Կախվածի տանը պարանից չեն խոսի

Կախվածի տանը պարանից չեն խոսի

Եթե մենք ամեն անգամ սեւեռվենք ՀՀ վարչապետ Փաշինյանի բարձրաձայնած, շատ ներողություն, հիմարությունների վրա ու ամեն հիմարություն այսքան քննարկենք, ոչ մի տեղ չենք հասնի: Այդ մարդն ամեն քայլափոխի մի բան ասում է, ամեն գյուղ մտնելով եւ այդ գյուղի գլխարկը դնելով՝ մի բան բլթացնում է, ամեն գործուղման ժամանակ երկիրը խայտառակելու մի ձեւ գտնում է, ամեն անգամ մարդ ընդունելիս՝ նախապես գրված մի բարդ ստորադասական նախադասություն կարդում է… Հետո՞, հո կրակը չընկա՞նք, որ նա Նիկոլ Փաշինյանն է, ուրեմն պետք է նրա բոլոր ասածներն ու արածները քննարկե՞նք: Մենք, ինչ է, հասել ենք «Всеми уважаемый Леонид Ильич Брежнев»-ի ժամանակնե՞րը: Նիկոլն էլ էլի՝ անհաղթ հերոս քաջն Նիկոլ, ամեն խոսքը մի «պրիկոլ»: Է՛լ պատգամավորական հարցապնդումներ, է՛լ ՔՊ-ական ներբողներ, է՛լ գիտելիքահեն պրպտումներ… 

Բոլորն ուզում են անպայման հասկացած լինել, թե ինչ է ասել Նիկոլն այսինչ թվի այսինչ օրը, այնինչ մարդու հետ այնինչ հանդիպմանը: Ախպոր պես, այդ խեղկատակության թարգը տվեք: Անիմաստ գործով ենք զբաղված: Ավելի լավ է՝ հայերեն մտածել ու հայերեն խոսել սովորենք: Ու, եթե սովորենք, կհասկանանք, որ «Արցախի հարցը պարան էր Հայաստանի վզին» եւ «Արցախը պարան էր Հայաստանի վզին» արտահայտությունները նույն բանն են, բառի բուն իմաստով՝ նույն բանը: Կարիք չկա որեւէ լեզվաբանական վերլուծության, որպեսզի հասկանանք, որ երկու տարբերակն էլ նույն բանն են նշանակում՝ Հայաստանը պետք է ազատել «Արցախի հարցից» կամ «Արցախից»: Տարբերություն տեսնո՞ւմ եք: Ես չեմ տեսնում: Արցախի հարցը՝ դա նույն Արցախն է, ինչպես Հայաստանի հարցը՝ Հայաստանը: Ինձ որ մնա, կասեմ՝ Նիկոլի գալով Հայաստանը պարան դարձավ Արցախի վզին: Մինչեւ նրա գալը Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն էր, իսկ նրա գալուց հետո, դա 2018թ. ապրիլի 23-ին էր, Արցախի գլխին ամպեր կուտակվեցին: Թե բա՝ ինձ ասում են՝ դու եկել ես, որ Արցախը հանձնես… Եվ ի՞նչ, սխա՞լ էինք ասում, չե՞ս հանձնել, Հայաստանի պարանով չկախեցի՞ր Արցախը:

Էն Պետրոս Ղազարյանն էլ, իբր ոսկեղենիկ հայերենի մասնագետ է, Բագրատ սրբազանին է փորձում նեղը դնել, թե ինչու եք կեղծում Փաշինյանի խոսքը, թե բա՝ Փաշինյանը չի ասել՝ Արցախը պարան էր Հայաստանի վզին: Ասել է, Պետրոս, ասել է, ավելի ճիշտ՝ ստել է, խաբել է մեզ, համոզել, որ եթե Արցախը տանք, այդ թոկից կազատվենք ու կսկսենք հանգիստ ապրել: Այսինքն՝ այստեղ քննարկման բուն հարցը ոչ թե պարանն է, այլ Նիկոլի ստախոսությունը, քաղաքականությունից ոչինչ չհասկանալը, թափթփվածությունը, անպատասխանատվությունը, իր կատարած դավաճանության չափերը չընկալելը, ազգային արժեքներն ու ժողովրդի ձեռքբերումները չգնահատելը, օտար ու անհասկանալի «արժեքների» հետեւից ընկնելը, հարցերից խուսափելու եւ դրանք լղոզելու վարպետությունը: Ես մի օր Նիկոլի այս հատկությունների մասին գիրք կգրեմ: Վերնագիրն արդեն պատրաստ է՝ «Մատնոց ֆռցԸնելու նուրբ արվեստը»: Բա չէ, զահլա կա՝ Նիկոլն այս ասաց, Նիկոլն այսպես ասաց, Նիկոլը «տենց» չասաց, Նիկոլը «սենց» ասաց… Նիկոլը նախ թող սովորի չասել՝ «պետկ ա», նախ թող հրաժարվի ԱԺ ամբիոնի մոտ հետույքը քորելու տգեղ սովորությունից եւ հետո բանավեճի մեջ մտնի իր այս կամ այն հիմար միտքը պաշտպանելու համար: Իսկ մենք էլ պետք է սովորենք նրա մտքերին չանդրադառնալ ու ամեն անգամ նրա աչքը չմտցնել այդ հիմարությունները: Դրանից Նիկոլը նեղվում է, զայրանում, ընդհուպ՝ քաջքոտում (դիվոտում):

Սրբազան շարժման հոկտեմբերի 2-ի հանրահավաքում ոստիկանները մեզնից շատ էին: Հանրահավաքից ժամեր առաջ ԱԱԾ-ի եւ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրություններից պարզ էր արդեն, որ այդպես է լինելու: Ինչ սորտի ոստիկան ասես, որ չէին բերել-լցրել հրապարակ. է՛լ վազքով տեղաշարժվող, է՛լ վահանակիր, է՛լ մկունդակիր, է՛լ սաղավարտակիր, է՛լ գրոհային, է՛լ պահակազորային… Մեծամասամբ՝ խոշոր տղաներ, որոնց համար, վստահ եմ, էական չէր, թե Նիկոլն ինչ է ասել՝ «Արցախի հա՞րցն էր պարան», թե՞ «Արցախն էր պարան» Հայաստանի վզին: Նրանք փաթթած ունեին այդ կարգի լեզվական նրբությունները: Նրանք նույնիսկ չգիտեին, որ Հանրապետության հրապարակ էին եկել (բերվել) որպես ռեկվիզիտներ՝ ցուցադրելու Նիկոլի կողմից «ժողովրդավարության բաստիոն» հորջորջված Հայաստանի ողջ պերճանքն ու թշվառությունը: Ի՞նչ եք առաջարկում, հիմա ես սկսեմ քննարկել՝ Հայաստանը «ժողովրդավարության, թե խեղկատակության բաստիոն է» հա՞րցը:

Պարզ չէ՞, որ Նիկոլի ժողովրդավարությունը նույն խեղկատակությունն է, որ մեզ հրամցվում է իբրեւ առաջընթաց: Նիկոլը մի անգամ նույնիսկ ասել է, որ ժողովրդավարությունը (դեմոքըրսին) ուժ է: Հոկտեմբերի 2-ին ես այդ տարատեսակ համազգեստներով ուժը տեսա կառավարության տան շրջակայքում: Կարող է հարց առաջանալ՝ բա որ Բագրատ սրբազանը մտավ Հ1, դեմոքըրսի չէ՞ր: Չգիտեմ, ժողովուրդ ջան, ես եկեղեցու դեմոկրատական հայացքների մասնագետ չեմ ու փորձում եմ հնարավորինս քիչ քննել Աստծո գործերը: Ինձ թվում է, որ, դիցուք, այս դեպքը կարելի է մեկնաբանել որպես Բագրատ սրբազանի այց իր որդյակ Պետրոսին, որն ուներ տեխնիկական մեծ հնարավորություններ՝ Սրբազանի խոսքը բոլոր հայաստանցիներին հասցնելու: Իսկ թե ինչպես է պատահել, որ տեխնիկական այդ միջոցները տիրապետում է բոլոր ղեկավարների օրոք «հերետիկոս» աշխատած Պետրոսը, արդեն դեմոքըրսիի հարց է, «ժողովրդավարության բաստիոնի» պերճանքի ու թշվառության ցուցիչ: