Ժամանակը թանկ է, ոսկի է, մենք դա ոչ պակաս ենք հասկանում, քան ցանկացած գրառումատեր

Ժամանակը թանկ է, ոսկի է, մենք դա ոչ պակաս ենք հասկանում, քան ցանկացած գրառումատեր

Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին սանձազերծած պատերազմը  երկրում իսկական քաոս է առաջացրել։ Պատերազմը մոտեցավ մարդկանց, ովքեր դրա հոտը հեռվից էին զգում, դրա մասին միայն հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերով էին լսում ու տեղեկանում։ Սեպտեմբերյան այս պատերազմը երկու օրում խլեց հարյուրավոր կյանքեր, դեռ անհետ կորածների թիվն էլ ստույգ չէ։  Եւ չնայած մի քանի օր է  լռություն է, սակայն պատերազմը վերսկսվելու հավանականությունը մեծ է։ Ժողովրդի մոտ այս  պատերազմը ոչ միայն անորոշություն, վախ ու տագնապ է առաջացրել, այլև խառնաշփոթ: Որոշ դեպքերում այս քաոսին նպաստել են նաեւ ֆեյսբուքյան որոշ օգտատերերի արած գրառումները, որոնք հորդորում են մարդկանց զգոն լինել, պատրաստ լինել` ամեն պահի, գրում են, որ հնարավոր է լայնամասշտաբ պատերազմ սկսվի` պետք է ունենալ պատրաստի պայուսակ` առաջին անհրաժեշտության եւ բուժօգնության պարագաներով, որպեսզի առաջին իսկ  տագնապի ազդանշանի դեպքում իջնեն իրենց բնակավայրին մոտ գտնվող ապաստարանը։

Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Լևոն Սարդարյանից հետաքրքրվեցինք՝ ինչ միջոցառումներ են իրականացվում՝ ապաստարանները կահավորելու, բնակիչներին դրանց մասին իրազեկելու մասով․

«Քաղաքապետը այս մասով վաղուց է հանձնարարականներ տվել, գործընթացներն իրականացվում են․ ուսումնասիրվում են բոլոր բնակելի շենքերի նկուղները, գնահատականներ տրվում, թե ինչ վիճակում են այդ նկուղները, շինաղբ կա, թե չկա, բնակիչների հաշվառում է տեղի ունենում և այլն։ Բոլոր տարբերակները մշակված են և Քաղաքապետարանի, և ԱԻՆ-ի, և Պաշտպանության նախարարության հետ համակարգմամբ։ Որևէ արտառոց բան չկա այս պահին։ Մեր որոշ գործընկերների կողմից սոցիալական ցանցերով ստեղծած այս խառնաշփոթը ես առողջ չեմ համարում։ Ցանկացած անհրաժեշտ տեղեկատվություն՝ անհրաժեշտ պահին, հանրությանը կմատուցվի։ Հանրությունը տեղյակ կլինի՝ ինչ  է պետք անել, ոնց է պետք անել։ Ձեր ասած ժամանակը, այո, թանկ է ու ոսկի է, ու մենք դա ոչ պակաս ենք հասկանում, քան ցանկացած գրառումատեր»։