Գերխնդիրը մեկն է

Գերխնդիրը մեկն է

Ինչ-որ պահից մեր երկրում ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել եւ ոչ մի կերպ չի ուղղվում։ Իշխանությունն իր ողջ ագրեսիան ու գործիքակազմը ոչ թե թշնամի պետության դեմ է ուղղում, այլ ընդդիմադիր ուժերի եւ իր դեմ ընդվզողների։ Պետական անվտանգության ուժերն ու ոստիկանությունը ոչ թե մեր երկրի սահմաններն են այսօր պաշտպանում եւ պետության անվտանգությունն են ապահովում, այլ Երեւանում ապրող ու գործող իշխանություններին՝ երեւակայական թշնամիներից։ Այնքան ատելություն եւ մերժողական վերաբերմունք, որքան իշխանության տարբեր ներկայացուցիչներ տածում են ՀՀ նախկին իշխանությունների, այսօրվա ընդդիմության եւ լրատվամիջոցների նկատմամբ, եթե ուղղվեր դեպի մեր իրական թշնամին, գուցե դրանից մեր հասարակությունն ու պետությունը շահեին։ Մի քիչ արժանապատիվ կեցվածք, մեր լկտիացած հակառակորդին հակազդելու եւ սաստելու կամք կառաջանար։ Չէ՞ որ երբ ուզում են, լավ էլ կազմակերպված հակազդում են՝ ծեծի են ենթարկում իրենց քաղաքական հակառակորդներին, ամբիոններից շշպռում նրանց ու իրենց սուտն անգամ ճշմարտության տեղ են անցկացնում։

Ուստի այս պարագայում պետք է արձանագրենք, որ պարզապես չեն ուզում։ Սահմանի այն կողմում գտնվող ագրեսորը նրանց թշնամին չէ, թշնամին իրենց աթոռներին սպառնացող վտանգն է եւ իշխանության ձգտող ընդդիմությունը։ Եվ իշխանական ողջ ռեսուրսը կիրառվում է նրա դեմ։ Այդ ճանապարհին զերծ չեն մնում անգամ երկրի անվտանգությունն ու պաշտպանունակությունը թուլացնող քայլերից։ Ո՞վ կարող է բացատրել, թե ինչ իմաստ ունի մի կողմից եռամսյա վարժանքներ անելն ու անփորձ մարդկանցով բանակը համալրելը, երբ զինված ուժերի ու բանակային կորպուսների հրամանատարներ, փորձառու զինվորականներ են ազատվում բանակից՝ բացառապես քաղաքական նկատառումներով։