Լարսի մասին խոսելով՝ Բագրատաշենի խնդիրը կլուծվի՞
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վերջապես հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։ Նշենք, որ հեռախոսազրույցը երկու օր ուշացումով է կայացել:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեռ երկու օր առաջ էր հայտարարել, որ պետք է հեռախոսազրույց տեղի ունենա երկու երկրների վարչապետերի հետ, բայց Ավինյանի ասած օրվանից երկու օր անց միայն կայացավ հեռախոսազրույցը, որը պետք է լուծում տար Բագրատաշենում օրերով հերթի մեջ կանգնած հարյուրավոր բեռնատարների կուտակման խնդրին:
Ըստ Ավինյանի՝ Վրաստանի Մառնեուլիի շրջանում հայտարարված կարանտինի պատճառով վրացական կողմն առժամանակ փակել է սահմանը, դրա համար էլ բեռնատարները մնացել են Բագրատաշենում կանգնած:
Իսկ ի՞նչ են խոսել երկու երկրների վարչապետերն այս թեմայով: Ըստ հաղորդագրության՝ ոչինչ: Ընդամենը տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ, որը լրատվությամբ էլ հասանելի է բոլորին, ինչպես նաև քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր:
«Հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով անխափան բեռնափոխադրումներ ապահովելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան կշարունակեն կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին արագորեն արձագանքելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Փաստորեն, արջի նման, մեր իշխանություններն էլ ճանապարհների հետ կապված յոթ երգ գիտեն, յոթն էլ՝ Լարսի մասին: Մի կողմից, խորհրդարանում բարձրացնում են Բագրատաշենում կուտակված մեքենաների հարցը, Ավինյանը խոստանում է, որ հեռախոսազրույցով այդ հարցին լուծում կտրվի, մյուս կողմից՝ զանգում, Լարսից են խոսում: Ի՞նչ կապ ունի Լարսը Բագրատաշենի հետ, որը հեռու է Լարսից ավելի քան 200 կմ: Ի վերջո, մենք նաև Բավրայով ունենք սահման Վրաստանի հետ, որը փակել են, մինչդեռ կարող են բեռնափոխադրման հոսքը մի մասով ուղղորդել նաև այս տարածքով, որ թեթևացնեն Բագրատաշենը: Բայց դարձյալ չեն անում, իրենց ուշքն ու միտքը Լարսն է:
Տպավորություն է, որ եթե նույնիսկ մեր բեռնատարը Բավրայով անցնի Վրաստան ու, ասենք, Նինոծմինդայի շրջանի Եֆրեմովկա և Գորելովկա գյուղերի արանքում ընկնի փոսը և օգնության կարիք ունենա, Հայաստանի վարչապետը զանգելու է Վրաստանի վարչապետին ու դարձյալ Լարսի թեման քննարկի, որ բեռնատարը հանեն փոսից: Սա առնվազն ոչ կոմպետենտության հարց է:
Երկու օր է՝ մենք բարձրաձայնում ենք այս խնդրի մասին, որ Բագրատաշենում կուտակված հարյուրավոր մեքենաների մի մասն է միայն Լարսով Ռուսաստան գնում, մյուս մասն ընդամենը Վրաստան՝ Փոթի և Բաթումի նավահանգիստ վերադարձող բեռնատարներ են, և պետք է վրացական կողմի հետ բանակցել, որ Վրաստան վերադարձող մեքենաները գոնե արտահերթ թույլ տան հատել սահմանը: Բայց լսող չկա: Ընդ որում, մենք տեղեկացանք, որ վրացական կողմը սահմանը հատած բեռնատարներին ուղեկցում, Մառնեուլիից դուրս է հանում, ապա ախտահանում է այդ մեքենաները, նոր թույլ տալիս շարունակել ճանապարհը: Մինչդեռ Հայաստանում նման միջոցառումներ չեն իրականացվում:
Թեպետ նշենք, որ երեկվանից կարծես թե որոշակի շարժ է նկատվում, որոշ մեքենաների սկսել են թողնել հատել սահմանը, բայց կիլոմետրանոց հերթը շարունակում է պահպանվել:
Կարծիքներ