Համոզված եմ՝ Նիկոլ Փաշինյանն իրեն կգտնի այս ֆիլմում

Համոզված եմ՝ Նիկոլ Փաշինյանն իրեն կգտնի այս ֆիլմում

Հարցազրույց կինոռեժիսոր, սցենարիտ Մհեր Մկրտչյանի հետ

- Ապրիլի 16-ից կինոթատրոններում կցուցադրվի Ձեր հեղինակած «Իշխանություն» ֆիլմը։ Թրեյլերից կարելի է կռահել, որ այն 2018-ի ապրիլյան իրադարձությունների մասին է, որի գլխավոր դերում դրանց շնորհիվ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն է։ Ճի՞շտ ենք հասկացել։

- Ոչ (ծիծաղում է)։ Ֆիլմը գեղարվեստական է։ Երբ որ միանգամից էս հարցը դրվում է՝ Նիկոլ Փաշինյան եւ այլն, ինքն էդքան օբյեկտիվ չէ, որովհետեւ ֆիլմը գեղարվեստական է, ես փաստավավերագրական ֆիլմ չեմ նկարել։ Ուրիշ հարց, որ, իհարկե, ֆիլմը 2018 թվի իրադարձությունների մասին է, եւ մեզնից ամեն մեկն իրեն կգտնի այնտեղ՝ ինչ-որ մի կերպարում։

- Օրինակ՝ Ձեր կերպարը ո՞րն է այդտեղ, Դուք Ձեզ գտե՞լ եք այդ ֆիլմում։

- Գիտե՞ք, ամեն ֆիլմում, եթե դու հեղինակն ես ֆիլմի, ինչ-որ մի հերոսի մեջ քո մի մասը կա, հաստատ։

- Իսկ Նիկոլ Փաշինյանն իրեն կգտնի՞ այդ ֆիլմում։

- Համոզված եմ։

- Կարծում եք՝ Նիկոլին իշխանության բերածներն այս ֆիլմը կընկալե՞ն, կհասկանա՞ն, թե ինչի մասին է այն։

- Իսկ մինչեւ ֆիլմը, նրան իշխանության բերածները չէի՞ն հասկանում։ Ինձ թվում է՝ բոլորն են հասկանում, համենայնդեպս՝ երեք տարի անց, թե ինչ է կատարվել, ինչ է եղել, ոնց է եղել, ոնց են կարողացել գրեթե մի ամբողջ ազգի մանիպուլացնել, խաբել։ Չգիտեմ, իմ շրջապատում գրեթե չկա մի մարդ, որը չի հասկանում, թե ինչ է կատարվել։ Իհարկե, չեմ բացառում, որ կա մի որոշակի զանգված, որը մինչեւ վերջին վայրկյանը հավատալու է Նիկոլ Փաշինյանի իշխանությանն ու փորձելու է հավատալ, որ նա Աստված է։

- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ տապալվեց Հայրենիքի փրկության շարժումը, որի հանրահավաքներին Դուք էլ էիք մասնակցում։

- Շատ բարդ հարց է, իմ կարծիքը կարող է լինել շատ սուբյեկտիվ, ու գուցե կրկնեմ էն ամեն ինչը, որ ասել եմ այս ընթացքում։ Չեղան քայլեր, երբ որ մեծ ոգեւորություն էր, երբ որ բավականին մեծ հանրահավաքներ էին, երբ որ բավականին ոգեւորված շարժում էր՝ պատրաստ ամեն ինչի, չգտնվեց մեկը, որը․․․․ ո՞նց բացատրեմ, երբ որ 40 հազար մարդ մեծ երթից հետո տանում ես Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկ եւ ասում ես՝ ցտեսություն՝ կհանդիպենք վաղը, բոլորն իրար երեսի են նայում, ասում են՝ չհասկացանք, էս ի՞նչ էր, բա վաղն ի՞նչ է լինելու։ Էլի քայլեցինք, հետո՞։ Սա է գլխավոր պատճառը, որ ամեն սցենար, նույնը եթե խոսում ենք ֆիլմի, թատրոնի պիեսի մասին, ապա պետք է ունենա զարգացում եւ ունենա կուլմինացիա։ Դու չես կարող ֆիլմը բերես հասցնես, եռացնես ինչ-որ մի կետի, որ պետք է արդեն ֆինալում լինի էդ կուլմինացիան, զարգացումը, եւ ասես՝ կշարունակենք հաջորդ սերիայում։

- Կամ ասել՝ մենք սահմանադրական ճանապարհով կհասնենք կուլմինացիային։

- Եկեք չխոսենք սահմանադրականի մասին։ Գիտե՞ք ինչ, երբ քո հետ ռինգում բոքս են կպնում, դու չես կարող բոքսի ռինգում բադմինտոն խաղալ։

- Կամ դիմել վարչական դատարան։

- Այսինքն՝ ի՞նչ վարչական դատարան, ի՞նչ Սահմանադրական դատարան․․․ Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, այսինքն՝ ինչ-որ մեկի հետ, որը որ ամեն օր իր ամեն քայլով թքում է Սահմանադրության վրա, ինչ ուզում՝ անում է, դու նրա հետ պայքարում ես միայն սահմանադրակա՞ն ճանապարհով։ Դե պայքարի։

- Ի՞նչ եք կարծում, իրենք Փաշինյանին ավելի շատ չուզեցի՞ն, թե՞ չկարողացան հեռացնել իշխանությունից։

- Անկեղծ՝ չունեմ դրա պատասխանը։ Չկարողացան, թե չուզեցին, ինձ թվում է՝ այդ հարցի պատասխանը ժամանակը ցույց կտա։

- Դուք մշակութային մարդ եք, մշակույթի գործիչներն ավելի տոլերանտ են լինում, սովորաբար, հարաբերություններում, Դուք պատրա՞ստ եք, օրինակ, մեր թշնամիների հետ բարեկամանալ, ինչը հիմա ակտիվորեն քարոզում են այս իշխանությունները։

- Իհարկե, ոչ։ Իսկ ի՞նչ տոլերանտության մասին եք Դուք խոսում։ Այսինքն, եթե դու մշակութային գործիչ ես՝ փորձիր տոլերանտ լինել եւ դիվանագիտորեն ձեւակերպել քո միտքը եւ․․․ ի՞նչ բարեկամություն թուրքերի հետ, էն հազարավոր զոհերը, որ տվինք, որ մինչեւ հիմա․․․ Գիտե՞ք, երեկ նյութ էի կարդում ու գազազում մի բանից, որ դեռ սառնարաններում տղերքի դիեր կան․․․ Դուք շիզոֆրենի՞կ եք։ Նորմա՞լ է էդ ամեն ինչը։ Հողին հանձնեք․․․ Սա ֆարս է, մեծ ֆարս։ Չի լինում էսպիսի բան ոչ մի երկրում, որ պատերազմի էդ ֆինալից հետո, երբ որ ամեն ինչ բացահայտվեց, ու «հաղթելու ենք»-ը վերածվեց մի հատ մեծ պարտության, դրանից հետո ոչ մի երկրում ոչ մի ղեկավար մի շաբաթից ավելի չէր ձգի։ Երեւի Հայաստանը յուրահատուկ երկիր է։

- Ֆարս է, թե փաստ, բայց մենք, կարծես թե, հունիսի 20-ին գնալու ենք ընտրությունների։ Դուք կմասնակցե՞ք այդ ընտրություններին՝ թե՛ որպես ընտրող, թե՛ որպես հասարակական-քաղաքական գործիչ՝ որեւէ ուժի ցուցակում ընդգրկվելով։

- Ես առաջին հերթին ռեժիսոր եմ եւ չեմ մտածել նման բանի մասին։ Բայց, գիտե՞ք ինչ, ես սովորել եմ իմ կյանքում չբացառել ոչինչ։ Իմ կյանքը բավականին տարբեր է եղել․ կինոյի ինստիտուտն ավարտելուց հետո մտել էի բանկային համակարգ, հետո՝ կինո, հետո էլի 18 տարի աշխատել եմ բանկում, տարբեր իրավիճակներ են եղել իմ կյանքում, եւ սովորել եմ ոչինչ չբացառել։ Բայց թող լինի առաջին հերթին էդ հրաժարականը, էդ ընտրությունները նշանակվեն, Դուք շատ ավելի լավատես եք, բայց դեռեւս Նիկոլին հաջողվում է բոլորին ֆռռցնել, եւ ես չեմ բացառում նաեւ, որ ինքն առավոտ զարթնի ու ասի՝ ո՞վ ա ասել, որ ընտրություններ են լինելու, ես ուրիշ բան նկատի ունեի։

- Միքայել Մինասյանն ու իր թիմակիցները նոր կուսակցություն են գրանցել՝ «Իմ Հայաստան», Դուք էլ նրանց հետ մտերիմ հարաբերություններ ունեք։ Հնարավո՞ր է, որ հենց այս կուսակցության ցուցակում ընդգրկվեք, կամ եղե՞լ է  առաջարկ նրանց կողմից։

- Դեռ առաջարկ չի եղել, եւ այն, ինչ Դուք պատմում եք ինձ, ես առաջին անգամ Ձեզնից եմ լսում։

- Ի՞նչ եղան այն մշակութային գործիչները, մտավորականները, որոնք 2020 թ․ նոյեմբերի 28-ին հավաքվել էին «Կինո-Մոսկվայի» մոտ ու պատրաստ էին ամեն օր միտինգ անել դեսպանատների մոտ, միայն թե հետ բերեն մեր գերիներին։ Այդ միտինգներին Դուք էլ էիք մասնակցում եւ ելույթ ունենում հարթակից։

- Ես, այո, եղել եմ էդ երեքից մեկը, որը դա արել է, կար նման լավ միտք, լավ գաղափար, եւ մենք մտածում էինք, որ դա կնպաստի եւ ինչ-որ օգուտ կտա մեր տղաներին, բայց երբ որ սկսվեց դրա զարգացումը եւ շարունակությունը, մեր մտեցումները տարբեր էին։ Իմ ընկերները համարում էին, որ էդ շարժումը պետք է լինի ոչ քաղաքական, եւ, ազնիվ լինելով ինձ հետ, համարում էի, որ ինքը պետք է լավ էլ քաղաքական լինի։ Գուցե նրանից է, որ ես բավականին քաղաքականացված եմ կյանքի էս էտապում, եւ մեր ճանապարհները երկրորդ օրը բաժանվեցին շատ սիրուն եւ համերաշխ։

- Շատերն են ասում՝ եթե հունիսի 20-ից հետո Նիկոլը մնա իշխանության, իրենք գնալու են այս երկրից, որովհետեւ չեն պատրաստվում ապրել թուրքերի, ադրբեջանցիների եւ նիկոլականների միջավայրում։

- Կարո՞ղ եմ մի քիչ ոչ գրական բառ օգտագործել՝ կերել են․ ես մնալու եմ։ Ես մնալու եմ ու իմ ամեն օրով պայքարելու եմ իրենց դեմ, ես չունեմ տալու երկիր։ Ես ամեն օր պայքարելու եմ, իմ հնարավորություններով, իմ ուժերով ամեն օր անելու եմ մի բան, որ ունենանք լավ երկիր։ Ես բավականին երկար՝ 27-28 տարի ապրել եմ դրսում, ես հիմա ուզում եմ ապրել Հայաստանում եւ ուզում եմ, որ իմ երեխաները մեծանան էս երկրում։