«Երեմյան պրոջեքթսը» փակել է իր ռեստորաններից մի քանիսը

«Երեմյան պրոջեքթսը» փակել է իր ռեստորաններից մի քանիսը

Կորոնավիրուսի պանդեմիան մեծ հարված հասցրեց տնտեսության տարբեր ճյուղերի։ Ամենաշատ տուժած ոլորտներից մեկը ռեստորանային բիզնեսն է, որն այս օրերին թեպետ պարետի որոշմամբ նորից սկսել է գործել, բայց վայ էն գործելուն։ Նախ՝ մարդկանց հոսքն այլեւս առաջվանը չէ՝ գումարած այն, որ կառավարությունն էլ իր հերթին է «նպաստում», որ ռեստորանային բիզնեսն իսպառ մարի։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որ իր հակածխախոտային արշավով վաղուց էր ընկել ռեստորանների հետեւից, հիմա էլ քաղաքացիներին կոչ է անում չգնալ ռեստորաններ ու սրճարաններ, որ վիրուսը չտարածվի։ Այսինքն՝ մի կողմից թույլ են տալիս, որ գործեն ռեստորաններն ու սրճարանները, մյուս կողմից՝ մարդկանց կոչ են անում չօգտվել դրանցից։ Դրան հավելյալ՝ զբոսաշրջություն չկա, որն ապահովում էր ռեստորանների եկամուտը։ Արդյունքում այսօր ռեստորաններն իրար հետեւից փակվում են։ Փակ են, օրինակ, Ամիրյան փողոցի «Շերեփ» ռեստորանը, որտեղ կարանտինից առաջ ասեղ գցելու տեղ չկար, «Սեգաֆրեդո» սրճարանը, «Կառլոֆ» գարեջրատունը, «Արամի» սրճարանը եւ շատ այլ օբյեկտներ։ «Շերեփը», «Լավաշը», «Երեւան պանդոկը» ռեստորանների ցանց է՝ մտնում են «Երեմյան պրոջեքս» ընկերության կազմի մեջ։ Հիմնադիր Դավիթ Երեմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Շերեփը» ժամանակավոր է փակվել, ամսի 15-ից նորից բացվելու է, տեխնիկական համալրման աշխատանքներ են կատարվում։ Բայց փակվել են իրենց ցանցի այլ ռեստորաններ։

«Մենք այսօր աշխատում ենք 15-20 տոկոս զբաղվածությամբ, այսինքն՝ մոտ 80 տոկոս անկում ունենք, դրա համար մի քիչ ավելի զարկ ենք տվել գյուղատնտեսությանը, մինչեւ այս իրավիճակը կխախանդվի, եւ կանցնենք նորից նույն աշխատանքին»,- ասաց Երեմյանը։

- Իսկ Ձեր ցանցի մյուս ռեստորաններն աշխատո՞ւմ են՝ պանդոկները։ Կարծես թե Տերյանի պանդոկը փակվել է։

- Չէ, Տերյանի պանդոկն աշխատում է, մենք «Լիվինգստոնն» ենք այս պահին փակ պահում, որովհետեւ երաժշտություն չի կարելի, փակել ենք Ամիրյանի ու Պարոնյանի պանդոկները, մնացած բոլոր ռեստորաններն աշխատում են։

- Իսկ ինչո՞ւ եք փակել։

- Զուտ ավելի կենտրոնացված ենք աշխատում, որովհետեւ մեզ համար էլ է դժվար, թիմը մեծ է, թիմին ապահովելն աշխատանքով, ֆինանսավորել։ Մենք երեւի մինչեւ վերջերս մարդ չէինք ազատել աշխատանքից, փորձել ենք ուղղորդել գյուղատնտեսություն, էս կողմ, էն կողմ։

- Ցանցում քանի՞ աշխատակից ունեք, եւ քանի՞սն են ազատվել աշխատանքից։

- Այս պահին մոտավոր ունենք 950 աշխատակից, 1040 էին, մոտ 90 հոգի դուրս է եկել վերջին մի ամսվա մեջ, բայց 950 հոգի այս պահին աշխատում է։  Փորձում ենք, տեսնենք՝ ինչքան կդիմանանք, որ պահենք նրանց։

- Ասացիք՝ «Շերեփը» կբացեք հուլիսի 15-ից, իսկ մյուս ռեստորանները, որոնք փակ են, ե՞րբ եք նախատեսում բացել։

- Կախված է պարետի որոշումից, եթե պարետը որոշի, որ մարդիկ ազատ կարող են տեղաշարժվել, այս խստացումները էլ չեն գործի, որովհետեւ անընդհատ հնչող էդ կոչերը, ամեն ինչ ազդում է։ Երբ մի քիչ թուլանա, երբ որ սկսեն արդեն երաժշտություն թույլատրել ռեստորաններում, արդեն կսկսենք հերթով բացել։

- Ի դեպ, Արսեն Թորոսյանը քաղաքացիներին կոչ է անում չգնալ ռեստորաններ, միեւնույն ժամանակ պարետը թույլատրում է, որ ռեստորաններն աշխատեն։ Դուք այս կոչին ինչպե՞ս եք վերաբերվում։

- Ես իմ տեսակետն արտահայտել եմ Ռեստորանների միության տարածած հաղորդագրության միջոցով, հիմա չկրկնվեմ, էլի, էդ մասով։

- Պարզապես հակասություն է առաջանում նախարարի կոչի եւ պարետի որոշման միջեւ, Դուք հիմա ինչի՞ն եք կողմ, որ ռեստորանները ժամանակավոր փակվե՞ն, թե՞ աշխատեն, բայց նման կոչեր չհնչեն, որովհետեւ, եթե բաց են, բայց մարդ չի մտնում, դա ավելի վատ չէ՞ ձեզ համար։

- Այո, բայց մենք ո՞նց անենք, մենք ունենք թիմ, ունենք պարտավորվածություն՝ նրանց ապահովել։ Սա ժամանակավոր երեւույթ է, ինքը հետո վերանալու է, բայց մենք չենք կարող մեր թիմին ամբողջությամբ կրճատել, դա խնդիր է մեզ համար։ Մենք կողմնակից ենք, որ երեւի թե քիչ նման հայտարարություններ անեն, որովհետեւ մենք պահպանում ենք պարետի սահմանած բոլոր կանոնները, գիտակցում ենք՝ ինչ աշխատանք պետք է տանենք, որպեսզի հնարավորինս մեր կողմից անվտանգ լինի մեր աշխատանքը։

- Ֆինանսական առումով որքա՞ն կորուստ եք ունեցել այս 2-3 ամսվա ընթացքում, հաշվարկ կա՞։

- Տեսեք, մենք կարող ենք դա հաշվել, երբ այս իրավիճակն ավարտվի։ Երբ ավարտվի, հայտարարությամբ հանդես կգանք։ Այս պահին չեմ կարող ասել, բայց, բնականաբար, այս պահին վնասով ենք աշխատում։ Եթե ասում եմ, որ 15-20 տոկոսով ենք աշխատում, մենք չենք կարող շահույթ ունենալ, մենք պետք է 75-80 տոկոս ծանրաբեռնվածությամբ աշխատենք, որ կարողանանք եկամտաբեր լինել։

- Իսկ վարկային պարտավորություններ շա՞տ ունեք եւ այս ամիսներին կարողացե՞լ եք բանկերի հետ կոմպրոմիսի գալ։

- Այո, մենք վարկերի պարտավորվածություն ունենք եւ կոմպրոմիսի եկել ենք բանկերի հետ։

- Դա անձնակա՞ն դաշտում ձեռք բերված կոմպրոմիս է, թե՞ պետական քաղաքականության շրջանակում է ստացվել։

- Ե՛վ պետական շրջանակներում, ե՛ւ անձնական։