Հարցրեք Արման Բաբաջանյանից, թե ինչու նա մեզ չի ընդդիմանում

Հարցրեք Արման Բաբաջանյանից, թե ինչու նա մեզ չի ընդդիմանում

Իրեն անկախ պատգամավոր հռչակած Բաբաջանյան Արմանը երեկ, չգիտես ինչու, իր վրա վերցրեց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ակնարկը՝ երեքտառանոց բառի վերաբերյալ, եւ սկսեց ամբիոնից հորդորել, որ ԲՀԿ-ից ինչ-որ մեկը ներողություն խնդրի դրա համար:

Բաբաջանյանի ելույթը վիճաբանություն, ապա նաեւ քաշքշուկ հրահրեց պատգամավորների միջեւ: ԲՀԿ-ականները հարձակվեցին Բաբաջանյանի վրա, «Իմ քայլի» պատգամավորները նետվեցին նրան պաշտպանելու, որ ԲՀԿ-ականները, երեւի, այդ «անպաշտպան էակին» «չփռեն ասֆալտին»: Ի դեպ, ԼՀԿ-ականներն այդ միջադեպի ժամանակ ստանձնել էին հանդիսատեսի դեր․ քամահրական ժպիտը դեմքներին՝ հետեւում էին, թե ինչպես են կողմերն իրար «ուտում»:

«Իմ քայլի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանից, որը եւս Բաբաջանյանին կրծքով պաշտպանողների շարքում էր, հետաքրքրվեցինք՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ինչո՞վ եւ ինչո՞ւ է վայելում իշխանության համակրանքը, որ երեկվա միջադեպում իմքայլականները բռնեցին նրա կողմը: 

«Ուրեմն նշեմ, որ կլիներ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, թե ուրիշը եւ թե կլիներ, ենթադրենք, «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի միջեւ վեճ, ես հաստատ կցուցաբերեի նույն վարքագիծը ու կգնայի բաժանելու, որպեսզի հանկարծ հարցը չհասներ քաշքշուկների, առավել եւս՝ հարվածների: Սա՝ մեկ: Երկրորդը․ առանց որեւիցե մեկին առավելություն տալու կամ մոտ ընդունելու, ես իմ պարտքն եմ համարում, նաեւ վստահ եմ՝ իմ այն գործընկերները, որոնք «Իմ քայլից» միացել են, իրենք էլ իրենց պարտքն են համարել գնալ միջամտել զուտ մարդկայնորեն, որպեսզի թույլ չտան, որ կռիվ լինի: Սա ամենեւին կապված չէ որեւէ մեկի գործունեության հետ»,- ասաց Փամբուխչյանը: 

- Այդուհանդերձ, Բաբաջանյան Արմանի հանդեպ իշխանությունը կարծես թե համակրանք ունի, քանզի նա, անկախ լինելով, ավելի շատ իշխանության դաշտում է գործում, եւ ասում են՝ ձեզ հետ համագործակցության մեջ է, ձեր թաքնված պլանները հենց նրա ձեռամբ են կյանքի կոչվում:

- Ես չեմ կիսում Ձեր այս պնդումը, որովհետեւ նա իր գործունեությամբ է զբաղվում, մենք մեր գործունեությամբ ենք զբաղվում, եւ ես Ձեր այս պնդումը չեմ կիսում:

- Եթե նախկինների հետ զուգահեռներ անցկացնենք, ասում են, որ հիմա էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն «անկախացրեց» Արման Բաբաջանյանին՝ ԼՀԿ-ն պառակտելով, որ իր համար ֆիկտիվ ընդդիմություն ստեղծի:

- Ես կարծում եմ՝ լրիվ անհիմն են նման պնդումները, ես չեմ ուզում, անկեղծ ասած, մեկնաբանել նման հարցը, որովհետեւ կարող եք Դուք մի քանի մամուլում գրված կամ շրջանառվող լուրեր ասել, ես չեմ կարող բոլորը մեկնաբանել, մենք ոչ մեկի ո՛չ անկախացնում ենք, ո՛չ միավորում ենք, մենք մեր քաղաքական թիմով, որով եկել ենք Ազգային ժողով, դա է մեր քաղաքական թիմը, եւ մնացած բոլոր թիմերին եւ անհատներին մենք ընկալում ենք որպես մեզ ընդդիմախոս եւ ընդդիմություն:

- Բայց Բաբաջանյան Արմանը ձեզ այդքան էլ չի ընդդիմանում, ավելի շատ ձեր գիծն է առաջ տանում:

- Դե, ուրեմն հարցրեք Արման Բաբաջանյանից, թե ինչու նա մեզ չի ընդդիմանում:

- Ձեզ դո՞ւր է գալիս նրա գործունեությունը:

- Մեզ ո՛չ դուր է գալիս, ո՛չ վնասում է դա, առավել եւս, որ ո՛չ վնասում է դա, ո՛չ էլ մեզ դուր գալու հարց կա: Արման Բաբաջանյանն ինչ-որ հարցերում գուցե կիսում է մեր տեսակետները, ինչպես որ նաեւ կիսում են ԼՀԿ եւ ԲՀԿ խմբակցության անդամները, եւ երբեմն, Դուք տեսած կլինեք, որ մեր օրենսդրական նախաձեռնություններում «կողմ» ելույթներ են ունենում թե՛ ԲՀԿ-ից եւ թե՛ «Լուսավորից»: Այսինքն՝ այստեղ զուտ գործնական հարաբերություններ են, ես կարծում եմ՝ ոչ մի խնդիր չկա:

- Պարզապես այս կարծիքը բխում է ոչ թե մամուլի տեղեկություններից, այլ հենց Բաբաջանյան Արմանի ելույթներից, նրա բերած նախագծերից, նրա տված հաղորդումներից իրավապահ մարմիններին, որոնք ավելի շատ իշխանության սրտով են:

- Ես պատասխանեցի Ձեր հարցին, որ մենք ոչ մի դիտավորյալ քայլ չենք արել՝ այս կամ այն մարդուն բերել, տանել, պառակտել եւ այլն, եւ առավել եւս՝ մենք չունենք մեր ընդդիմությունը, ինչպես որ եղել է նախկինում: Մենք ինչ հայտարարում ենք, այդ հայտարարություններում ազնիվ ենք եւ խաղում ենք այդ ամենը: Այսինքն՝ մենք չունենք կեղծ ընդդիմություններ ստեղծած եւ չենք էլ ստեղծելու, որովհետեւ մենք դրա կարիքը չունենք: