Անկայուն խաղաղությո՞ւն, թե՞ բռնի կայունություն․ սա է խնդիրը

Անկայուն խաղաղությո՞ւն, թե՞ բռնի կայունություն․ սա է խնդիրը

Ողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունը կախված է Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերություններից։ Այս մասին Բաքվում ՌԴ նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Իսկ ի՞նչ եղան Ադրբեջան-ՆԱՏՕ, Ադրբեջան-ԱՄՆ, Ադրբեջան-ԵՄ, ավելին՝ Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները: Ահավասիկ, Ալիեւը բաց տեքստով, որ անգամ ավանակին է հասկանալի, հայտարարում է՝ ողջ, ուշադրություն դարձրեք, ողջ հարավկովկասյան տարածաշրջանի (ներառում է Վրաստանը, Թուրքիան, Հայաստանը, Իրանը) կայունությունը կախված է Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերություններից: Կարծում եմ՝ հենց միայն Ալիեւի այս հայտարարության համար արժեր, որ Պուտինը պետական այցով հենց այս օրերին ժամաներ Ադրբեջան: Այսքանից հետո սպասելի է, որ Արեւմուտքը զգալիորեն կչափավորի իր ախորժակը հարավկովկասյան տարածաշրջանում վերադասավորումներ անելու եւ տարածաշրջանն իրեն հարմարեցնելու հարցերում: ԵՄ-ի մասին ընդհանրապես խոսք չկա: Բեռլինում եւ Փարիզում արդեն հասկացան, որ նույնիսկ ԵՄ կայունությունն է պայմանավորված Մոսկվայի եւ Բաքվի հարաբերություններով: Դե իսկ Թուրքիան, կարելի է ասել, անկյունում ծխում է: Իր փոխարեն տարածաշրջանային խաղացող է դառնում Ադրբեջանը՝ միանալով Իրան-Ռուսաստան առանցքին եւ դառնալով թյուրքախոս ազգերի հեգեմոն պետություն: Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի հենակետ լինելը, չնայած իր մարդկային հսկայական ռեսուրսին, այլեւս ակտուալ չէ Թուրքիայի համար:

Կարեւոր է հասկանալ նաեւ, թե ինչ ասել է կայունություն՝ տարածաշրջանի երկրների տեսանկյունից: Իրանի համար, օրինակ, դա բաց ճանապարհ է դեպի հյուսիս եւ Եվրոպա, Ռուսաստանի համար՝ խաղաղ Հյուսիսային Կովկաս եւ ելք դեպի տաք ջրեր ու Հնդկաստան, Վրաստանի համար՝ Արեւմուտքի ակտիվ միջամտության արդյունքում կորցրած տարածքները վերադարձնելու հեռանկար, Թուրքիայի համար՝ դեպի արեւելք համբերատար ծավալվելու շանս եւ այլն: Դիցուք՝ Ադրբեջանի համար այդ կայունությունը համազոր է Հայաստանի գործոնն իսպառ զրոյացնելուն: Կլինի՞ Հայաստան, թե՞ ոչ՝ ցավոք, այսօր նույնիսկ այս հարցն է գտնվում ռուս-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում:

Ո՞ւր է մեր հեծանվորդը: Նրան լուր տվեք, որ մինչ ինքն ընտանյոք հանդերձ հեծանիվ է քշում եւ լոբի մաքրում, «խաղաղության խաչմերուկ» աշխարհացունց ծրագիրը հօդս ցնդեց Ալիեւի մեկ հայտարարությամբ: Նրան ասեք, որ այլեւս Ադրբեջանն ու Ռուսաստանն են որոշելու՝ Հայաստանին վերադարձնե՞լ օկուպացված տարածքները, թե՞ թողնել այդպես, քանի որ տարածաշրջանային կայունությունն է պահանջում դա: Նա կիմանա, մի հատ հարցրեք՝ դեռ շա՞տ կա սահմանազատումին ու սահմանագծումին, Մհեր Գրիգորյանից լուր ունե՞ս, ո՞ւր հասավ… Թե բա՝ ապագա կա, կա ապագա… Ապագան արդեն եկել է, կայունության տեսքով է եկել, բայց՝ առանց Հայաստանի: Հայաստանը ոչ մի կերպ չի տեղավորվում հարավկովկասյան տարածաշրջանի կայունության մեջ: Հայաստանը դարձել է ցեց, հասկանո՞ւմ ես: Եվ դա դու ես արել՝ քո վարած ապուշ քաղաքականությամբ:

Ալիեւի այս հայտարարությունը, ինչքան էլ որ դրա մեջ խոսք չկա ռուս-ուկրաինական հակամարտության մասին, կարող է նպաստել նաեւ Ուկրաինայում եւ ողջ Արեւելյան Եվրոպայում կայունության հաստատմանը: Դրա համար պետք է, որ Ուկրաինան հետեւություններ անի 2014 թվականից ձգվող անիմաստ պատերազմից: Ուկրաինային պետք են նոր իշխանություններ՝ Արեւմուտքի եւ բանդերականության ազդեցությունից զերծ: Այդ հսկայածավալ երկրին այսօր անհրաժեշտ է Ալիեւի նման ղեկավար՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու եւ Արեւմուտքի հետ հավասարը հավասարի հարաբերվելու համար: Ուկրաինան Կուրսկում անելիք չունի: Վաղը, մյուս օը Ռուսաստանի այդ մարզը կմաքրվի ուկրաինական բանակի մնացորդներից, բայց հայտնի չէ, թե ինչ տեղի կունենա Ուկրաինայի արեւմուտքի հետ, որի վրա աչք ունեն Լեհաստանն ու Հունգարիան: Իսկ հիմա հարց ուկրաինացի բարեկամ ժողովրդին՝ վա՞տ էր, որ դուք ունեիք Դոնբաս, Ղրիմ, Զապորոժիե, մեքենաշինություն, ինքնաթիռաշինություն, ծաղկուն գյուղատնտեսություն… Վա՞տ էր, որ Ուկրաինայով էին անցնում դեպի Եվրոպա գնացող գազի կարեւորագույն խողովակաշարերը, եւ Կիեւում ռումբեր չէին պայթում: Իբր ի՞նչ արեցիք ձեր Մայդանով՝ Ղրիմը չկա, Դոնբասը չկա, Զապորոժիեն չկա, մեքենաշինությունը չկա, ինքնաթիռաշինությունը չկա, գյուղատնտեսությունը չկա, խողովակաշարերը չկան, գազ էլ չունեք՝ ռուսական գազը Եվրոպայից եք մուրում: Վա՞տ է: Դե ուրեմն վեր կացեք ու ձեր այդ խեղկատակ իշխանությանը հեռացրեք: Սա է ձեր փրկության եւ կայունության ճանապարհը:

Եվ քանի որ բանը հասավ Մայդանին, ասենք, որ մի «մայդան» էլ մենք ենք ունեցել 2018 թվականին: Եկած-չեկած՝ մեր «մայդանապետը» հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերություններում իրավիճակ է փոխվել, եւ Ռուսաստանը պարտավոր է համակերպվել հայաստանյան նոր իրողությունների հետ: Սկսեց Արեւմուտքի հետ սիլի-բիլի անել… Դրա արդյունքում Արցախը ձեռքներիցս առան, հետո՝ մեր սուվերեն տարածքները: «Մայդանապետի» ձեռքն էլ մի քնձռոտ քարտեզ տվեցին, թե՝ սա է իրական Հայաստանը, վերցրու եւ գնա Սահմանադրությունդ փոխիր: Չէ-չէ մի՝ խաղաղության խաչմերուկ: Խաղաղությունը հաղթողներն են որոշում, իսկ քոնը հաղթողների արանքում տեղավորվելն է: Կտեղավորվե՞ս՝ լավ, չե՞ս տեղավորվի՝ կայունություն կհաստատենք: