Արտահերթով կապահովեն առաջիկա քվորումները

Արտահերթով կապահովեն առաջիկա քվորումները

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին ԱԺ նախագահությունից զգուշացրել են, որ չորեքշաբթի արտահերթ նիստ են հրավիրելու, թե ինչ օրակարգով՝ չեն մանրամասնել։ Բայց կարելի է ենթադրել, որ «Սահմանադրական դատարան օպերացիայի» շրջանակներում է այն։ Ամենայն հավանականությամբ, օրակարգ կբերվի «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագիծը, որի արդյունքում հիվանդության պատճառով նիստից բացակայող պատգամավորները կարող են տնից գրավոր քվեարկել։

Սա արվում է ՍԴ դատավորների ընտրությունից առաջ բավարար թվով ձայներ ապահովելու համար։ Ինչպես հայտնի է՝ մեծ թվով պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով եւ չեն կարող ներկայանալ ԱԺ նիստերին։ Չի բացառվում, որ կան նաեւ այլ հարցեր ու նախագծեր, եւ որոշ օրենքներ պետք է համապատասխանեցնեն սահմանադրական վերջին փոփոխություններին։ Նույն օրը տեղի է ունենալու ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստ, որում պետք է հավանության արժանանա Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլ»-ի կողմից թեկնածու առաջադրելու հարցը: «Իմ քայլը» խմբակցությունն այդ պաշտոնի համար ներկայացրել է Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը: Նա աշխատել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում։