Պատերազմի մասնակից ուսանողները կրկին խնդիրների են հանդիպում վարձի փոխհատուցման համար դիմելիս

Պատերազմի մասնակից ուսանողները կրկին խնդիրների են հանդիպում վարձի փոխհատուցման համար դիմելիս

Վերջերս պարզ դարձավ, որ պետությունը 100 տոկոս փոխհատուցում կտրամադրի 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն: Համաձայն ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում հաստատված որոշման` ամբողջությամբ կփոխհատուցվի 2020 թ.-ի առաջին կիսամյակի ուսման վարձավճարը: Ուսման վարձի փոխհատուցման նախագիծը ներկայացնելիս կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել էր, որ որոշման շահառու կարող են հանդիսանալ առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողները: Այն ուսանողները, որոնք արդեն վճարել են ուսման վարձը, ապա համապատասխան չափով վճարած գումարը կփոխանցվի հաջորդ կիսամյակ, իսկ ավարտական կուրսի ուսանողների վճարած գումարը կվերադարձվի:

Որոշման շահառու են այն սովորողները, որոնք. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին, ում օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող կամ խնամակալ) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին, ում ամուսինը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին:

Բարձրագույն ուսումնական հաստատություններից փորձեցինք պարզել, թե ինչ պրոցես է տեղի ունենում մարտական գործողությունների մասնակից ուսանողների ուսման վարձի փոխհատուցման հետ կապված, քանիսն են դիմել, քանիսին է տրամադրվել ուսման վարձի փոխհատուցում։ Ի դեպ, մեզ տեղեկացրին, որ նախկինի պես մարտական գործողությունների մասնակից ուսանողները խնդիրներ են ունենում ուսման վարձի փոխհատուցման համար դիմելիս։ Հիշեցնենք, որ նախկինում  մարտական գործողությունների մասնակից ուսանողներից շատերն էին խնդիրներ ունենում, ուսանողության լեզվով՝ զեղչի համար դիմելիս, մասնավորապես փոխհատուցումից չէին կարողանում օգտվել  այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ը ենթադրենք չէր հապատասախանում սահմանված չափանիշներին։
Հիմա էլ, ասում են, վերջին պատերազմի ուսանող մասնակիցների մի քանիսին իրենց համալսարաններում ասել են, թե այս տեղեկանքը չի համապատասխանում, այն տեղեկանքը չի համապատասխանում,  պետք է ոչ թե զինկոմիսարիատից տեղեկանք բերել ,այլ օրինակ զորամասից։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն ՀՀ Կառավարության կողմից տրվող ուսման վարձի 1-ին կիսամյակի փոխհատուցման ծրագրին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից /ներառյալ Գյումրու մասնաճյուղը/ ստացվել է՝ պատերազմի մասնակից  137 ուսանողների, պատերազմի մասնակցի  զավակ  142 ուսանողների և պատերազմի մասնակցի  կին և ամուսին հանդիսացող 11 ուսանողի դիմում։ Ընդհանուր 290 դիմում։

Ինչ վերաբերում է գործընթացի կազմակերպմանը, ապա ՀՊՏՀ-ն սահմանված կարգով իր ուսանողներից ընդունում է դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը և յուրաքանչյուր շաբաթվա վերջին ներկայացնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։ Նախարարությունից էլ արդեն ստացվել է համապատասխան գրություն առ այն, որ փոխհատուցումները կտրվեն սույն թվականի հունվարի 1-ից։ Միջոցառման իրականացման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատում է ՀՀ Կառավարությունը և սահմանված փաստաթղթերը ներկայացրած բոլոր ուսանողների դիմումները ներկայացվել են ԿԳՄՍ նախարարությանը»,- մեր հարցերին ի պատասխան  նշել են ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի օգնականը մեզ հետ զրույցում նշեց.

«Թվի հետ կապված կարող եմ վաղը հստակ ասել, իսկ այն մի խնդրի հետ կապված, այո, այդ խնդիրը կա, լինում է, որ տվյալ ուսանողը մասնակցել է մարտական գործողությունների, բայց զինվորական գրքույկի մեջ այլ բան են գրել, իրենք գնում են իրենց զինկոմիսարիատի հետ ճշտումներն անում են, համալսարանը այստեղ ընդհանրապես կապ չունի, ընդհակառակը անում ենք առավելագույնը, որպեսզի խնդիրներ չլինեն, զեղչերը տրամադրվեն»։