Եթե «կրել», ապա միայն մեծ խաղում

Եթե «կրել», ապա միայն մեծ խաղում

Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մեջ ինձ համար երկու նորություն կար: Առաջինը նրա այն դիտարկումն էր, թե այդ ինչպե՞ս է պատահել, որ հիվանդանոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, եկեղեցի ռմբակոծող հակառակորդը խնայել է ԱՀ կառավարության՝ իր չափերով բավականին տպավորիչ շենքը: Երկրորդը՝ այն հուշումը, որ Ադրբեջանը կփորձի գերիների հարցը լուծել Արցախում հայկական զինված ուժերի լուծարման պայմանով:

ՀՀ երկրորդ նախագահի մնացած պնդումները՝ տարածքային կորուստների, զոհերի, գերիների, կազմակերպչական հարցերում դրսեւորված աններելի ապաշնորհության, ճանապարհների ապաշրջափակման ուղղությամբ տարվող բանակցություններում թույլ տրվող սխալների, արտաքին քաղաքականության բացակայության, երկիրը պրոտեկտորատի վերածելու եւ այլնի մասին, արդեն իսկ հայտնի իրողություններ են, որոնց մասին խոսել ու խոսում են բոլորը՝ բացառությամբ բուն իմքայլականների եւ նրանց սատարող առանձին խումբ-խմբակների: Քոչարյանը խոսեց նաեւ այն մասին, թե ինչ պետք է անել այս իրավիճակից դուրս գալու համար: Պետք է աշխատել, աշխատել եւ աշխատել, աշխատել բոլոր ուղղություններով, ուժերի լարումով՝ չհանդուրժելով սուտն ու կեղծիքը:

Ընդհանուր տպավորությունս այդ հարցազրույցից հետեւյալն էր՝ տարածաշրջանում լուրջ գործընթացներ են սկսվել, որոնք պարզապես անհասկանալի են գործող իշխանությունների համար, եթե չասենք՝ անհասանելի, ինչի պատճառով մենք ոչ միայն պարտվեցինք պատերազմում, այլեւ դուրս ընկանք այդ գործընթացներից եւ այսօր ընկալվում ենք որպես «անտերուդուս» մի տարածք, որի հետ հզորները կարող են վարվել այնպես, ինչպես իրենք են ցանկանում, եւ կամ՝ կոնսենսուսով, եթե կա շահերի համընկնում: Դիցուք՝ հրադադարի պահպանումը մշտադիտարկող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումն Արցախում եւ Ադրբեջանն ու Նախիջեւանը կապող ճանապարհի տրամադրումը թուրք-ադրբեջանական բեւեռին ասվածի ապացույցն է. Հայաստանը որեւէ դերակատարում չունի այդ հարցերում եւ չի էլ ունենա, քանի դեռ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զբաղված է իր խղճուկ գոյությունը պահպանելու ինքնանպատակ խնդրով:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը նաեւ այն մասին էր, որ ստեղծված իրավիճակում Փաշինյանի եւ իր կառավարության հեռացմանն այլընտրանք չկա:

Հարցն այն է՝ միայն թե ինչպես պետք է դա տեղի ունենա, որպեսզի ստիպված չլինենք նորանոր կորուստներ գրանցել եւ կրկնել այն սխալները, որ թույլ տվեցինք անցյալ համապետական ընտրություններում՝ էյֆորիայի մեջ իշխանության բերելով մի այնպիսի անհասկանալի երեւույթի, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն էր՝ իր նույնքան անհասկանալի եւ անբացատրելի թիմով: ՀՀ երկրորդ նախագահը, որքան էլ զարմանալի հնչի, ըստ էության առաջարկեց չշտապել իշխանություններին հեռացնելու հարցում եւ գնալ ընտրությունների ճանապարհով՝ նախապես հանդարտեցնելով կրքերն ու մեղմելով հանրության մեջ բուն դրած պառակտվածությունը: Ինձ մոտ հարց առաջացավ՝ ինչպե՞ս, Նիկո՞լը պետք է ընտրություններ կազմակերպի: Կա՛մ ես լավ չեմ լսել, կա՛մ Ռոբերտ Քոչարյանը շատ մեծ կարծիք ունի Նիկոլի մասին: Այլապես, ինչո՞ւ է նախագահն առաջարկում հասարակության ներսում իրավիճակը կայունացնել մեկի ձեռքով, ով իրավիճակի ապակայունացման թիվ մեկ պատճառն ու մեղավորն է:

