Որքանով է միատարր Դոնալդ Թրամփի թիմը

Սուրբ Ծննդյան եւ Նոր Տարվա տոները Միացյալ Նահանգներում սովորաբար բնութագրվում են հանրային-քաղաքական ակտիվության նվազմամբ։ Սակայն այս անգամ Ամերիկան պատրաստվում է ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։ Թրամփիզմը, ինչպես արդեն սկսել են բնութագրել ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարների ամբողջությունը, ըստ էության կարողացել է լուսանցք մղել չափավորական հանրապետականներին, որոնց թեկնածու Նիկի Հեյլիին Թրամփը մերժեց, եւ այն էլ ցուցադրաբար՝ ներառել իր թիմում։
Սա իհարկե չի նշանակում, գրում է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինն իր վերլուծականում, թե «չափավորական հանրապետականները» անհետացել են։ Նրանք շատ են թե Սենատում, թե Ներկայացուցիչների պալատում։ Եւ եթե թրամփիստական ալիքը սկսի թուլանալ, կկարողանան նոր հնարավորություն կորզել։ Սակայն դա մոտ ապագայում դժվար թե լինի։ Սակայն, ըստ Մակարկինի, թրամփիզմը, ինչպես պրակտիկան է ցույց տալիս, այնքան էլ միատարր չէ։ Եւ առաջին խնդիրներից մեկն արդեն ծառացել է Թրամփի ու նրա թիմի առաջ՝ ինչ անել մասնագիտական բարձր որակավորում ունեցող ներգաղթյալների հետ։
Հենց այս հարցի առնչությամբ էլ Թրամփի թիմի ներսում սկսվել են հակասությունները։ Թրամփիզմի հիմնական կարգախոսներից մեկը՝ երկիրը ներգաղթյալների համար փակելն է։ Ու քանի դեռ խոսք է գնում այն մասին, որ հարկ է թույլ չտալ, որպեսզի լատինա-ամերիկացիները հատեն Մեքսիկայի հետ սահմանը, թրամփիստների շարքերում կա կոնսենսուս, որը հիմնված է մի շարք թեզիսների վրա։ Դրանցից մեկի համաձայն՝ ամերիկյան «խորքային պետությունը» դավադրություն է կազմակերպել եւ փորձում է ներգաղթյալների օգնությամբ հասնել նրան, որ «սպիտակամորթներին» փոխարինի «ոչ սպիտակամորթներով»։ Մյուս թեզերն են՝ աշխատատեղերի հանդեպ մրցակցություն, աշխատավարձերի քանակը, ամերիկյան քաղաքներում անվտանգության հարցը եւ այլն։ Սակայն կոնսենսուսը սկսում է քայքայել, երբ հարցը գնում է բարձր որակավորում ունեցող միգրանտներին վիզա տրամադրելու հարցին։ Շատ թրամփիստ ակտիվիստների համար ցանկացած միգրանտը վատն է, լինի նա հավաքարար թե առաջատար տեխնոլոգիաների ոլորտի ճարտարագետ։ Ու խնդիրը ոչ միայն թափուր հաստիքների լրացումն է, այլ նաեւ այն, որ օրինակ հնդիկ «այթիշնիկը» կարող է ամերիկացի մասնագետին փոխարինել եւ ստանալ լավ աշխատավարձ։ Մյուս կողմից սակայն բարձր որակավորում ունեցող միգրանտները ամերիկյան բիզնեսի համար անհրաժեշտություն են։
Նրանք հզոր ռեսուրս են, որ տարիներ շարունակ սնում են ամերիկյան տնտեսությունը, առաջ տանում նորարարությունների ոլորտը։ Մրցակցային պայքարը այքարը աշխատատեղերի համար՝ ամերիկյան բիզնեսի համար բարիք է, քանի որ հնարավորություն է տալիս ընտրելու լավագույններին։ Ու սրանով է թերեւս պայմանավորված, որ Իլոն Մասկն ու Վիվեկ Ռամասվամին դեմ են հանդես եկել վիզային ծրագրի չեղարկմանը։ Մասկը հայտարարել է, որ Ամերիկան ծայրահեղ կերպով զգում է տաղանդավոր եւ մոտիվացված ճարտարագետների կարիքը, իսկ Ռամասվամին ավելի հեռուն է գնացել, հայտարարելով, որ ամերիկյան մշակույթը չափազանց երկար ժամանակ է միջակությունը գերադասել կատարելությունից եւ չի խթանել երիտասարդներին՝ մտավոր գործունեություն ծավալելու համար։
Արհեստական բանականության հարցերով Թրամփի խորհրդական Շրիրամ Կրիշնանն էլ, որ ծնունդով հնդիկ է, Հնդկաստանում է ավարտել համալսարանը եւ դարձել է վենչուրային գործարար Միացյալ Նահանգներում, հայտարարել է, որ կողմնակից է այն բանին, որպեսզի հանվեն բոլոր սահմանափակումները Միացյալ Նահանգներ գալու ցանկություն ունեցող բարձր որակավորում ունեցող մասնագետների համար։ Ու դրանով դարձել է արմատական թրամփիստների քննադատությունների համար թիրախ, ովքեր չեն զլացել նույնիսկ հիշեցնել նրան՝ վերջինիս հնդկական ծագումը։ Հիշել են նաեւ, որ Ռամասվամին եւս ունի հնդկական ծագում։ Ի դեպ, փոխնախագահ Ջեյ դի Վենսի կինը եւս ունի հնդկական ծագում։ Ու այստեղ՝ ամերիկյան երեւակայությունն անմիջապես հերթական դավադրապաշտական տեսությունն է հորինում։ Մակարկինը ուշագրավ է համարում հատկապես այն, որ Մասկ-Ռամասվամիի տեսակետի քննադատներին է միացել նաեւ Նիկի Հեյլին։ Սակայն գլխավոր քննադատները՝ աջակողմյան թրամփիստները։ Նրանք հիշեցրել են, որ շնորհակալ են տեխնիկական մասնագետներին, որ մոտեցրել են Թրամփի հաղթանակը, սակայն նրանց չեն պատվիրակել երբեք ձեւավորելու իմիգրացիոն քաղաքականությունը։
Կարծիքներ