Հակատուբերկուլյոզային դիսպանսերը վաղը բողոքի ակցիա կանի, հիվանդ չեն ընդունի

Հակատուբերկուլյոզային դիսպանսերը վաղը բողոքի ակցիա կանի, հիվանդ չեն ընդունի

Հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցները վաղը հիվանդ չեն ընդունի, քանի որ բողոքի ակցիա են իրականացնելու՝ բողոքելով առողջապահության նախարարության դեմ։ Դիսպանսերի լաբարանտ Արմինե Մուսայելյանը «Հրապարակի» հետ զրույցում  ասաց, որ բողոքի պատճառ այն է, որ նվազեցրել են դիսպանսերի ֆինանսավորումը, նրա խոսքով՝ ցանկանում են այն ընդհանրապես փակել․

«Խնդիրն այն է, որ մեր նախարարությունը որոշել է փակել կենտրոնը։ Ուղղակի չեն ասում, որ ուզում են փակել, բայց մենք ունեինք ստացիոնար բաժին, որտեղ հիվանդներ էին բուժվում, նախարարությունը որոշել է փակել ստացիոնար բաժինը։ Դրա հետ կապված մեր ֆինանսավորումը այնքան է պակասել, որ մեր հիմնարկը չի կարող գոյատևել։ Եթե հիմա Դուք իրեն հարցնեք, որ որոշել է փակել քաղաքային դիսպանսերը,  ինքը անպայման կասի՝ չենք փակում , մենք միայն ստացիոնարն ենք փակում, բայց էստեղ ֆինսավարոման խնդիրն է, որ այնքան են իջացրել, որ մեր հիմնարկը չի կարող գոյատևել։ Ես հստակ թվերը չգիտեմ, բայց գիտեմ, որ մոտավորապես 5-6 անգամ պակասացնում են ֆինանսավորումը»,- ասաց Մուսայելյանը։

Հարցրինք, թե ինչո՞ւ են փակել ստացիոնար բաժինը․

« Իրենք պարզաբանել են, որ մեր հիվանդների թիվը զգալի պակասել է, քանի որ տարիներ առաջ նախարարությունը մի ծրագիր մշակեց։ Առաջ մարդիկ գալիս էին մեզ մոտ, հետազոտվում, գնում էին, հետո պոլիկլինիկաներում կաբինետներ բացվեցին, հիմա հիվանդները գնում են պոլիկլինիկա, իսկ այն ժամանակ բոլորը գալիս էին մեզ մոտ, ստացիոնար բուժումը ստանում էին, մեր ներկայությամբ դեղերը ստանում, գնում էին։ Հիմա քանի որ մեզնից հեռացել են, հիվանդներն էլ պոլիկլինիկայից են դեղերը ստանում, հիվանդների թիվը նվազել է։ Բայց ամեն պոլիկլինիկա չէ, որ ունի խորխի լաբորատորիա, ռենտգեն, կամ շերտավոր նկարի հնարավորություն։ Դա կատարվում է մեզ մոտ։ Հիմա եթե հանկարծ այնպես եղավ, որ իրենք հասան իրենց ուզածին, ապա տուբերկուլյոզով հիվանդը պիտի գնա, հասնի Աբովյան, բայց եթե մեզ են դժվար հասնում, այնտեղ հասատատ չեն գնա։ Հիվանդ ունենք, որ միանգամից գալիս է մեզ մոտ»։