Աշխարհի մեր խղճուկ անկյունը

Աշխարհի մեր խղճուկ անկյունը

Երբ փորձում եմ մտովի վերհիշել անկախությունից հետո Հայաստանում իմ աչքի առջեւ տեղի ունեցած բոլոր եղելությունները, տպավորություն է ստեղծվում, թե դիտում եմ տարօրինակ մտահղացմամբ կազմակերպված մի թատերական ներկայացում, որտեղ բեմը Հայաստանն է՝ իր եկեղեցիներով ու խաչքարերով, իր պատմական դրախտային կոլորիտով հագեցած, իսկ բեմում գլխավոր դերակատարները՝ աֆրիկյան ջունգլիների վայրենիները, որոնցից մի քանի խումբ ծիսական ճաշկերույթի սեղանների մոտ, գնարբուքի մեջ կենդանի մարդկանց է հոշոտում։

Հետո գալիս է մի ուրիշ խումբ ու իր առաջնորդի հետ «հո՜ւ, հո՜ւ, դըմփ» է անում, ու բոլորը մտնում են սեղանների տակ։ Ակամա տրվում ես հարցերին՝ սա՞ է այն ամենը, ինչին հասել է հայ ժողովուրդը հազարամյակների ընթացքում։ Հետո հաշտվում ես այն մտքի հետ, որ սա միայն հոգեւոր մշակույթով ապրած, դարերով պետականազուրկ փոքր ժողովրդի ողբերգությունն է՝ իր բոլոր դրսեւորումներով։ Այն ժողովուրդները, որոնք չեն ունեցել ինքնակառավարման ներուժ, միշտ էլ այսպիսի ճակատագրի են արժանացել։ Ուսումնասիրելով վերջին 30 տարիների եղելությունները՝ համոզվում ես, որ միշտ մեծապետական ուժերն են մեր երկրում քաղաքականություն որոշել ներդնրել՝ ստեղծելով հարահոս մի վիճակ, որում մեր  իշխանությունը դարձել  է ժողովրդի խնդիրները քամահրող, նրան խաբող ու թալանող, իսկ մեր պետությունը՝ ուրիշ տերություններին հպատակվող կառույց։ 
Երբ Հայաստանը դադարեց ռուսական իմպերիայի մաս կազմել, ու մեզ թվաց, թե աշխարհում կա անկախ ապրելու իրավունք, մեր բազմաչարչար ժողովուրդը մեծ հույսերով սրբադասեց Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Որպեսզի ժողովուրդը չփորձեր ուշքի գալ ու իր երկրում նոր իշխանակարգ ստեղծել, նրան շուտով հանձնեցին քաղաքական նոր գիշատչի՝ Ռոբերտ Քոչարյանի քմայքներին։

Քաղաքական սպանություններ, երկրի նախագահների ու իշխանությունների ձեւական ընտրություններ, ժողովրդադավ ու իշխանահպատակ ընդդիմություն, կոռուպցիա, տնտեսության ստվերացում, քրեական համակարգերի ստեղծում, քաղաքաշինության, ճանապարհաշինության ու բանակաշինության  քողի տակ բյուջետային գումարների լվացում, եւ արտասահմանյան ներդրումների անվան տակ,  այս վիճակում հայտնված երկիրը մենք Նիկոլի առաջնորդությամբ պետք է վերակենդանացնենք։ 

Այսօր ինչքան էլ ծանր թվա Նիկոլի գլխարկը,  նախ մեզ պետք է հասկանալ, թե Նիկոլն ինչ առաքելություն է ստանձնել այն ուժերի առաջ, որոնք օգնել են նրան  ճանապարհ անցնել, արդյոք նրա ստեղծած կառավարման համակարգը քաղաքական սեյսմակայունություն կունենա՞, ու Հայաստանը կկարողանա՞ բարգավաճել նրա ու նրա թիմակիցների կողմից խաղարկվող հավակնոտ ու անհիմն ծրագրերով։ Սկսած փողոցներում լուսաֆորներ ու մեկուսարաններում զուգարանակոնքեր տեղադրելուց մինչեւ երկրում  արդարադատական համակարգ ու սահմանադրական դատարան ստեղծելը, եթե պետք է արվի Հայաստանի անկախացումից 30 տարի հետո, մեծապետական կառույցների կողմից տրամադրված գումարների հաշվին, երբ Հայաստանի  իշխանավորները միլիարդներ են դուրս բերել մեր երկրից, ապա պարզ է դառնում, թե մենք ում դուդուկի տակ  պետք է պարենք։ 
Ժամանակին Փաշինյանի կողմից կատաղի քննադատական հրապարակումներն ու ընդդիմախոսությունը հարստացնում էին մեր հանրային տարակարծությունների դաշտն ու բարձրացնում նրա՝ որպես քաղաքական գործչի, հեղինակությունը։

Այնուհետեւ Փաշինյանը, լինելով արդեն ՀՀ վարչապետ, նույն դիրքորոշմամբ հանդես չեկավ։ Ստացվում է՝ ժողովրդի ընտրած վարչապետը փոխվե՞լ է։ Ֆեյսբուքյան եթերում ժողովրդի հետ պետական գործերն է քննարկում։ Կարծես ֆեյսբուքյան լսարանը մեր Գիտությունների ազգային ակադեմիան է։ Մենք «նախանձելի» վիճակում ենք հայտնվել։ Աշխարհում որպես պետություն ու ազգային միավոր մեր տեղն ունենալու համար պետք է մենք մեզանից բարձր թռչենք։ Այժմ աշխարհում միայն նյութական արժեքներն են հարգվում։ Ոչ մեկին չի հետաքրքրում, թե ազգային ինչպիսի էպոս ու հերոսապատումներ ունենք։ Այդ ամենը կարող է միայն մեր ներազգային խնդիրների լուծմանը ծառայել։ Ազգի մտավորականությունը նրա համար է, որ հարափոփոխ աշխարհում իր ժողովրդի գաղափարական ուղեցույցը լինի։

Մեր իշխանությունները հատուկ ծրագրավորված ճանապարհով ամեն ինչ արել են, որ մեր հասարակությունը մտավորական խավ չունենա։ 

Կյանքի իմաստ, նպատակ, ազգային ու համամարդկային արժեք եւ նման այլ կատեգորիաներ արդեն մերօրյա աշխարհում ծիծաղելի հասկացություններ են դարձել։ Դեռեւս Լեւ Տոլստոյը, ժամանակին, իր հերոսներից մեկի բերանով էր հնչեցնում, որ կյանքի իմաստը առանց կյանքի իմաստի մասին մտածելու կյանքն ապրելն է։ Եթե մեզ վիճակված է այնպես ապրել, որ միայն մտածենք Քոչարյանի բանկերում մեր կրեդիտները մարելու մասին, ուրեմն մեզ համար ապրե՞լն էլ անիմաստ է դառնում։ Մեր ազգային շահերը մեր պետության շահերի հետ երբեւէ չեն նույնացել: Եթե մեր երկար սպասված պետությունը չի կարողանում պաշտպանել ամբողջ հայության ազգային գաղափարական շահերը, դառնալ համայն հայության ազգային կենտրոն ու ազգային  գոյապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի  քննարկման հարթակ, ուրեմն  սփյուռքահայության ֆինանսական տուլիկներին սպասող իշխանության ականջները պետք է ժամանակին ձգել, իսկ մեր երկրից  բազմամիլիարդ գումարներ ապօրինաբար դուրս բերածներին՝ որպես ազգի  դավաճանների, գլխիվար կախել։


Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Գրավիտոն» գիտական կենտրոն