Պավլիկ Մանուկյանին Մանվել Գրիգորյանի ճակատագի՞րն է սպասվում

Պավլիկ Մանուկյանին Մանվել Գրիգորյանի ճակատագի՞րն է սպասվում

2018-ին, Փաշինյանն իշխանության գալով, իր հերթական պոպուլիստական քայլն արեց. ազատություն ստացան «Սասնա ծռերը» եւ նրանցից հեռացած Պավլիկ Մանուկյանը: Սակայն եթե ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժող կողմը բողոքարկեր, ապա նրանք նորից շարունակելու էին իրենց պատժի կրումը: Ասել է թե՝ ազատությունը նրանց տրվեց պայմանով, որ ազատության մեջ գտնվելով դուրս չէին գալու Փաշինյանի դեմ: 2016թ-ին ՊՊԾ գունդը գրաված Պավլիկ Մանուկյանը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին աղբարկղն էր նետում եւ դա չէր կարող մոռացվել: Հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներից էր հայտնի դարձել, որ Պավլիկ Մանուկյանն ասել է. «Ժողովրդին ասա՝ Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն…վեդրո ճարեք: Տղեքին ասա, որ Նիկոլին չլսեն»: Մանուկյանը ընդդիմադիր է եղել եւ՛ Սերժ Սարգսյանին, եւ այսօր՝ Նիկոլ Փաշինյանին: Նա մասնակցել է 44-օրյա պատերազմին, իսկ նոյեմբերի 9-ից հետո հաճախ է հանդես եկել Փաշինյանի սուր քննադատությամբ: Փաշինյանի համար 2022-ին նորից եկավ պահը, որ Սասնա Ծռերին եւ Պավլիկ Մանուկյանին զրկի ազատությունից…

2020-ի պատերազմի պարտությունը չավարտվեց նոյեմբերի 9-ին, այն շարունակվեց եւ շարունակվում է մինչ օրս: Թշնամին բոլոր կողմերից անարգել մտնում է ՀՀ տարածք ու դիրքավորվում: Ցանկացած ադեկվատ քաղաքացի եւ քաղաքական ուժ այս իրավիճակում պետք է պահանջեր Փաշինյանի հրաժարականը: Երկրի վիճակի այս անտերությունը փողոց հանեց ընդդիմադիր ուժերին: Ֆրանսիայի հրապարակում Փաշինյանի հրաժարականն էր պահանջում հասարակության ընդդիմադիր հատվածը: Այս շարժման ետնաբեմում կանգնած են ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները: Օպերայի մոտ առանձին շարժում ձեւավորեց «Սեւ Հովազ» ռազմահայրենասիրական հ/կ նախագահ Սերոբ Գասպարյանը, նրան միացավ Պավլիկ Մանուլյանը: Հակաիշխանական հռետորաբանությունն ուժեղացրեց ԱԺԲ-ն: Իսկ երբ Փաշինյանի իշխանությունը սասանվում է, նա պատրաստ է անցնել բոլորի վրայով. հունիսի 3-ին, երբ «Դիմադրության» շարժման երթը հասավ կառավարական առանձնատների մոտ, ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց նրանց նկատմամբ, օգտագործեց լուսաձայնային նռնակներ, ինչի արդյունքում հիվանդանոցներ տեղափոխվեցին տարբեր մարմնական վնասվածքներ ստացած մոտ 60 անձ: Իսկ մինչ այդ տներից բերման էին ենթարկվել Պավել Մանուկյանը, ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը եւ Սասնա Ծռերի մի քանի այլ անդամներ: Ուժի մեջ մտած դատավճռի հիմքով Փաշինյանը վերջիններիս նորից ուղարկեց բանտախցեր:

Պավլիկ Մանուկյանը մինչ Նուբարաշեն ՔԿՀ գնալը արդեն ուներ առողջական լուրջ խնդիրներ: Իսկ այնտեղ այդ խնդիրները սրվեցին: Միայն հարազատների ու փաստաբանների աղմուկից հետո նրան ուղարկեցին Իզմիրլյան ԲԿ՝ վիրահատության: Իսկ հետվիրահատական բուժումն անցկացրին ոչ թե դատապարտյալների հիվանդանոցում, այլ Նուբարաշեն ՔԿՀ-ում, որտեղ նրա առողջական վիճակը նորից կտրուկ վատացել է: Նա գիտակցելով, որ այդ վիճակում իրեն կարճ կյանք է սպասվում, հացադուլ էր հայտարարել: Այդ ժամանակ Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանն ահազանգեց. «Այսօր կալանավայր այցելած փաստաբանի մոտ ամուսնուս` Պավել Մանուկյանին, բերել են գրկած (շալակած) վիճակում: Ամուսինս ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, բանտախցի պայմանները բավարար չեն նրա նման հիվանդին պահելու համար (սկսած բնական կարիքները հոգալու հնարավորությունից մինչև բժշկական օգնության տրամադրում): Նման պայմանների պատճառով նրա առողջական վիճակը ծայրահեղ վատթարացել է»: Ճիշտ է, դրանից հետո Մանուկյանին նորից կարճ ժամանակով տարան Իզմիրլյան ԲԿ, բայց հետո նորից վերադարձրել են, թեեւ ըստ հարազատների, նա դեռ ի վիճակի չէ բանտային պայմաններում ապրել եւ ապաքինվել: Նման իրավիճակների համար օրենքը նախատեսում է ազատազրկվածի պատժի կրումը հետաձգել՝ ապաքինվելուց հետո: Սակայն այս հանգամանքը հաշվի չի առնվում:

Մենք ունենք այն դառը փորձը, որ մարդն իր քաղաքական հայացքների համար մահանում է անազատության մեջ՝ հոգեբանական ու ֆիզիկական խոշտանգումների ենթարկվելով, կամ՝ մահանում է հենց դատարանի դահլիճում: Այդպիսի ճակատագրի արժանացան Հաց բերողը՝ Սերժ Սարգսյանի իշխանության զոհը, Մանվել Գրիգորյանը եւ Արմեն Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը: 

Հ/Գ Պավել Մանուկյանը արցախյան առաջին հերոսամարտի մասնակիցներից է: Ինչպես Մանվել Գրիգորյանի, այնպես էլ Պավել Մանուկյանի նկատմամբ ձեռնարկված քրեական գործերը ադրբեջանցիների սրտից են բխում։