Քանի՜ բուռ արցունք է թափել․․․

Այսօր Համո Սահյանի մահվան, մայրամուտի օրն է։ Մեր մեծերի կյանքի ամեն մի պատառիկ մասունք է։ Մոռացության փոշու միջից, եթե կարող ենք, պետք է հանել ու սրբությամբ պահ տանք գալիք սերունդներին։ Ժամանակի ոսկե զտիչով կփոշիանան փոքրերը, որոնք այսօր դաշտը զավթել են ու Մեծերին չեն հիշում անգամ։ Համո Սահյանն իր շատ ձեռագրերի վրա բռերով արցունք է թափել։ Թվում է, թե նա իր հայրենի լեռների ու ժայռերի պես պինդ ու ամուր էր, բայց նրա հոգին այնքան փխրուն էր, որ ամեն տողի վրա արցունք էր թափում։ Իր հողը, երկիրը շատ էր սիրում։
Համոյի հայրենասիրական բանաստեղծությունների ձեռագրերը նրա արցունքներից թրջված ու խունացած են։ Ասում են՝ նա թաքուն էր լաց լինում։ Ամեն մի տող երկնելուց՝ ամպում, անձրևում էր։ Երբեմն անզգույշ էր լաց լինում ու բռնվում էր․․․ Սա իր ամենամոտիկ մարդկանցից մեկն է ասել։ Չգիտեմ ինչու այսօր՝ նրա մահվան օրը, հենց նրա արցունքները հիշեցի և մտքովս մի բան անցավ՝ քանի՜ բուռ արցունք է թափել Համոն այս բանաստեղծությունը գրելիս․
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:
Կարծիքներ