Ենթադրենք՝ ՀՀ երկրորդ նախագահն ուզում է այդկերպ ցրել իշխանության թիմում իր հանդեպ ստեղծված վախերը, մեղմել իրենից «բոբոյի» կերպար ձեւավորող իմքայլական պատգամավորների (25-30 մարդ) պաթոսը, բայց մի՞թե դա պատճառ է, որ Փաշինյանին թողնենք ընտրություններ անցկացնի, որոնք նա կկեղծի այնպես, ինչպես կեղծել է ամեն ինչ: Ես համաձայն եմ, որ ժողովուրդը կհավատա բացառապես իր ձեռքով կատարած ընտրության արդյունքներին, բայց թողնել, որ այդ ընտրության ժամանակ Նիկոլ Փաշինյանն օգտագործի ստի ու մանիպուլյացիաների զինանոցը, իշխանական լծակներն ու ամեն ինչ, որ կապված է ընտրություններն իբր ազատ, արդար եւ թափանցիկ ներկայացնելու հետ, մեղմ ասած՝ միամտություն է: Պարոն Քոչարյան, Փաշինյանը պետք է հեռացվի անհապաղ, դավաճանի եւ երկիրը միտումնավոր պարտության տարած ղեկավարի դեպքում ընդունելի ցանկացած մեթոդով: Օգտագործեմ Ձեր նշած ռուսերեն բառը՝ «скрябать»: Նիկոլին, այո, պետք է «քերել» իր աթոռից ու այնպես, որ նույնիսկ հետքը չմնա: Մասնակցել Նիկոլի կազմակերպած ընտրություններին եւ «կրել»՝ իմ համեստ կարծիքով նույնն է, թե նստես հանցագործի մեքենան ու նրան խնդրես՝ քշի քաղմաս: Հավատացնում եմ, Փաշինյանն ընտրություններում կանի ամեն ինչ, որպեսզի մնա իշխանության ղեկին եւ չենթարկվի պատասխանատվության:

Մեզ, այո, հերթական էյֆորիկ ընտրություններ պետք չեն, իսկ որպեսզի այդպիսի ընտրություններ չունենանք, նախեւառաջ թիվ մեկ էյֆորիկին պետք է հրաժարական պարտադրել եւ զրկել ընտրական գործընթացները վերահսկելու ամենաաննշան հնարավորությունից անգամ: Փաշինյանն այս հասարակ ճշմարտությունն արդեն ապացուցում է գրեթե ամեն օր: Նա նույնիսկ «լայվերի» պրակտիկան է վերաթարմացրել, սրբագրում է իր սխալ ու վտանգավոր հայտարարությունները, հրաժարվում դրանցից, նոր ու ավելի խայտառակ նշանակումներ կատարում, նախապատրաստում «նախկինների» վրա գրոհելու հերթական փուլը: Փաշինյանի համար երանելի տարբերակ է Քոչարյանի առաջարկը՝ հեռանալ հանգիստ պայմաններում, ընտրությունների միջոցով, այսինքն՝ քաղաքական ճանապարհով: Բայց, արդյո՞ք, ճիշտ է նրան այդպիսի պատվի արժանացնելը, եւ արդյո՞ք հանրությունը կընդունի դավաճանին ու պետական հանցագործին «վաստակած հանգստի» ուղարկող հաջորդ ղեկավարին:

ՀԳ. Դուք գալիս եք, որ ո՞ւմ «կրեք», պարոն Քոչարյան: Նիկոլի լնգուլվազների՞ն… Չեմ կարծում, որ «կրելն» այստեղ Նիկոլի կազմակերպած ընտրություններում հաղթելու իմաստով է օգտագործված: Ե՛վ Դուք, ե՛ւ մենք շատ լավ հասկանում ենք, թե որտեղ է հայտնվել երկիրը, ու ինչ պետք է անել մեր պետականությունն ու Արցախի մնացորդացը փրկելու համար: Փաշինյանին նախ պետք է դուրս շպրտել կառավարությունից եւ ապա զբաղվել նրա օտար տերերի ախորժակը չափավորելու գործով, իսկ նորմալ ընտրություններ կազմակերպել՝ միշտ էլ կհասցնենք: