Hellօ, Stalin

Hellօ, Stalin

«Էս ամեն ինչը հո չե՞նք անում քաղաքական նպատակներով կամ քաղաքական նկրտումներով. սա մենք անում ենք իրավիճակը կառավարելի պահելու համար»,- մարտի 31-ին իր հերթական ֆեյսբուքյան ուղիղ ինքնաեթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող-պարտադրվող լրացումներին, որոնք նույն օրը երեկոյան ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին 71 «կողմ» ձայներով: Նոր լրացումները պարտադրում են ՀՀ քաղաքացիներին մնալ ՀՀ կառավարության տեսադաշտում՝ վերահսկելով քաղաքացիների տեղաշարժը, հաղորդակցման շրջանակները եւ խախտելով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության գաղտնիության՝ մարդու անօտարելի իրավունքները:

ՀՀ քաղաքացիների ամբողջական վերահսկման մասին այդ օրինագծերով, դրանք Ազգային ժողովում ուժի իրավունքով անցկացման մեթոդներով ՀՀ հեղափոխական իշխանությունը վերջնականապես ջնջեց սահմանները իր եւ վարկաբեկված նախորդ՝ ՀՀԿ-ի իշխանության միջեւ: 
 

Աշխարհին պատուհասած մահաբեր համավարակը Հայաստանում եւս շարունակում է ծավալվել եւ աճել: Միաժամանակ, այս համավարակի բացիլը Հայաստանում փոխակերպուկի է վերածվում. նոր Հայաստանը վարակվել է քաղաքական կորոնավիրուսով, որն արագորեն քայքայում է ժողովրդավարական հաստատությունները, կազմալուծում ժողովրդավարության հիմքերը, ոչնչացնում ազատության արժեքներն ու սկզբունքները՝ փորձելով բռնապետություն հաստատել  Հայաստանում: 

Վերջին երեսուն տարիներին Հայաստանի Հանրապետությունն անվերջ գտնվել-մնացել է անցումային փուլում՝ ուժգին տատանվելով ամբողջատիրություն-ժողովրդավարութուն, ժողովրդավարություն-ավտորիտարիզմ հերթագայությամբ: Հայաստանում ժողովրդավարության հաստատման բոլոր վտանգներն ու սպառնալիքները, սկսյալ 1995թ. հուլիսի 5-ից, ծայր են առել ընտրական համակարգի անարգման եւ իշխանության բռնազավթման հետեւանքով: Միաժամանակ, անգամ բռնազավթված իշխանության պայմաններում մեր երկրում բռնապետության հաստատման փորձերը ձախողվել են:  
 

Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում, նույնիսկ վերահսկվող եւ փակվող հեռուստաընկերությունների, քաղաքական հետապնդումների պայմաններում, Հայաստանում տպագիր մամուլի զգալի մասը եւ քաղաքական ընդդիմությունը չէին հնազանդվում իշխանության կամայականություններին: Սերժ Սարգսյանը Քոչարյանի կարծր քաղաքական ռեժիմը փոխարինեց փափուկ մեթոդներով՝ քաղաքականությունից ընդդիմության «տարհանմամբ», թույլատրելի ազատության պայմաններում ԶԼՄ-ների ամբողջական վերահսկմամբ եւ քաղաքական դաշտի ապամոնտաժմամբ: Կեղծված Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը նաեւ սահմանադրականացրեց միանձյա կառավարումը եւ փաստացի միակուսակցական համակարգը՝ ապամոնտաժելով նաեւ իշխանության տարանջատման մեխանիզմներն ու սկզբունքները: Սակայն Քոչարյանի եւ Սարգսյանի արատավոր, կոռումպացված  իշխանությունն անգամ չկարողացավ Հայաստանում բռնապետություն հաստատել: 
 

Ապրիլյան հեղափոխականներն իշխանության եկան նախորդ արատավոր համակարգը կազմալուծելու ձգտումներով եւ ժողովրդավարության կայացման խոստումներով: Միաժամանակ, հետհեղափոխական Հայաստանի երկու տարիներն ավելիով ապացուցեցին, որ ներկաները սկսեցին անհագ օգտվել նախկինների արատավոր քաղաքական ժառանգությունից: Ցավալիորեն պարզ դարձավ, որ իշխանությունների լեգիտիմությունը եւ օրինական ընտրությունների անցկացումը ժողովրդավարության կայացման ամենակարճ եւ միակ ճանապարհը չեն: Մանավանդ որ, քաղաքական արատավոր համակարգի պահպանման, Փաշինյանի անձնային մերժելի հատկությունների բացահայտման, նրա քաղաքական թիմի գաղափարազրկության, տարակուսելի ձգտումների եւ ինքնահաստատման ծանր պայմաններում իշխանության լեգիտիմությունը դարձավ բռնապետության շարժիչի գործադրման լրացուցիչ խթան:

Աշխարհում մոլեգնող եւ Հայաստանին եւս պատած համավարակը բռնապետության հաստատման՝ ՀՀ նոր իշխանությունների այդ ձգտումները կա՛մ բացահայտեց, կա՛մ խթանեց, կա՛մ «հիմնավորեց»: Համավարակի վտանգի պատճառաբանությամբ՝ հեղափոխական կառավարությունը նախ սկսեց արագորեն սահմանափակել տեղեկատվության ազատությունն ու մատչելիությունը, վերահսկել եւ գրաքննել այն, ապա օրինականացրեց քաղաքացիների ամբողջական պետական վերահսկողությունը, ի վերջո՝ յուրացրեց նաեւ ներկայացուցչական իշխանությունը՝ խորհրդարանը: 

Հայաստանում, ուր իշխանության տարանջատման սկզբունքը վերջին 20-25 տարիներին չի գործել, հեղափոխությունից հետո եւ համավարակի ընթացքում սկսեց իրականացվել իշխանությունների միաձուլման քաղաքական ուղեգիծը: Ի սկզբանե գործող Ազգային ժողովը պառլամենտարիզմի հետ նույնքան կապ ուներ, որքան համավարակը՝ մարդկային երջանկության հետ, մանավանդ որ այս խորհրդարանը հավաքվել էր Փաշինյանի կամոք: ԱԺ մարտի 31-ի արտահերթ երեկոյան նիստերն ավելիով ապացուցեցին, որ  «Իմ քայլի» եւ մերձքայլական պատգամավորները կարծես ձուլվել են կոմերիտմիության եւ բազեականության խառնարանում: ՌԴ կառավարության նախկին ղեկավար Վիկտոր Չերնոմիրդինը կարծես հենց «Իմ քայլի» մասին էր ասել. Какую бы общественную организацию мы ни создавали, получается КПСС:

Աղմկահարույց օրինագծերը ԱԺ հերթական նիստում մերժվելով եւ արտահերթ նիստում պարտադրաբար ընդունելով՝ հեղափոխական իշխանությունը վերածվեց հեղափոխությունը գլխատող իշխանության: Հայաստանում թավշյա հեղափոխության փշերը սկսեցին ավելի ու ավելի ցցուն դառնալ՝ տատասկապատելով  ժողովրդավարական ազատությունների ճանապարհը: Տեղաշարժման եւ շփումների սահմանափակումներն ըմբռնումով ընդունող, թեպետ դրանք ոչ միշտ պահպանող հանրությունը տարակուսեց նոր օրինագծերի ընդունումից, իսկ հանրության առավել առաջադեմ հատվածն ընդվզեց, թեպետ ինքնամեկուսացումների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ այդ ընդվզումը պարփակվեց  առցանց տիրույթով: Ճգնաժամային կառավարման, որոշումների կայացման դժվարությունն ու պատասխանատվությունը Նոր Հայաստանում առաջ բերեցին բռնապետական հակումներով մերօրյա ստալինյան եռյակին՝ Փաշինյան-Ավինյան-Բադասյան կազմով:       

Ներհայաստանյան գործընթացները վկայում են, որ Հայաստանում կարող է նոր Ստալին ծնվել՝ ժողովուրդն իր ընտանիքը համարող, պոպուլիզմի քաղաքական թանձրույթով պատված Նիկոլ Փաշինյանի տեսքով: Ընդամենը 1-2 ամիս առաջ հայաստանյան մամուլի աննախադեպ ազատությամբ, անշրջելի ժողովրդավարությամբ հպարտացող, «հպարտ քաղաքացուն» միակ իշխանություն համարող թավշյա հեղափոխության հայրը՝ Նիկոլ Փաշինյանը, կարող է վերածվել «ժողովուրդների հոր»՝ Իոսիֆ Ստալինի: 

Ճգնաժամերը, աղետները, համաճարակները, հասարակական կառուցվածքների եւ պետական կարգերի փլուզումն առաջ են բերում հոգեբանական վարքի, դիրքորոշումների փոփոխություն, որն ուղեկցվում է տագնապներով, հոգեբանական խռովքով, ներքին բախումներով: Ի սկզբանե ակնհայտ էր, որ մեկ մարդու կամքից կախված ժողովրդավարությունը չի կարող կենսունակ լինել: Հանգամանքները կարող են անգամ երդվյալ ժողովրդավարին փոխակերպել, եթե չգործեն ժողովրդավարական մեխանիզմները: Նիկոլ Փաշինյանի մոտ ներքին բախումները՝ պահպանել ժողովրդավարությո՞ւնը, թե՞ բռնապետություն հաստատել, ավարտվում են հօգուտ բռնապետության հաստատման: 

Բռնապետությունն ավելի վտանգավոր է դառնում քաղաքական պոպուլիզմի պայմաններում, երբ հանրության մի հատվածը՝ կամա թե ակամա, գիտակցաբար թե անգիտակցաբար, դառնում է պոպուլիզմի եւ բռնապետության աջակիցը: 

Եռյակը պատրաստվում է ոչ միայն համավարակի ռիսկերի կառավարմանը, այլեւ համավարակից հետո ամբողջական՝ տնտեսական, քաղաքական, հասարակական ճգնաժամում հայտնված Հայատանի կառավարմանը, երբ իշխանություն կորցնելը նույնքան դյուրին կարող է լինել, որքան թավշյա հեղափոխությամբ այդ իշխանությունը վերցնելը: Հետհամաճարակային Հայաստանում կառավարման կոշտ մեթոդները դառնում են անխուսափելի եւ ակնհայտ: Հպատակների վերածված ՀՀ քաղաքացիները վաղը կարող են  դուրս գալ տնից եւ հայտնվել ավելի նոր Հայաստանում եւ նոր ժամանակների բառապաշարին համահունչ ողջունեն՝ Hellօ, Stalin։

Ողջ խնդիրն այն է, որ հետխորհրդային Հայաստանում բռնապետության հաստատման բոլոր փորձերը ձախողվել են: Կձախողվի նաեւ այս վերջին փորձը: