Աբսուրդի ժանրից

Աբսուրդի ժանրից

«Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը մի լրատվամիջոցի ասել է, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին «անօրինական կերպով զրկել են քաղաքացիությունից՝ առանց իր գիտության» եւ ավելացրել, որ «հիմա եթե գանք Երեւանում գրանցվենք, հազար տեսակ փորձությունների միջով պետք է անցնենք, իսկ նրան առանց իր գիտության երկրից երկիր են տեղափոխել»:

Ասվածից այնպես է հասկացվում, որ Արցախի իշխանություններն առանց Սամվել Բաբայանի իմացության, նրա կամքին հակառակ, ՊԲ նախկին հրամանատարին հանել են Ստեփանակերտում հաշվառումից եւ գրանցել Երեւանում: Սա աբսուրդ է: Որքանով է Ռազմիկ Պետրոսյանը տեղյակ թեմային՝ դժվար է ասել, բայց նրան կարելի է խորհուրդ տալ թերթել քսանամյա վաղեմության հայկական մամուլը, երբ Սամվել Բաբայանի պաշտպանական թիմը ճակատային հարձակման էր անցել եւ պահանջում էր, որ «ՀՀ քաղաքացի Սամվել  Բաբայանին դատի Հայաստանի դատարանը»: Այսինքն, արդեն 2000թ.-ին Սամվել Բաբայանն ուներ երեւանյան գրանցում: Այլապես ինչու՞ էին նրա պաշտպանները մարտի 22-ի գործով դատավարությունը Հայաստանի դատարաններին վերապահելու պահանջ դնում: Կեղծու՞մ էին: Հազիվ թե: Սամվել Բաբայանը միակը չէր, արցախցի այլ պաշտոնյաներ եւս 1990-ականների վերջերին երեւանյան գրանցում ունեին: Իրազեկ աղբյուրներն ասում են, որ նրանք Երեւանում գրանցվել են Մոսկովյան 24, այսպես ասած՝ Արցախ կոմիտեի հասցեով: Նույն տեղում Ռազմիկ Պետրոսյանն Արցախի իշխանություններին մեղադրում է, որ սահմանափակում են քաղաքականությամբ զբաղվելու Սամվել Բաբայանի իրավունքը: Բացահայտ ապատեղեկատվություն: «Միասնական հայրենիք» կուսակցության համագումարում Սամվել Բաբայանն ընտրվել է առաջնորդ, կուսակցությունն անարագել պետական գրանցում է ստացել եւ բոլոր հնարավորություններն ունի մասնակցելու առաջիկա ընտրություններին: