Ադրբեջանն ու Պակիստանը ցանկանում են ՀԱՊԿ դիտորդ-գործընկերոջ կարգավիճակ ստանալ

Ադրբեջանն ու Պակիստանը ցանկանում են ՀԱՊԿ դիտորդ-գործընկերոջ կարգավիճակ ստանալ

Հուլիսի 1-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստ: Նիստում որոշվել է հիմնել ՀԱՊԿ գործընկեր պետությունների ինստիտուտը:

Գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի մամուլի ծառայությանը հայտնել է, որ ինստիտուտ հիմնելու համապատասխան առաջարկով հանդես է եկել Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

Պետդումայի նախագահը նշել է, որ դիտորդ-գործընկերները որոշիչ ձայն չեն ունենա ՀԱՊԿ կառույցներում, բայց «իրավունք կստանան մասնակցելու փաստաթղթերի նախապատրաստմանն ու հավաքական որոշումների մշակմանը»: Վոլոդինի խոսքերով՝ պետություններին ՀԱՊԿ գործընկերոջ պաշտոնական կարգավիճակ շնորհելը «լրացուցիչ հնարավորություններ կտրամադրի մեր սկզբունքները կիսող երկրների հետ ընդլայնել փոխգործակցությունն» ու կդյուրացնի համակարգումը «միջազգային հարթակներում հավաքական օրակարգը առաջ տանել և պահպանել»:

Դումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը մանրամասնել է գործընկեր երկրների կարգավիճակի համար դիմող երկրների անունները։ Ըստ նրա՝ «երկու երկրներ ամենամեծ հետաքրքրությունն են ցուցաբերում նոր ձեւաչափի նկատմամբ»՝ Ադրբեջանն ու Պակիստանը: 

Կալաշնիկովի խոսքերով՝ «չնայած դրա մասին խոսելը ընդունված չէ», հայտնի է, որ այդ երկրները վաղուց էին ցանկություն հայտնել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ձեռք բերել:

Նշենք, որ Պակիստանը աջակցում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Բացի այդ, երկու երկրները սերտ համագործակցում են ռազմական ոլորտում։