Փաշինյանի կախարդական փայտիկը փչացած է, կամ այդ փայտիկը թարս է բռնել

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Փաշինյանի կախարդական փայտիկը փչացած է, կամ այդ փայտիկը թարս է բռնել

Իշխանության գալիս Փաշինյանը «հպարտներիս» տվեց ամենաբազմազան ու ֆանտաստիկ խոստումները, որոնք հնարավոր չէ մեկ հոդվածում թվարկել: Իր խոստումները համոզիչ դարձնելու համար նա վստահեցնում էր, որ կա կախարդական փայտիկ, որը, բնականաբար, «իր» ձեռքում էր: Կարելի է ենթադրել, որ Փաշինյանն ուներ անկեղծ ցանկություն՝ դրանք իրականացնելու համար, թեեւ որոշ խոստումներ ի սկզբանե կասկածի տեղիք էին տալիս… Բայց կյանքը ցույց տվեց, որ դրանք ոչ միայն չիրականացան, այլեւ տեղի ունեցավ խոստացվածի ճիշտ հակառակը:

Իր վարչապետության օրոք Փաշինյանը որ ոլորտի վրա ձեռքը դրեց, այդ ոլորտը քանդվեց, կազմալուծվեց՝ կրթություն, տնտեսություն, գյուղատնտեսություն, արտաքին դիվանագիտություն, սփյուռք, բանակ, ԱԱԾ… Արցախի հարց… խոստացավ ավելացնել Հայաստանի բնակչության թիվը, վերջին մեկ տարում Հայաստանը համավարակի ու պատերազմի պատճառներով ունեցավ մոտ 10 հազար զոհ, աննախադեպ թվով մարդիկ են արտագաղթում երկրից, ներդրողներն իրենց բիզնեսները դուրս են հանում: Մի խոսքով՝ ինչ խոստացել էր, տեղի ունեցավ հակառակը:

Բայց Փաշինյանն ու թիմը ոչ թե ընդունում ու խոստովանում են իրենց սխալները՝ սկսած կադրային քաղաքականությունից մինչեւ ամեն ինչ «իմացողի» ինքնագոհ մեծամտությունը, այլ մեղքը բարդում են սրա-նրա վրա․ համավարակի դեմ ձախողված պայքարում մեղավոր են քաղաքացիները, պատերազմի պարտության մեջ՝ բանակն ու նախկինները, հասարակության սոցիալական խնդիրները խորանում են՝ ժողովուրդն է մեղավոր, որի աղքատությունը գլխում է: Մարդիկ բողոքում են իշխանության աստղաբաշխական պարգեւավճարներից, ասում են՝ բա լա՞վ էր, որ նախկինները դղյակներ էին կառուցում:

Մի խոսքով, մեղավոր են բոլորը՝ բացի քայլիստներից: Ու այդ «մեղավորների» մեջ առանցքային դերակատարում ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով արդեն 13 տարի իշխանություն չունի, չունի քաղաքական կուսակցություն՝ թիմ, չունի նշանակած պաշտոնյաներ պետական կառավարման համակարգում՝ բանակում, տարբեր գերատեսչություններում, որոնց կարող է հրահանգներ իջեցնել: Բայց ստացվում է, որ անկախ այդ ամենից, Քոչարյանը կարողանում է լինել ամեն տեղ, ղեկավարել բոլորին, հրահանգներ իջեցնել ու ամեն ինչ անել՝ իրեն զոռով քաղաքականություն հետ բերած Փաշինյանին խանգարելու համար: 

• Քոչարյանն իր կախարդական փայտիկն օգտագործելով՝ կարողացել է մոտ 20 տարի բոլորից գաղտնի պահել, որ ինքը Արցախը «ծախել» է, Ալիեւներին համոզել, որ «շուխուր» չանեն, համբերեն, չմտնեն իրենց գնած Արցախի տարածք, մինչեւ Նիկոլի նման մեկը գա՝ նրա գլխին ջարդեն այդ գաղտնի գործարքը: Դե, Ալիեւներն էլ համբերատար սպասել են երկու տասնամյակ։ Իսկ հենց Փաշինյանը հայտնվեց իշխանության ղեկին, Քոչարյանն «իշմար» տվեց, սրանք էլ պատերազմով, հրով ու սրով եկան «իրենց եղածին» տեր կանգնելու… 

• Քոչարյանի կախարդական փայտիկն «աշխատեց» 44-օրյա պատերազմի օրերին. չնայած նրան մեկուսացրել էին հրամանատարական կազմից, բայց նա կարողացավ բանակի գեներալներին, հրամանատարներին այնպիսի հրահանգներ տալ, որ նրանք պատերազմը տանուլ տան եւ տանեն դեպի պարտություն, որպեսզի Փաշինյանի իշխանոթյունը թուլացնի: 

• Քոչարյանն իրեն է ենթարկում Սյունիքի երիտասարդներին, որոնց կարգադրում է դուրս գալ փողոց եւ մարզից «լարել» գիշերով թաքուն այցելած Փաշինյանին: 

• Քոչարյանը կարողանում է զանգահարել Հայաստան դրսից ներդրումներ բերողներին եւ արգելել, որ նրանք ներդրում անեն:   

• Երբ Փաշինյանի հրաժարականն են պահանջում դասախոսները, գիտնականները, բժիշկները, ՊԲ հրամանատարական կազմը, համայնքապետերը, մտավորականները, եկեղեցուց նրան դուրս է հրավիրում քահանան, զոհերի հարազատներն արգելում են մտնել Եռաբլուր, հրաժարականի պահանջով փողոց են դուրս գալիս շարքային քաղաքացիները, դա նշանակում է, որ Քոչարյանն է «տակից» բոլորին կազմակերպում՝ պիցցայով կամ 5 հազար դրամով կաշառելով: 

Այս բոլորը Փաշինյանի, նրա թիմակիցների ու ֆեյքերի մտահղացումներն են, որոնք այս վարկածները դնում են շրջանառության մեջ՝ Փաշինյանի ձախողումներն արդարացնելու համար: Դե, հասարակության այն հատվածը, որը երեւույթների մեջ այդքան խորանալու ունակություն ու ցանկություն չունի կամ էլ չի ուզում ընդունել իր ընտրած վարչապետի կողմից խաբված լինելու փաստը, սկսում է հավատալ այս լուրերին: Ենթադրենք, որ այս ամենը ճիշտ է, եւ Քոչարյանը, ոչ մի լծակ չունենալով, կարողանում է այսքան բանն անել Փաշինյանի գլխին, իսկ Փաշինյանը՝ բոլոր լծակները ձեռքին, ամեն ինչում ձախողում է: Նշանակում է՝ կա՛մ Փաշինյանի կախարդական փայտիկը փչացած է, կա՛մ ինքն այդ փայտիկը թարս է բռնել… Դրա համար էլ Քոչարյանի կախարդական փայտիկը Փաշինյանի կախարդական փայտիկին վնաս է…