Գորգերը մի անգամ գորգավաճառներից փրկեցի, հետո՝ թուրքերից, հիմա էլ չգիտեմ ումից եմ փրկում Երեւանի կենտրոնում

Գորգերը մի անգամ գորգավաճառներից փրկեցի, հետո՝ թուրքերից, հիմա էլ չգիտեմ ումից եմ փրկում Երեւանի կենտրոնում

10 տարվա պատմություն ունեցող Շուշիի գորգերի թանգարանը վերջին 10 ամիսներին ժամանակավոր հանգրվանել է Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։ Արցախի կառավարությունը թեպետ պատրաստակամություն է հայտնել՝ լուծելու գորգերի տեղավորման հարցը, բայց մի քանի ամիս շարունակ դեռ չեն կարողանում Ստեփանակերտում համապատասխան շենք գտնել, քանի որ շենքային պայմանները սուղ են։

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը մեզ հետ զրույցներում պարբերաբար վստահեցրել է, որ գորգերի թանգարանի շենքի հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։ «Այս պահին մենք կարողանում ենք թանգարանին տեղ տալ, բայց ես չեմ ուզում, որ դա սովորական տեղ լինի։ Ես ուզում եմ կարգին միջավայր, պայմաններ ստեղծենք, որ այդ գորգերը մնան այդտեղ։ Նախնական ուզում էինք հատկացնել մետաքս կոմբինատի հարկերից մեկը, բայց սա ընդամենը քննարկվող տարբերակներից մեկն էր, մենք ուզում ենք, որ առանձին շենքով լինի գորգերի թանգարանը։ Հիմա էլ շենքերի դեֆիցիտը շատ է, չնայած շատ ակտիվ տեմպերով շինարարություն է գնում այստեղ։ Ուզում ենք նաեւ թանգարանը պետականացնել, ուղղակի մեծ միջոցներ են պետք, որովհետեւ դա շատ թանկ եւ ազդեցիկ հավաքածու է»,-օրեր առաջ մեզ հետ զրույցում նշել էր նախարարը։

Սակայն Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտն այլեւս չի կարող իր հարկի տակ պահել գորգերի ծավալուն հավաքածուն, ինչի մասին տնօրինությունը տեղեկացրել է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանին՝ ընդգծելով, որ կես տարով կնքված պայմանագիրը վաղուց լրացել է։

Թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանն ասում է՝ թեպետ Արցախից վստահեցնում են, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, եւ այն լուծվելու է, բայց մինչ այս ոչ ոք ոչ մի հստակ պատասխան չի տվել իրեն։ «Միակ կոնկրետ ու հստակ բանն այն է, որ ինձ ասում են՝ այստեղից մինչեւ հունվարի վերջը պետք է դուրս գամ, բայց ես այստեղից որ դուրս գամ՝ գնալու տեղ չունեմ․ այսպիսի անորոշ վիճակ է։ Արցախի ԿԳՄՍ նախարարն ասում է՝ հունվարին բերելու ենք թանգարանը, բայց ո՞ւր եք բերելու, մի հատ զանգեք՝ գնանք տեսնեք՝ ո՞ւր եք տանելու, ի՞նչ եք անելու»,- նեղսրտում է Ասծատրյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի պատկան մարմիններին, ապա․ «Այստեղի ԿԳՄՍ-ից ոչ մի ակնկալիք չունեմ, որովհետեւ իրենք ջայլամի քաղաքականություն են ընտրել, ձեւի համար ասացին՝ տարեք Սարդարապատի կամ Շարամբեյանի անվան թանգարան, բայց ես իրենց ասացի, որ այնտեղ վարակ կա, եւ չեմ կարող տանել, իսկ մեր բոլոր գորգերն ախտահանված են եւ բոլոր անհրաժեշտ ձեւերով պահպանվում են»։  

Կա՞ այլընտրանքային տարբերակ, որ ճարտարապետության թանգարանից դուրս բերելուց հետո կարող են գորգերը ժամանակավոր տանել այնտեղ։ «Ոչ, չկա, եւ ես էլ հույս ունեմ, որ այստեղ այդքան անգրագետ չեն լինի, որ ասեն՝ դուրս եկեք, ինչ ուզում եք, արեք։ Իրենք ուզում են այստեղ ճարտարապետական ցուցադրություն անել, ես իրենց ասացի, որ իրենց չեմ խանգարելու, ինչ ուզում եք, արեք․․․, ես իրենց հետ կռիվ չունեմ, մոտ մեկ տարի մեզ տեղ են տվել»։

Վերջին ամիսներին ԱՀ ԿԳՄՍ նախարարության ու կառավարության նախաձեռնությամբ թանգարանում անձնագրավորում եւ գնահատում էր իրականացվում, որն արդեն ավարտվել է․ «Այդ աշխատանքն ավարտված է, հիմա սրբագրում են, անձնագրերն են ստեղծում, պիտի վերջնական փաստաթուղթը լինի, որովհետեւ Արցախ տանելու համար պետք է նաեւ կառավարության հետ պայմանագիր կնքեմ, իսկ պայմանագրի համար պետք են այդ թղթերը, որ պայմանագրի հավելված հանդիսանան, բայց դա էլ ժամանակատար գործ է»։

Հնարավո՞ր է գորգերի ցուցադրությունը հավաքվի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտից, բայց շարունակվի պահվել թանգարանի պահոցներում։ «Իրենք պահոցներ չունեն, 2 հատ դահլիճ ունեն, եւ կարող ենք միայն հավաքել ու դահլիճի մի անկյունում դնել։ Սա է»։

Վարդան Ասծատրյանը պատերազմի օրերին հասցրել է փրկել ու տարհանել 160 գորգ, բայց Շուշիում մնացել է 120-ը, 100 հատ խեցեղեն` տարբեր հազարամյակների թվագրվող, միջին դարի 600, քարի դարի մոտ 50, բրոնզի դարի 100-200 նմուշ․ «Այս թանգարանը ստեղծելուց այդ գորգերը մի անգամ գորգավաճառներից փրկեցի, հետո՝ թուրքերից, հիմա էլ Երեւանի կենտրոնում չգիտեմ ումից եմ փրկում․․․, երեւի 3-րդ փրկումն է հիմա, իսկ սա արդեն աբսուրդ է։ Երեւի մեր հարեւաններն էլ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, որովհետեւ նման բան չի կարող պատահել․․․ մեր թշնամիների ուզածը Երեւանում ստացվում է, դա է վատը։ Աստված անի՝ լավ լինի, այսօր Ազգային ժողովից էլ զանգեցին ասացին, որ ասել են՝ արվելու է, բայց 8 ամիս է՝ նույն վիճակն է։ Այդ խոսքերն արդեն արժեզրկվել են, իսկ այս հարցն ամիսներ շարունակ մնում է օդում կախված»։