Եթե ադրբեջանական կողմը խախտի հրադադարը, Արցախը կարող է դառնալ վերջին կաթիլը ԱՄՆ-ի սանկցիաների հարցում

Եթե ադրբեջանական կողմը խախտի հրադադարը, Արցախը կարող է դառնալ վերջին կաթիլը ԱՄՆ-ի սանկցիաների հարցում

ԱՄՆ-ում նախընտրական շրջան է, եւ բնական է, որ արցախյան սրված հակամարտությունը, որը վերածվել է արյունալի պատերազմի, պետք է տեղ գտնի նաեւ ԱՄՆ նախագահի թեկնածուների քարոզարշավում։ ԱՄՆ գործող նախագահի պարագայում սա համընկավ ոչ միայն Թրամփի քարոզարշավին, այլեւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ԱՄՆ կատարած այցերին, որն ուներ հրադադարը կանգնեցնելու նպատակ։ Պետքարտուղար Պոմպեոյի, ինչպես նաեւ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, հատկապես նյուհեմփշիրյանը, որ «եթե գիտես, թե ինչ ես անում, ապա ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում՝ Սերբիայում», որոշ լավատեսություն են ներշնչում։ Սակայն այդպիսի զգացողություն են ներշնչում նաեւ դեմոկրատ Բայդենի հայտարարությունները, եւ, հետեւաբար, հայության, Հայաստանի ու Արցախի համար այս վճռորոշ ժամանակներում շատ կարեւոր կարող է լինել ամերիկահայության  քվեարկությունը։

«Հրապարակն» ԱՄՆ նախագահի գործող ու ապագա վարչակազմերից հայության սպասումների մասին զրուցել է Լոս Անջելեսում բնակվող հայ լրագրող Արթուր Սահակյանի հետ։

- Այն ամենում, ինչ ասել ու արել են թեկնածուները մինչ այժմ, ի՞նչ նախապատվություններ կան այս պահին ամերիկայության շրջանում ու ինչ ակնկալիքներ։

- Ակնկալիքները բաժանում եմ 2 մասի․ ընդհանուր ակնկալիքներ՝ Թրամփի ադմինիստրացիայից, եւ ակնկալիքներ՝ կոնկրետ հրադադարի հարցով․ կպահպանվի՞ արդյոք այն։
Առաջինի մասով բոլորի անունից չեմ կարող խոսել, բայց անձամբ մեծ ակնկալիքներ ունեմ Թրամփի ադմինիստրացիայից։  Կպահպանվի՞ արդյոք հրադադարը, շատ մեծ ակնկալիքներ չունեմ։ Բայց, ի տարբերություն նախկին 2 հրադադարների, որոնք չպահպանվեցին, այս անգամ կարծում եմ՝ ԱՄՆ ողջ ռեսուրսներն օգտագործման կդրվեն, քանի որ նախընտրական շրջանում չկատարել կամ, ավելի պարզ՝ խախտել Թրամփի հետ ձեռք բերված համաձայնությունը, մեծապես վնասելու է նրա վարկանիշին։ Իսկ սա չի հանդուրժվի, եւ կարծում եմ՝ այդ պարագայում հարվածներ կստանան թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը։ Սա կլինի սանկցիաների, թե այլ տեսքով, չգիտեմ, բայց գոնե մինչեւ ընտրությունները Թուրքիան կփորձի ի ցույց չդնել իր միջամտությունը եւ պահպանել հրադադարը։ Բայց քանի որ Թուրքիան անկանխատեսելի է եւ ցույց է տալիս, որ թքած ունի ամեն ինչի ու բոլորի վրա, ոչինչ չեմ բացառում։ Թրամփի ադմինիստրացիայի քայլերի ու հայտարարությունների վերաբերյալ, այո, շատերը հայտարարում են, թե նախընտրական քայլեր են, PR։ Միգուցե այդ ամենը կա, բայց միաժամանակ կա նաեւ Թրամփի կողմից, առհասարակ,  աշխարհում խաղաղության գործընթաց հաստատելու մղում, նույն՝ արաբաիսրայելական աշխարհում։ Եվ սա դրսեւորվում է ոչ միայն հիմա, այլեւ նախորդ տարիներին։ Ինչ վերաբերում է թուրքերին, ապա ԱՄՆ-ն Թուրքիայի հետ խնդիրներ ունի նաեւ ռուսական С- 400-ների, Հունաստանի ու Կիպրոսի ջրեր ներխուժելու հետ կապված։ Այսինքն՝ ամերիկա-թուրքական հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում, չնայած, դիվանագիտական լեզվով՝ սա շատ մեղմ է ներկայացվում։ Կարծում եմ, որ եթե ադրբեջանական կողմը խախտի, Արցախը կարող է դառնալ վերջին կաթիլը, որից հետո ԱՄՆ-ն կարող է կտրուկ միջոցներ ձեռնարկել։ Եթե այդպես լինի, ապա, իմ կարծիքով, սա կլինի սանկցիաների տեսքով։ Գիտեք, որ թուրքական լիրան արդեն իսկ արժեզրկվել է 20 տոկոսով, եւ եթե ԱՄՆ-ն տնտեսական սանկցիաներ կիրառի, ապա սա Թուրքիայի տնտեսության համար իրոք կործանարար հետեւանքներ կարող է ունենալ։  

- Թրամփի խոսքը ոմանց կողմից մեկնաբանվեց լավատեսորեն, որ նա շատ հնարավոր է՝ կճանաչի Արցախի անկախությունը։

- Կարծում եմ՝ նրան հանգամանալից զեկուցել են, թե ինչ տարբերակներ կան։ Թրամփն ասել էր, որ շատ հեշտ լուծվող հարց է։ Շատերը կասկածում են, որ Թրամփի ադմինիստրացիայի կողմից նմանատիպ տարբերակ քննարկվում է, բայց ես շատ հավանական եմ համարում, որովհետեւ ուզում եմ հիշեցնել՝ Կոնգրեսում 2, այդ թվում՝ Արցախի անկախությունը ճանաչելու օրինագիծ է ներկայացվել։ Չեմ բացառում, որ եթե Թուրքիան ու Ադրբեջանը շարունակեն խուսափել խաղաղ բանակցություններից, Կոնգրեսը կճանաչի Արցախի անկախությունը։ Մյուս օրինագիծը Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս մղելու վերաբերյալ է։ 

- Հայ համայնքից ոմանք պաշտպանում են Բայդենին, ոմանք՝ Թրամփին։ Նաեւ տեղեկություններ կան, որ Հայաստանի կառավարական կամ կիսակառավարական որոշ շրջանակներից  տրամադրություններ ուղղորդվում են՝ քվեարկել Բայդենի օգտին։

- Չգիտեմ այդ մասին, բայց գիտեմ, որ ԱՄՆ-ում ավանդաբար դեմոկրատական են ավանդական կառույցները՝ Դաշնակցություն, Հնչակյան կուսակցություն, եւ կան դեմոկրատական նահանգներ ու քաղաքներ։ Օրինակ՝ Կալիֆորնիան ու Նյու Յորքը, որտեղ հայերի ձայները սովորաբար գնում են դեմոկրատներին, բայց այս անգամ իրավիճակն այլ է, որովհետեւ Թրամփը վերջին մեկ շաբաթվա ընթացքում 3 անգամ անդրադարձել է Հայաստանին՝ որեւիցե ակնարկ չանելով Թուրքիային ու Ադրբեջանին, եւ հիմա դեմոկրատները փորձում են Թրամփի խաղաղության հաստատման այս քայլը մեկնաբանել որպես նախընտրական։ Մի տեսակ խանդ կա դեմոկրատների մոտ, քանի որ իրենք, չլինելով գործող վարչակարգ ու, հետեւաբար, ավելի ազատ լինելով իրենց խոստումներում, անգամ դա չեն անում։ Հակառակը․ Բայդենը հիմա լռում է, խոստանում է 100 տարի առաջ տեղի ունեցած  Ցեղասպանության ճանաչում։ Ընդ որում, այս հարցում մեկ անգամ արդեն խաբել է Օբամայի հետ միասին։ Նաեւ Բայդենն ասում է, որ «հայերը պետք է դուրս գան օկուպացված տարածքներից»։ Սա Բայդենի ու Հարիսի քարոզարշավի վերջին հայտարարություններից է։ Մենք անգամ բողոքի ցույց անցկացրինք մեր սենատոր Քամելա Հարիսի գրասենյակի դիմաց՝ պահանջելով պատասխաններ։ Եղան նաեւ հեռախոսազանգեր, եւ մեզ պատասխանեցին, որ «մենք նոր բան չունենք ասելու, ինչ ասել ենք, ասել ենք»։ Իսկ ի՞նչ են ասել։ Ասել են, որ, հայեր, ձեզ խոստանում ենք Հայոց ցեղասպանության ճանաչում, եւ նաեւ երկու կողմերին ուղղված հայտարարություն, որ Արցախում պետք է հրադադար հաստատվի։ Սա՛ է իրենց խոստումը։ Թրամփն այդ ուղղությամբ որեւէ խոստում չի տվել, բայց կոնկրետ գործողություններ է արել ինչպես հրադադարի հաստատման գործում, այնպես էլ, ասացի՝ վերջին 1 շաբաթվա ընթացքում 3 անգամ անդրադարձել է Հայաստանին՝ գովելով հայ ժողովրդին, հայերի պատերազմելու կարողությունները։ 3 անգամ շեշտել է, որ օգնելու է հայերին, Հայաստանին։ Եթե դեմոկրատները սրան խանդով են վերաբերում եւ մեկնաբանում որպես նախընտրական խոսքեր, ապա հարց՝ եթե նախընտրական հայտարարություններ են, ուրեմն ինչո՞ւ իրենց թեկնածուն, որը պակաս կաշկանդված է, քան գործող նախագահը, նման հայտարարություններ չի անում։ Թե հրադադարն ինչ ընթացք կստանա, կերեւա առաջիկա օրերին, բայց ես այս պատերազմից հետո ունեմ զգացողություն, որ սկսել ենք աշխատել նաեւ Թրամփի ադմինիստրացիայի հետ, ինչը շատ գովելի է, քանի որ մինչ այժմ չունեինք որեւէ խողովակ, որով աշխատում էինք Թրամփի վարչակազմի հետ։ Բոլորը, ում հետ աշխատում էին,   դեմոկրատներ էին, հիմնականում՝ պոպուլիստներ, եւ անցած տարիներին մշտապես բիզնես է արվել՝ հայերի ձայները դեմոկրատներին տալու համար։ Վստահ եմ, որ այս անգամ մեր ժողովուրդն ավելի միասնական է քվեարկելու, եւ այս պահի դրությամբ կարելի է ասել, որ հայերի ձայները գնալու են Թրամփին։ Չհաշված, իհարկե, հայկական քաղաքական կուսակցությունների էսթաբլիշմենթը, որոնք դեմոկրատ եղել են ու դեմոկրատ մնում են։