Այստեղ գլուխ գովելու ոչինչ չկա, բայց Տիգրան Ավինյանը գլուխ էր գովում

Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների համար այս տարվա 8 ամսվա տվյալներով ավելի քան 600 միլիոն դրամով ավելի գումար է հավաքվել, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում: Հիշեցնենք՝ Երևանի ավագանու որոշմամբ՝ 2024 թվականի հունվարի 1-ից կարմիր գծերում կայանման արժեքները շեշտակի թանկացել են, մասնավորապես՝ «Ա» գոտում կայանելու տարեկան արժեքը սահմանվել է 160 հազար դրամ, նախկին 12 հազար դրամի փոխարեն: Կենտրոն վարչական շրջանում բնակվող, կամ աշխատող անձինք սակայն դժգոհում են, որ 160 հազար դրամը վճարել են, սակայն չեն կարողանում կայանել` տեղ չկա: Արդյունքում ստացվում է, որ 160 հազար դրամը հենց այնպես քաղաքացին նվիրում է Երևանի քաղաքապետարանին, բայց չի կարողանում ավտոմեքենան կայանել` ծառայություն ստանալ իր վճարած գումարի դիմաց:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով սպառողների խախտված իրավունքներին և կարմիր գծերի խնդրին, նշում է. «Այս հարցն անհատական մակարդակում լուծելի հարց չէ` ինչո՞ւ, որովհետև ի սկզբանե երաշխիք սահմանված չի եղել այդ առումով: Շատ կարևոր է, որպեսզի հանրությունը տա հանրային արձագանք այն պրոցեսներին, որոնք տեղի են ունենում` համայնքային մակարդակի խնդիրներից սկսած, վերջացրած ավելի բարձր մակարդակի խնդիրներով: Կամայական դրամահավաքը` կարմիր գծերի հետ կապված, տեղի ունեցավ գաղափարական լավ փաթեթավորմամբ: Ինչո՞ւ եմ ասում լավ փաթեթավորմամբ, որովհետև եթե Երևանի քաղաքապետարանը հայտարարեր, որ կարմիր գծերը թանկացնում են զուտ բյուջե փող բերելու համար, հասարակությունը կընդվզեր: Հետևաբար պետք է հնարեր ինչ-որ փաթեթավորում, որպեսզի հանրությունը գոնե ինչ-որ իմաստով կարողանար դրական նայել փոփոխությանը: Ի՞նչ էր ասում քաղաքապետարանն այս նախագիծն ընդունելուց առաջ, ասում էր, որ կենտրոնը բեռնաթափվելու է, մեքենաների թիվը նվազելու է, հետևաբար կարմիր գծերի համար վճարված այդ 160 հազարական դրամները կդառնան արդիական: Արդիական այն տեսանկյունից, որ մարդը այդքան գումար է վճարում և օգտվում է առանց որևիցե խոչընդոտի: Հիմա դե ֆակտո արձանագրում ենք, որ կենտրոնում երթևեկության վիճակը սարսափելի է, եթե նախքան սա, մենք պարզապես կանխատեսում էինք, որ թանկացմամբ այս խնդիրը չի լուծվելու, քանի որ առանց համապատասխան ենթակառուցվածքների քաղաքն անհնար է սպասարկել: Հիմա դե ֆակտո արձանագրում ենք, որ քաղաքը չի բեռնաթափվել, խցանումներն ավելի են շատացել, կարմիր գծերից օգտվելու հնարավորություններն էլ չեն ավելացել` ինչքան այն ժամանակ էր անհնար, այնքան էլ հիմա: Ինչպես առաջ էր երջանիկ պատահականությամբ համընկնում, այնքան էլ` հիմա: Հիմա հասարակական դիրքորոշումը պետք է լինի պատասխան ստանալու պահանջը: Համայնքը պետք է բացատրություն տա, թե ինչքան պետք է շարունակվի այսպես, եթե չկա արդյունք», - նշեց նա:
Ի՞նչ կարող է անել քաղաքացին, եթե վճարել է 160 հազար դրամը, սակայն չի կարողանում կայանել մեքենա, չի ստանում համապատասխան ծառայություն, գուցե դատարա՞ն դիմի. «Որպես գործուն քայլ մի հոգին, ցավոք, չի կարող այս ամենին ընդվզել: Դատարան դիմելու փորձ գուցե կարողանան անել, բայց եթե իմ բարի խորհուրդն եք ուզում լսել, ես խորհուրդ չեմ տա դատարան դիմել, որովհետև կարմիր գծերը երաշխիքների մասին չեն` հնարավորության մասին է այն»:
Բայց նույնն է, թե անհատը խանութում վճարում է բջջային հեռախոս գնելու համար գումար, սակայն հեռախոս չեն տրամադրում նրան, ոչ էլ գումարն են վերադարձնում. «Շատ տիպիկ ու վառ եք բնորոշում իրավիճակն, այո: Բայց հիմա պատկերացրեք հետևյալը, ասվում է, որ կարող եք կտրոն գնել միայն իքս գումարով` բջջային հեռախոս գնելու համար, սակայն բջջային հեռախոսը կարող եք վերցնել այն ժամանակ, երբ առկա լինի: Այսինքն` կտրոնը գնեք ապրանք գնելու համար, թեկուզ անսահմանափակ, սակայն Ձեր ուզած ապրանքը խանութում ամիսներ շարունակ չլինի: Հասարակությունը պետք է բոյկոտի կարմիր գծերի համար նախատեսված միանվագ գումարը: Համախմբված բոյկոտ է հարկավոր: Չմոռանանք, եթե տարեկան վճարը դարձել է 160 հազար դրամ, մեկ ժամվա գումարն էլ երեք անգամ է թանկացել, 100-ից դարձել է 300 դրամ: Այս իմաստով չկան այլընտրանքներ: Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ բողոքի ցույցերն ավելի շատ սոցիալական բնույթի են, այլ ոչ թե քաղաքական: Ինչ-որ օրինագծի դեմ, այլ ոչ թե, օրինակ, իշխանափոխության պահանջով: Հիմա ովքեր սոցիալական հարցերի համար պայքարում են, որակվում են որպես քաղաքական պայքար չմղող մարդիկ, դրանով իսկ խոչընդոտվում են սոցիալական բունտերը: Ես չեմ ասում դա լավ է, կամ` վատ, ես պարզապես փաստն եմ արձանագրում, իսկ քաղաքական ուժերը հիմնականում զբաղվում են քաղաքական հարցերով: Եթե անկեղծ լինենք նաև ընդդիմության գործն է սա, ի վերջո ընդդիմությունը նաև սոցիալական խնդիրներ լուծելու համար է, քաղաքականությունը` քաղաքականություն, բայց այս խնդիրները ևս շատ կարևոր են: Որքան էլ որ այս իշխանություններն իրենց նոր համարեն, միևնույն է, նրանք վաղուց արդեն նոր լինելու հետ կապ չունեն: Եթե իշխանության տևողությունը 10 տարի է, այս իշխանությունն արդեն կեսից շատն անցել է», - եզրափակեց Պիպոյանը:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ մեզ հետ զրույցում նշեց. «Խոսվում է միայն Ա գոտու մասին, բայց երբ դրան էլ գումարում ենք Բ գոտին, ստացվում է, որ միայն սեպտեմբերի դրությամբ 1 միլիարդ դրամի չափ ավել մուտք է եղել: 1 միլարդ դրամ, դրան էլ գումարած տեղական ավելացված տուրքերը: Ավինյան Տիգրանը սեփական եկամուտները ավելացրել է նման թանկացումներով, բայց այդպես ցանկացած փողոցից բերված մարդ կարող էր ավելացնել, այնպես որ այստեղ գլուխ գովալու ոչինչ չկա, իսկ Ավինյանն այն օրը գլուխ էր գովում ավագանու նիստի ժամանակ: Հատկանշական է, որ տեղական տուրքերը` զանազան լիցենզիաներ և այլն, ավելացվել են, կարմիր գծերի մասին խոսելն ավելորդ է, բայց օրինակ` աղբահանությունը նախորդ տարվա 6,7 միլիարդից դարձել է 5 միլիարդ, դրա համար էլ Երևանում աղբը վխտում է: Մենք կարմիր գծերի հետ կապված դատարան ենք դիմել, սակայն դատական գործը դասական հայաստանյան իրավիճակում է` այսօր գնա, վաղը արի և այլն: Վճռի հրապարակումը հետաձգվում է, բայց առաջիկայում անպայման կունենանք այն: Ավագանու նախորդ նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են գնալու արտահերթ ընտրությունների, մեզնից հարցնում էր դրա ձևը, Գևորգ Ստեփանյանը` մեր խմբակցությունից, հուշեց ձևը` այն է հրաժարական տալ և նոր քաղաքապետ չընտրել` հասնելով նոր ընտրության: Այս ամենի միակ լուծումն արտահերթ ընտրություններն են, որին իբր թե ՔՊ-ն պատրաստ է», - նշեց նա:
Կարծիքներ