Քանդող բրիգադ

Քանդող բրիգադ

Անկախության տոնի առթիվ ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում մի արտահայտություն կար. «Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին, մինչ դուք շարունակում եք աշխատել կոռուպցիայի դեմ պայքարի, հաշվետու ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության ամրա-պնդման եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ուժեղացման ուղղությամբ»:

Հայաստանցիները կառարկեն, թե ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, սա ընդամենը պայքար է նախկինների, քաղաքական հակառակորդների դեմ, այն էլ պայքարի իմիտացիա` գույքի խլման կամ ռեկետի տեսքով: Կառարկեն նաեւ, թե Հայաստանում օրենքի գերակայություն չկա, օրենքն ընտրովի է գործում, շատ օրենքներ մնում են թղթի վրա: Մարդու իրավունքների հարգման մասին էլ չենք խոսում` հաճախ արգելում են մարդկանց բողոքի ակցիաներ անել, իսկ Եռաբլուրում օրերս կատարվածը վրդովվեցրել է ողջ հասարակությանը: Բայց առավել անհեթեթ է հնչում «ինստիտուտների զարգացման» պահը. մի երկրում, որտեղ բոլոր ինստիտուտները հերթով ոչնչացվում են: Հույս կար, որ դատական համակարգը կկայանա, բոլոր հնարավոր ու անհնարին եղանակներով համակարգը ոչնչացրին` տեղավորելով անգրագետներին ու կամակատարներին, իսկ երեկ ազատվեց Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը:

ՄԻՊ ինստիտուտն ու դատախազությունը, որպես համակարգ, ոչնչացրին` ինչ-որ անհասկանալի, իշխանամերձ կանանց նշանակելով: Բանակը ոչնչացրին: Բուհական կրթությունը արժեզրկեցին` անարժաններին ռեկտոր նշանակելով: ՍԴ-ն ոչնչացրին` Արեւիկ Պետրոսյանի ու Ալվինա Գյուլումյանի նման իրավաբաններին ինչ-որ անձանց քույրերով փոխարինելով: Նախագահի ինստիտուտը ոչնչացրին՝ Վահագն Խաչատուրյանին նշանակելով: Շուտով կոչնչացվի նաեւ ԲԴԽ-ն` Կարեն Անդրեասյանին նշանակելով: Հաջորդը ԿԸՀ-ի հերթն է: