Սուբսիդիաները տրվում էին կառավարության որոշումներով

Սուբսիդիաները տրվում էին կառավարության որոշումներով

Հատուկ քննչական ծառայությունը երեկ մեղադրանք առաջադրեց Սերժ Սարգսյանի նկատմամբ, որը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին։ Տեղեկացել էինք, որ այս մեղադրանքն առաջադրվել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքների հիման վրա։ Սերգո Կարապետյանը, ինչպեսեւ սպասվում էր, որեւէ անծանոթ զանգի չի պատասխանում, ավելին՝ երեկ նրա հեռախոսն անջատված էր։

Ստիպված զանգահարեցինք նրա նախկին տեղակալներից երկուսին՝ Ռոբերտ Մակարյանին եւ Գառնիկ Պետրոսյանին, որոնք երկուսն էլ ասացին, որ սուբսիդիաներն իրենք չեն կոորդինացրել։ Ենթադրվում է, որ կուրացիան իրականացրել է Սամվել Գալստյանը։ Ինչեւէ, երկուսն էլ նշված գործի շրջանակներում չեն հրավիրվել նախաքննություն իրականացնող մարմնի կողմից։

Գառնիկ Պետրոսյանը, ի պատասխան հարցին, ասաց․ «Բացառվում է, ինձ բացարձակապես չեն կարա կանչեն, որովհետեւ, անհամեստ չլինեմ, ես ընդհանրապես որեւէ բանի չեմ խառնվել։ Ես բացի իմ աշխատավարձից ուրիշ ոչինչ չեմ ստացել»։ Երկար տարիներ գյուղփոխնախարար աշխատած Պետրոսյանին հարցրինք նաեւ՝ ինչպե՞ս էին այդ սուբսիդավորման հարցերը կարգավորվում նախարարությունում։ Ասաց․ «Չգիտեմ՝ ի՞նչ իմանամ՝ ոնց էին կարգավորվում։ Սուբսիդիան նախատեսվում էր, կառավարության որոշումով էդ ամենը տրվում էր։ Մնացած մեխանիզմներին ծանոթ չեմ»։ Ռոբերտ Մակարյանն էլ ոչնչից տեղյակ չէր, եւ տպավորություն էր, որ կատարվածի մասին իմանում է մեզնից։