Մալխաս․ սիրված ջազմեն, թե՞ իշխանական «մտավորական»

Մալխաս․ սիրված ջազմեն, թե՞ իշխանական «մտավորական»

Ջազմեն Մալխասի՝ Լեւոն Մալխասյանի «ոսկե դարը» Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում էր։ Այդ շրջանում բացվեց նրա Ջազ-ակումբը, այդ շրջանում իշխանությունները եւ հատկապես՝ նախագահ Քոչարյանը սկսեցին հաճախ այցելել ջազ լսելու, իրենց հյուրերին տանել նրա ջազ-ակումբ, նրա հետ սեղան նստել, բաժակ բարձրացնել։ Մալխասին ընդունում էին նախագահականում, ուշադիր էին նրա հանդեպ, ոչ մի ցանկություն չէր մերժվում։ Դա է պատճառը, որ Քոչարյանի կողմնակիցները՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար մտավորականների ստորագրահավաք անելիս, առաջինն այցելել էին նրան։ Եւ որքան մեծ էր եղել նրանց զարմանքը, երբ Մալխասը հրաժարվել էր այդ տեքստի տակ ստորագրելուց, թե՝ ինձ հարվածի տակ մի դրեք։ Ավելի ուշ, երբ նրան սկսեցին հաճախ տեսնել տարբեր համերգների ժամանակ՝ Աննա Հակոբյանի կողքը նստած, իսկ նախօրեին էլ վարչապետն ու իր տիկինը նրան պատվեցին՝ հոբելյանական համերգին ներկա գտնվելով, երբ նույն Նիկոլ Փաշինյանն, օրինակ, Փաստաբանների 101-ամյակի հանդիսավոր նիստին չէր գնացել, հասկանալի դարձավ, թե ինչումն է բանը։

Պարզ է, որ մեր մտավորական կոչվածները իշխանական կերակրատաշտին կցված լինելով, իրենց շատ հարմարավետ են զգում։ Բայց թվում է՝ Մալխասի ոչ եկամուտները, ոչ հանրային հարգանքը, ոչ հեղինակությունը, ոչ նրա ակումբի ու առհասարակ՝ ջազի գոյությունը կախված չէ վարչապետի անձից ու բարեհաճությունից, բայց վարչապետական հովանու ներքո լինելը, հավանաբար, շոյում է մեր մտավորականների ինքնասիրությունը։ Չնայած նրանց հիմնովին հեռացնում է մտավորականի իրական կոչումից։