Մարզային ԲԿ-ներում թթվածնի խնդիր կա․ նախարարությունն ասում է՝ կայաններում երբեմն վթար է լինում

Մարզային ԲԿ-ներում թթվածնի խնդիր կա․ նախարարությունն ասում է՝ կայաններում երբեմն վթար է լինում

Մի շարք բժշկական կենտրոններից, հիմնականում՝ մարզային, երեկվանից ահազանգեր ենք ստանում, որ թթվածնի լուրջ խնդիր ունեն։ Մեզ ասացին, որ թթվածնային կայանները չեն հասցնում բավարար քանակությամբ թթվածին արտադրել և մատակարարել հիվանդանոցներին, որոնք քովիդով հիվանդ քաղաքացիների են սպասարկում։ Եվ թթվածնի պակասը կամ բացակայությունը կարող է ավելացնել առանց այն էլ օր-օրի շատացող մահերի թիվը։ 

Առողջապահության նախարարությունից մեր հարցին՝ տեղյա՞կ են խնդրից և ի՞նչ քայլեր են ձեռնարկում այն լուծելու ուղղությամբ, ասացին․ «Բոլոր թե պետական, թե թթվածնային կայանների ուժերը առողջապահության նախարարությունը մոբիլիզացրել է, աշխատում են 24/7 ռեժիմով։ Թթվածնային կայանների ծանրաբեռնվածության պատճառով որոշ թթվածնային կայաններում երբեմն լինում են վթարներ, որոնք մանսագետները փորձում են արագ վերացնել, որպեսզի ապահովեն թթվածնի մատակարարման հոսքը»։

Հարցին՝ որտեղի՞ց է, այդ դեպքում, գալիս դժգոհությունը, եթե իրենք ամեն ինչ անում են, որ լավ լինի, նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց․ «Դժգոհությունը չգիտեմ՝ որտեղից է գալիս, ես գիտեմ, որ չորս մասնավոր կայանում եղել է վթար, հիմա այդ ուղղությամբ աշխատում են, ամեն ինչ անում են, որ արագ կարգավորեն»։

Նշենք, որ խնդիրներ կան հիմնականում Գեղարքունիքի մարզի ԲԿ-ներում, Սպիտակում, այլ մարզերում ևս։