Հրաժարական կա օդում

Հրաժարական կա օդում

Արտակարգ դրության մասին կառավարության ճամարտակությունների մեջ չեն մոռացել նշել, որ ԶԼՄ-ներն ու անհատ ստեղծագործողները (սոցցանցերի օգտատերեր) պարտավոր են հղումներ տալ բացառապես պաշտոնական աղբյուրներին եւ պաշտոնյաների հայտարարություններին: Նպատակը, որքան հասկացա, կեղծ տեղեկատվության դեմն առնելն ու խուճապը բացառելն է: Հրաշալի է: Համամիտ եմ: Կողմ եմ կառավարության ընդունած եւ ԱԺ հաստատած տեքստին: Բայց ի՞նչ կստացվի, եթե ես այս օրերի ասելիքս հաստատելու համար պատահաբար հղում կատարեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ՖԲ պաշտոնական էջին: Մարդիկ չե՞ն ասի՝ էդ անամոթ պաշտոնյայի էջին ինչո՞ւ ես հղում կատարում:

Իսկ Արսեն Թորոսյանն անամոթ է, որովհետեւ հայտարարել է, թե չի կատարել ու չի էլ պատրաստվում կատարել ՀՀ դատարանի վճիռը, այն է՝ ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանից՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ արած իր անպատասխանատու հայտարարությունների համար:

Դատարանի վճռին այս քամահրական վերաբերմունքը, այն էլ կառավարության անդամի կողմից, խիստ վտանգավոր նախադեպ է եւ հաստատ առանց հետեւանքների չի մնա, եթե Արսեն Թորոսյանը հանդես չգա մեղայականով: Տեքստը կարող եմ ես հուշել՝ սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի էպիդեմիայից խառն եմ եղել, չեմ իմացել ինչ եմ բարբաջում, խնդրում եմ ուշադրություն չդարձնել ասածներիս: Կարծում եմ՝ վատ չէ: Հա՛մ պաշտոնը կպահպանի, հա՛մ կառավարությանը չի խայտառակի, հա՛մ էլ՝ պետությանը: Դեռ չեմ խոսում այն մասին, որ ՀՀ շարքային քաղաքացին Արսեն Թորոսյանի շնորհիվ լայն հնարավորություններ է ստանում չենթարկվել ոչ միայն դատարանների կողմից հետայսու կայացվելիք վճիռներին, այլեւ վերջին 2 տարում կայացվածներին: Կարող են Արսեն Թորոսյանի հանգույն հայտարարել, որ չեն վստահում ՀՀ դատարաններին եւ չեն պատրաստվում կրել հետագա պատիժը կամ վճարել վարչական տույժ-տուգանքները: Դիցուք՝ փոխանցեք ՀՀ ոստիկանապետի ԺՊ-ին, որ ՀՀ քաղաքացի Էդիկ Անդրեասյանին այլեւս չանհանգստացնի երթեւեկության կանոնների խախտումների պատճառով, քանզի նա այլեւս չի վստահում ՀՀ դատարանին եւ չի պատրաստվում առաջվա նման գլուխը կախ տուգանվել: Հա, չմոռանաք ոստիկանապետի հարգարժան ԺՊ-ին տեղեկացնել նաեւ, որ ՀՀ քաղաքացի Էդիկ Անդրեասյանն այս ամենը պնդեց՝ հղում կատարելով ՀՀ կառավարության անդամի ֆեյսբուքյան էջին:

Իսկ հիմա գանք օրվա թեմային՝ կորոնավիրուսին, եւ փորձենք հասկանալ Արսեն Թորոսյանի դերակատարությունը Հայաստանի Հանրապետությունում այդ համավարակի տարածման մեջ: Պետք է նշեմ, որ կորոնավիրուսի՝ Հայաստան ներթափանցելու եւ անշեղորեն տարածվելու հիմքերը դրվել են Արսեն Թորոսյանին ՀՀ առողջապահության նախարար նշանակելուց անմիջապես հետո: Կարող է հարց առաջանալ՝ էդ ո՞նց: Շատ պարզ: Արսեն Թորոսյանը, բժշկական կենտրոնների ղեկավարներին երկրով մեկ փոխելով եւ իր կադրերին նշանակելով ղեկավարներ, երկիրը անպաշտպան դարձրեց կորոնավիրուսի եւ ոչ միայն կորոնավիրուսի դեմ: Ինչո՞ւ առաջին իսկ ռիսկային խումբը մեկուսացրին հինգաստղանի հյուրանոցում եւ ոչ թե որեւէ ԲԿ-ում, որ կարելի էր ազատել այդ նպատակով: Պատասխանը մեկն է՝ ոչ մի ԲԿ-ում նորմալ ղեկավարություն չկար, ոչ մի ԲԿ հանձն չառավ իր վրա նման պատասխանատվություն վերցնել: Կարելի է նաեւ չհամաձայնել այս մտքի հետ ու պնդել, որ հնարավոր վարակակիրներին ՀՀ տեսարժան վայրերը ցուցադրելը Փաշինյանի երեւակայության արդյունքն է, բայց, ներողություն, ի՞նչ կարող էր անել Փաշինյանը, եթե մի նորմալ բժիշկ նրան արգելեր այդ թեթեւսոլիկությունը: Արսեն Թորոսյանը, որ կարող էր նաեւ ի պաշտոնե ընդդիմանալ Փաշինյանին, Ծաղկաձորից ուրախ ուղերձներ էր հղում՝ կյանքն այստեղ եռում է, եկել ենք հիվանդներին տեսության՝ ձեռի հետ էլ դահուկ ենք քշում: Եվ դա այն օրերին էր, որ Թորոսյանը Նիկոլ Փաշինյանի հետ ծաղրում էր կորոնավիրուսը: Դե հիմա էլ ծաղրեք, վարակվածների թիվը 100-ի է ձգում:

Կդատե՞ն Արսեն Թորոսյանին կորոնավիրուսի տարածման, ՀՀ քաղաքացիներին, գործարարներին, տնտեսվարողներին, բանկերին, երկրի ողջ տնտեսությանն ու պաշտպանունակությանը մի քանի հարյուր միլիոն դոլարի, ինչպես նաեւ բարոյական անչափելի վնաս պատճառելու համար, դժվար է ասել, բայց իմ կարծիքով՝ դատել պետք է եւ այն էլ խիստ, ընդհուպ՝ խմբակային հանցագործության մեղադրանքով: Սա արդեն քրեական է, եւ մեր հարգարժան մինիստրը չի կարող պլստալ իր «հանդուգն» ստատուսներով ու ուղիղ եթերներով: Որ ասում եմ՝ խմբակային, Փաշինյանին էլ նկատի ունեմ: Հենց նա է էս էշի հարսանիքի թամադան: Պահ, պահ, պահ, արտակարգ դրություն ենք մտցրել: Արտակարգ դրությունը, պարոն Փաշինյան, նախարարներիդ համար մտցրու, որ ամբախ-զամբախ լայվեր չանեն ՖԲ-ում ու հղումներ չտան հեղափոխությանը, թե դատարանին չենք վստահում: Բա որ դատարանին չեք վստահում, ինչո՞ւ եք այդ դատարանի վճռով կալանքի տակ պահում ՀՀ երկրորդ նախագահին, ինչո՞ւ մահվան դուռը հասցրիք Մանվել Գրիգորյանին, ի՞նչ դատարանով եք ուզում դատել ՀՀ երրորդ նախագահին... Եվ վերջապես, եթե մենք այսօր վստահելի դատարան չունենք, այդ ի՞նչ հետույքով եք հանրաքվե անում, որի արդյունքները նույնիսկ մեկ բողոքի դեպքում կարող են չեղարկվել: