկայում»։