Վիրավորանքին վիրավորանքով պատասխանելով՝ դու խորացնում ես ատելության մթնոլորտը

Վիրավորանքին վիրավորանքով պատասխանելով՝ դու խորացնում ես ատելության մթնոլորտը

Հարցազրույց բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի հետ


- Պարոն Բաբայան, վերջին շրջանում սոցիալական ցանցերում ատելության մթնոլորտն աճել է․ համացանցը լի է հայհոյանքներով, ծաղրի, ատելության խոսքերով։ Ձեր կարծիքով, ինչո՞վ է դա պայմանավորված։

- Չեմ կարծում, որ սա նոր երեւույթ է, գուցե համացանցը հնարավորություն տվեց նոր արտահայտվել։ Դժվար է պատկերացնել կիրթ մարդու, որը տրվում է ընդհանուր հոսքին ու սկսում է տարածել ատելություն, հայհոյանք, վիրավորանք։ Սա ընդհանուր կրթական ցածր մակարդակի արդյունքն է, նաեւ՝ որոշակի պարզունակ մոտեցման, որ եթե վիրավորանքին պատասխանում ես վիրավորանքով, ուրեմն ինչ-որ հարցեր լուծում ես։ Վերջին 4 տարիների ընթացքում, «Սասնա ծռերի» հայտնի իրադարձություններից հետո, այնքան վիրավորանք է գրվել սոցցանցերում իմ հասցեին եւ ոչ մի բան իմ կողմից, չեմ կարող ասել, որ շատ հանգիստ եմ դա տարել, բայց նպատակահարմար չեմ գտել պատասխանել դրան, որովհետեւ վիրավորանքին վիրավորանքով պատասխանելով՝ դու խորացնում ես ատելության մթնոլորտը։ Ավելին ասեմ․ համացանցն այնքան էլ ոչ օբյեկտիվ պատկեր է ստեղծում այն ամենի մասով, ինչ կատարվում է հասարակության մեջ։ Ուղղակի համացանցը դարձել է այդ ատելությունը կոնսերվացված ձեւով ցուցադրելու տեղ, որովհետեւ հանրության մեջ, տարբեր հաստատություններում ես նման ատելության մթնոլորտ չեմ նկատում։ Գուցե սա գալիս է նրանից, որ մեր կյանքը չափից ավելի գերքաղաքականացված է, եւ մարդիկ ոչ այնքան փորձում են ինքնուրույն դատել տարբեր իրադարձությունների մասին, որքան միանգամից դառնում են այս կամ այն քաղաքական ուժի կողմնակիցն ու հակառակորդը՝ մերժելով ամեն ինչ։ Սա նույն ձեւով վերաբերում է ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը։

- Նշեցիք կրթական ցածր մակարդակի մասին, բայց դրանից դուրս տեսնում ենք նաեւ, որ անհատներն էլ են նպաստում մթնոլորտը շիկացնելուն՝ հասարակությունը բաժանելով սեւերի ու սպիտակների, սորոսականների ու պիցայակերների։ Եվ դրանք արդեն ոչ թե ֆեյք օգտատերեր են, այլ՝ հասարակական-քաղաքական գործիչներ։

- Պիտակավորումները գալիս են հիմնավորումների բացակայությունից, երբ չկա պարզ տրամաբանություն, սահմանափակվում ես պիտակավորումներով։ Մենք իրականում այդ պիտակները միշտ էլ կպցրել ենք՝ սեռական, ազգային առումով․ սա նոր բան չէ եւ պետք է հաղթահարել՝ առանց վիրավորելու։ Հենց ատելությանը պատասխանում ես ատելությամբ, հայտնվում ես նույն դաշտում, եւ այստեղից սկսվում է մի կաթիլ մեղրի պատմությունը՝ ով առաջինը սկսեց․․․։ Ընդդիմախոսի սրիկա լինելը չի արդարացնում եւ չի պարտադրում, որ ես էլ սրիկա լինեմ։ Նկատել եմ․ երբ քո հանդեպ վիրավորանքին նույն ձեւով չես պատասխանում, ատելություն չես սերմանում, այդ վիրավորանքը քո հանդեպ շատ շուտ մարում է, որովհետեւ չի ստանում, այսպես ասած՝ «պարարտանյութ»՝ աճելու համար։ Անընդհատ ասում ենք՝ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, եկեղեցիներ ենք կառուցում, դասախոսություններ կարդում, դե, մի քիչ քրիստոնյա լինենք՝ իրական քրիստոնյա, ոչ թե մոմ վառող ու եկեղեցի կառուցող։ Բրոդսկուն երբ հարցրել են հավատքի մասին, ասել է՝ ես քրիստոնյա եմ, որպեսզի չլինեմ բարբարոս։ Մի բան եւս․ մեզ հոգնեցրել են քաղաքական թիմերի ու գործիչների բարոյական մեղադրանքներն իրար հանդեպ, վերջացրեք, որեւէ մեկն իրավունք չունի բարոյական պահանջներ ներկայացնելու ուրիշին։ Այդ բարոյական մեղադրանքներն իրար հանդեպ բերում են նրան, որ ասում ենք՝ այ մարդ, բոլորդ էլ նույնն եք։ Տեղափոխեք խոսակցությունն այլ դաշտ՝ կրթական, առողջապահական, մշակութային, տնտեսական, որովհետեւ բացի նեղ շրջանակից, հանրության մեծամասնությունը դա չի ընկալում եւ երբեք չի ընկալի, որ մի կողմում միայն սեւերն են, մյուս կողմում՝ սպիտակները։ 

- Այսօր դավադիրներ են փնտրում նաեւ կառավարության ներսում, մատնանշում կառավարության այն անդամներին, նախարարներին, ովքեր, դիցուք, սորոսական են եւ ազդում են կառավարության քաղաքականության վրա։ Տեղի՞ն են այդ «մտահոգությունները»։  

- Մի մասը տրվում է միամտությունների, եւ դա հին պատմություն է, ժամանակին ման էին գալիս ինչ-որ դավադրություններ, առաջ կապիտալիստներն էին՝ Սովետական Միության ժամանակ, հիմա նույն բանը կատարվում է Ռուսաստանում, մեզ մոտ հիմնականում դա է, բայց, ցավոք, նրանք, ովքեր ղեկավարում են դա, այդքան միամիտ ու պարզունակ չեն եւ հոյակապ հասկանում են, որ այն ամենը, ինչ ասում են, բացարձակ կապ չունի իրականության հետ, որովհետեւ բավական է նայել այդ բոլոր ծրագրերը, ֆինանսավորումները, թե ուր են գնացել, ովքեր են օգտվել, եւ մենք կտեսնենք, որ սա ունի շատ կոնկրետ մի խնդիր՝ զարգացնել քաղաքացիական հասարակությունը եւ կառավարություններին դարձնել պատասխանատու քաղաքացիական հասարակության առաջ։ Սա է, որովհետեւ պետությունը զարգանում է այն ժամանակ, երբ զարգանում է քաղաքացիական հասարակությունը։

- Հիմա մենք ո՞ր փուլում ենք, կառավարությունը դարձե՞լ է պատասխանատու քաղաքացիական հասարակության առաջ։

- Կարծում եմ՝ մանիպուլյացիայի մասով հետաքրքիր բաներ են կատարվում, բազմաթիվ անգամ օրինակ է բերվել, որ գործում է «Բաց հասարակության հիմնադրամի» գրասենյակը, եւ որեւէ խնդիր չի առաջացել, առողջապահության, կրթության նախարարություններն իրենց ծրագրերն են իրականացրել, Հայ առաքելական եկեղեցին՝ իր հերթին, էլ չասեմ, որ ՀՀ կինո հանրագիտարականը տպվել է էլի այս հիմնադրամի աջակցությամբ։ Ինչո՞ւ է հիմա այսպիսի աղմուկ բարձրանում նրանցից, ովքեր նախկին իշխանությունների ներկայացուցիչներ են։ Բոլոր դեպքերում, կապերը մնացել են արեւմտյան գործընկերների հետ, եւ կա մի կարեւոր խնդիր՝ ապացուցել, որ այն, ինչ անվանվում է ժողովրդավարություն, եւ այն, ինչ կատարվում է երկրում, իրականում ժողովրդավարության հետ որեւէ կապ չունի։ Մնացած բոլոր խաղերը, որ սատանիստներ են, ուզում են մեր ազգը կործանել, ծիծաղելի է, պատկերացնո՞ւմ եք՝ Սորոսը նստած մտածում է, թե ոնց անի՝ հայ ազգը կործանի։ Երբ չկա լուսավորություն, կրթություն, առաջ են գալիս այս տեսակ վախերը՝ սրանք կգան, մեզ կկործանեն, սատանիստները, տրանսգենդերները, սորոսականները, բոլորը հավաքված՝ ուզում են  հայ ազգը կործանել․․․։ Մենք այսօր նախեւառաջ ունենք կրթության պակաս, եւ, ցավոք, մեր ամբողջ կրթական համակարգն ուղղված է եղել եւ լուծել է խնդիրներ, որոնք կրթության հետ որեւէ կապ չունեն՝ սկսած ընտրական տեղամասերից, վերջացրած բուհերի մեծամասամբ ձեւական տված կրթությունով եւ այլն։ Ի դեպ, Սորոսի հիմնական սկզբունքներից մեկը հենց հավասար կրթությունն է, հավասար պայմաններ բոլորի համար, որպեսզի ցանկացած տեղ ապրող ՀՀ քաղաքացին կարողանա ստանալ համապատասխան կրթություն։ Մինչեւ մենք չունենանք կրթված հասարակություն, կարող ենք հարյուր անգամ փոխել իշխանությունը։ Ինչքանով զարգացած կլինի մեր հասարակությունը, այնքանով զարգացած կլինի մեր երկիրը, եւ այդ կրթվածությունն օդից չի ընկնելու, կա՛մ մենք ուշադրություն ենք դարձնելու դպրոցների, բուհերի հանդեպ, կա՛մ կունենանք այն, ինչ կունենանք՝ վախեր, այսպես ասած՝ սատանիստներ, կապուտաչյա աչքերով ու մազերով մարդիկ, միասեռականներ։